կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-22 17:52
Քաղաքական

Տարոն Մարգարյանն օրական 4 ժա՞մ է քնում

Տարոն Մարգարյանն օրական 4 ժա՞մ է քնում

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՊՃՇՀ ռեկտոր, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանն այսօր Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ բերեց երեք պատճառ, թե ինչու պետք է մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ընտրել Տարոն Մարգարյանին (ի դեպ, շեշտեց, ոչ թե ՀՀԿ-ին, այլ հենց Տարոն Մարգարյանին):

 

Այսպես` առաջին պատճառը, ըստ Թոքմաջյանի, այն է, որ նա «իր ամբողջ հիմքերով դուրս է եկել այս հողից»: Ռեկտորը չզլացավ հիշեցնել, որ թեեւ Տարոն Մարգարյանը 35 տարեկան է, բայց արդեն 5 երեխա ունի: Ուշագրավ մի փաստ եւս, նա նաեւ երաշխավորեց, որ Տարոն Մարգարյանի երեխաներն էլ են այստեղ` Երեւանում ապրելու, «ամերիկաները չեն գնալու»:

 

Երկրորդ պատճառն, ըստ Թոքմաջյանի, այն է, որ Տարոն Մարգարյանը «նորմալ ընտանեկան դաստիարակություն է ստացել, ծնվել է նահապետական ընտանիքում, ինչն էլ շատ կարեւոր է»:

 

Երրորդ պատճառն այն է, որ «Տարոն Մարգարյանը միշտ եղել է իր հոր արժանավոր զավակը եւ ինքնուրույն ճանապարհ է անեցել»: «Նա երբեք չի օգտվել Անդրանիկ Մարգարյանի կողմից տրված մեծ իրավունքներից, այլ շարունակել է իր հոր պես բեռ քաշել եւ շարունակում է բեռ քաշել` օրական 20 ժամ է աշխատում»,- հայտարարեց Թոքմաջյանը:

 

Նա նշեց, որ իրենց համար դժվար չէ մեծ բաներից, մեծ խոստումներից խոսել, բայց «երբ մարդը լուրջ պատասխանատվություն է զգում, մեծ խոստումներ չի տալիս»:

 

Թոքմաջյանը խոսեց նաեւ Փակ շուկայի մասին եւ հայտարարեց, որ ավագանու անդամները քաղաքապետին հանգիստ չեն տալու եւ պահանջելու են, որ ծածկը պահպանվի, «ուզում է տակը 10 հարկ սարքեն»: Նա հայտարարեց, որ վստահում է Տարոն Մարգարյանին, մայիսի 5-ին գնալու եւ քվեարկելու է Տարոն Մարգարյանի օգտին:

 

Ինչպես բոլոր ելույթ ունեցողների, այնպես էլ Թոքմաջյանի խոսքում գոնե մեկ անգամ ՀՀԿ-ի անունը չհնչեցվեց` չնայած սրանք ավագանու ընտրություններ են, մարդիկ էլ ձայն են տալու կուսակցությունների ցուցակներին: