կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-12 12:58
Քաղաքական

Արարատի ընտրությունները քաղաքական լուրջ նշանակություն չունեն. ՀՀԿ-ական պատգամավոր

Արարատի ընտրությունները քաղաքական լուրջ նշանակություն չունեն. ՀՀԿ-ական պատգամավոր

Պետք է ընդունել, որ Արարատի ընտրությունները փոքրիկ մի քաղաքի ընտրություններ էին ու քաղաքական կարեւորագույն նշանակություն չեն կարող ունենալ. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

 

«Ես զարմանում եմ, որ մարդիկ, ովքեր ունեն ե'ւ վստահված անձինք, ե'ւ հանձնաժողովի անդամներ, էլի դժգոհ են: Երեւի բնական է, ու մեր հասարակությունը դեռ չի հասկացել` ընտրությունների ժամանակ մեկը պարտվում է, մյուսը` ընտրվում»,- շեշտեց պատգամավորը եւ հավելեց, թե պետք է գա այն ճշմարտության, որ հաղթողի ձեռքը հարկավոր է սեղմել ու գալ ընդհանուր եզրակացության, սակայն մեր երկրի քաղաքական գործիչները պարտությունը դեռ չեն կարողանում ընդունել:

 

Լրագրողների հարցին` խոսակցություններ են շրջանառվում, որ Արարատում շտապօգնության մեքենաները շրջել ու ընտրակաշառք են բաժանել, քանի որ ՀՀԿ թեկնածուի շտաբի պետը հիվանդանոցի գլխավոր բժիշկն է եղել, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց հարցով. «Իսկ մյուս շտաբի պետը ո՞վ է եղել: Մեծահարուստ չէ՞ր»:

 

Դիտարկմանն ի պատասխան, թե ճշտված է, որ շտապօգնությունում այդ օրվա կանչերը, մյուս օրերի համեմատ, շատ են եղել, Մինասյանը հիշեցրեց, որ ինքը երկու անգամ ամենամեծ համայնքում ընտրվել է թաղապետ եւ հետո պատգամավոր ու սեփական փորձից գիտի, որ եթե ինչ-որ բան կատարվի, բոլորն անմիջապես կիմանան դրա մասին:

 

Մեր դիտարկմանը, թե հենց մարդկանցից ենք նման խոսակցությունները լսում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց` պարտվողի կողմնակիցներն են նման լուրեր տարածում:

 

Իսկ Արարատում ԲՀԿ-ի անցկացրած բազմամարդ միտինգն էլ Մկրտիչ Մինասյանի համար չափանիշ չէ, քանի որ, նրա կարծիքով, եթե միտինգ է կազմակերպվել, ու մարդկանց բերել են միտինգի, դեռ չի նշանակում, որ բոլոր մասնակիցները պետք է ձայն տան տվյալ  թեկնածուին: