Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային արխիվում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցին: Դաշնակցության հիմնադիր անդամներից եւ ազգային նշանավոր գործիչներից մեկին նվիրված հերթական միջոցառումը, արխիվային նյութերի ցուցադրությամբ, լուսաբանում էր Զավարյանի կենսագրությունը եւ ծավալած գործունեությունը: Այդ գործունեության առավել իմաստալից եւ ընդգրկուն պատկերն ուրվագծելու համար ներկայացված էին նաեւ առնչվող կուսակցական փաստաթղթեր, վկայություններ, լուսանկարներ եւ այլ նյութեր:
Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Ամատունի Վիրաբյանը: Նա շեշտեց, որ արխիվն իր այս ցուցադրությամբ փորձել է առավել ամբողջական ներկայացնել 19-րդ դարի վերջերին թափ առած ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից մեկին: Նա հակիրճ անդրադարձավ նշանավոր գործչի կողմից ստեղծված եւ նրան առնչվող այն կարեւոր փաստաթղթերին, որոնք գտնվում են արխիվի տնօրինության ներքո եւ այս կարեւոր առիթով ներկայացվում են հանրությանը:
Այնուհետեւ խոսքը տրվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս միջոցառումը սոսկ հարգանքի տուրք չէ Զավարյանի հիշատակին: «Կարեւոր է մեր օրերում կուսակցական, պետական եւ, առհասարակ, հանրային շրջանակների համար Զավարյան անհատի գործունեության լուսաբանումը: Զավարյանի կյանքն ու գործունեությունը ուսանելի դաս է` թե' բարոյական, թե' քաղաքական ու թե' հասարակական իմաստով»,- շեշտեց նա:
«Զավարյանը համարվում էր կուսակցության խիղճը, նա չափանիշ էր ազնվության ու ինքնազոհաբերման: Զավարյանի խոսքը խարազանող մտրակ էր նախ իր, ապա եւ ուրիշների համար, որ պահանջում էր անկեղծ նվիրում, պահանջկոտություն ու նաեւ ինքնաքննադատություն: Բարոյականությունը նա արժեւորում էր որպես հիմք կուսակցական ու քաղաքական գործունեության համար: Այսօրվա մեր իշխանությունը եւս շատ դասեր կարող է սերտել Զավարյանի թողած ժառանգությունից: Ապակենտրոնացման սկզբունքի հիմնական գաղափարախոսներից լինելով` Զավարյանն այդ գործելակերպի հիմքում տեսնում էր կառավարման ժողովրդավար ձեւը: Դրա մեջ էր նա տեսնում կուսակցության ուժը, անհատների ու կառույցների ինքնադրսեւորման հնարավորությունը: Միաժամանակ, ըստ Զավարյանի, դա մի սկզբունք է, որ հավաքական ու ժաղովրդավար կառավարման հնարավորություն էր ապահովում` առհասարակ: Այս իմաստով եւս Զավարյանը լավ ուսուցիչ է մեր օրերի համար: Եվ մասնավորապես մեր պետության համար»,- նշեց Հրանտ Մարգարյանը:
Այնուհետեւ խոսքը տրվեց ՀՀ պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին: Նա անդրադարձավ Զավարյանի գործունեության տարբեր փուլերին, կարեւորեց նրա առանձնահատուկ դերակատարությունը ազգային ազատագրական պայքարի մեջ: Պարոն Մինասյանը կարեւորեց նաեւ այն ցուցադրությունը, որով ազգային արխիվը կարողացել է պատկերացում ստեղծել Զավարյան անձի եւ հասարակական, ազգային ու քաղաքական գործչի վերաբերյալ:
Ներկաները հետաքրքրությամբ ծանոթացան ցուցադրված նյութերին: Ինչպես նշեց արխիվի տնօրենը, Զավարյանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչեւ տարեվերջ:
Հիշեցնենք, որ Դաշնակցության հիմնադիր անդամի մահվան 100-րդ տարելիցին նվիրված հաջորդ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին` Սիմոն Զավարյանի ծննդավայր Այգեհատ գյուղում՝ անմահ հայորդու շիրիմի մոտ: