կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-07 16:33
Հասարակություն

Թանկացումների դեմ պայքարը հավասար չի ընթանում. Կամո Հովհաննիսյան

Թանկացումների դեմ պայքարը հավասար չի ընթանում. Կամո Հովհաննիսյան

Ինչո՞ւ ոչ մեկս երբեւէ չենք բարձրաձայնել կամ բողոքել, որ թանկացել է շաքարավազը, գազը, լույսը, եւ հիմա համազգային աժիոտաժ են բարձրացրել` տրանսպորտի թանկացման հետ կապված. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, Երեւանի ավագանու անդամ Կամո Հովհաննիսյանը:

 

Ըստ նրա` բնականաբար, բոլորիս էլ` որպես երեւանցու, հայի, բնակչի, դուր չեն գալիս տրանսպորտի թանկացման մասին պտտվող լուրերը, եւ ոչ ոք չի ցանկանա, որ տրանսպորտի սակագինը բարձրանա:

 

«Բայց ուսումնասիրությունների արդյունքում այնպես է ստացվում, որ անհնար է` չթանկանա, քանի որ գծատերերն այլեւս չեն համաձայնում նախկին գնով սպասարկել: Եթե ես էլ տրանսպորտի ինչ-որ միջոց ունենայի, եւ գազի գինը բարձրացնեին, պետք է, չէ՞, համահունչ մի բան գտնեի, որ իմ ծախսերը փակեի»,- ասում է Հովհաննիսյանը:

 

Սակայն, նրա կարծիքով, թանկացումների դեմ պայքարն այնքան էլ հավասար չի ընթանում, քանի որ եթե նայենք, թե վերջին տասը տարիների ընթացքում որքան են թանկացել լույսը, գազը, ալյուրն ու շաքարավազը, ապա տարօրինակ է դառնում այն, որ բողոքում ենք միայն տրանսպորտի թանկացումից:

 

«Ինձ վրա շատ ավելի է ազդել գազի, լույսի, շաքարավազի թանկացումը, քան` տրանսպորտի: Ոչ մեկս այն ժամանակ ձայն չենք հանել. չեմ կարողանում հասկանալ, թե ինչու համահավասար չի գնում այդ բողոքը: Գիտեմ, որ բենզինն ու գազը թանկացել են, եւ նույն այդ «ԳԱԶել»-ի վարորդներն ավելի թանկ գնով են վառելիք գնում: Սակայն տրանսպորտի թանկացումն ինձ հուզում է, ինչպես բոլորին»,-ասաց Հովհաննիսյանը: