Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքապետարանի մոտ մի քանի ամիս շարունակ նստացույց անող երիտասարդներից Սուրեն Սահակյանը թեև տեղյակ չէր քաղաքապետ Տարոն Մարգարյանի` տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին վերջին հայտարարությունից, այնուամենայնիվ, համոզված է, որ տրանսպորտը չի թանկանալու: Ակտիվիստը հիշեցրեց, որ Տարոն Մարգարյանը կես տարի առաջ էլ էր ասում, որ ուղեվարձը պետք է բարձրանա: Իհարկե, որևէ պատրանք չի եղել, որ քաղաքապետարանը չի փորձելու կրկին այդ հարցը բարձրացնել, բայց և կա վստահություն, որ քաղաքի մի ստվար զանգված, դեմ լինելով ուղեվարձի բարձրացմանը և արդեն մեկ անգամ ստիպելով պատասխանատուներին` հետ կանգնել այդ որոշումից, կստիպի երկրորդ անգամ ևս հետ կանգնել:
«Ես էլ ասում եմ, որ հաստատ չի բարձրանալու ուղեվարձը: Քաղաքացիները երկրորդ անգամ ավելի լավ են ստիպելու, այնպես են ստիպելու, որ քաղաքապետարանում մոռանան ուղեվարձի բարձրացման մասին»,- համոզված է Սուրեն Սահակյանը:
Տարոն Մարգարյանի առաջ քաշած հիմնավորումները` որակի հետ կապված, ակտիվիստը չի ընդունում, որովհետև անգամ 100 դրամ սակագնի դեպքում, երբ գծատերերը ապահովում էին գերշահույթ, որակը շատ հեռու էր ցանկալիից: Նա նշեց, որ իրենց պայքարին միացել են նաև մի քանի քաղաքական կուսակցությունների` «Հայազն», ՀԱԿ և «Ժառանգություն», երիտասարդական թևերը: Ընդ որում` պայքարին միացել են ոչ թե որպես քաղաքական միավորներ, այլ որպես քաղաքացիներ:
Հարցին` կա՞ արդյոք գործողությունների ծրագիր, թե ինչպես են պայքարը շարունակելու, Սուրեն Սահակյանը նշեց, որ գործողությունների ծրագիր, որպես այդպիսին, չկա, բայց պասիվ գործողություններին փոխարինելու են ոչ տրամաբանական ակտիվ գործողությունները, որպեսզի դրանք ոչ մի կերպ հնարավոր չլինի կանխել: Եթե մինչ այժմ ակտիվիստների կողմից նստացույցն օգտագործվել է որպես գործիք` պատասխանատվության ինստիտուտը բարձրացնելու համար, ապա այսուհետ փոխվելու է գործիքակազմը:
«Տարոն Մարգարյանը ստում է, նա անհանգստացած է ոչ թե որակի, այլ առաջվա շահույթն ապահովելու համար: Եվ հետո ոչ ոք չի խանգարում, որ Տարոն Մարգարյանն իր գծերը` 5-ը և 32-ը, անվճար դարձնի, քաղաքացիները դա միայն կողջունեն»,- ասաց ակտիվիստը: