Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներից մեկը կայացած արխիվային համակարգ ունենալն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Խորհրդային տարիներից հետո` 1990-ականներին, արխիվ հավաքելու գործում մեծ դժվարություններ առաջացան, սակայն հաջողվեց հավաքել հավերժ պահպանման ենթակա փաստաթղթերի 95 տոկոսը. պատմական եւ գիտական արժեք ունեցող գրեթե բոլոր փաստաթղթերը կան:
Արխիվում չեն պահպանվել միայն աշխատավորների արխիվային ցուցակները: Դրանք վերականգնել հնարավոր է միայն դատական համակարգի միջոցով. մարդիկ իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ փաստաթղթերը կարող են վերակազմել` դատարանի համապատասխան որոշումը ստանալուց հետո:
Բացի աշխատանքային ցուցակներից, արխիվը չի կարողացել ձեռք բերել նաեւ մի քանի կարեւորագույն փաստաթղթեր: «2006-ին մենք ձեռնամուխ եղանք անկախ Հայաստանի փաստաթղթերի հավաքմանը, եւ ներկայումս միայն մեկ փաստաթուղթ չունենք` Լեւոն Տեր- Պետրոսյանի ստորագրությամբ անկախության հռչակագիրը: Նշեմ, որ այդ փաստաթղթից եղել է երեք օրինակ, որոնցից մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ է, մեկը` Արամ Մանուկյանի, իսկ երրորդը` հավանաբար Բաբկեն Արարքցյանի»,- ասաց ազգային արխիվի տնօրենը:
Անդրադառնալով նախագահական ընտրությունների արխիվներին` Ա.Վիրաբյանն ասաց, որ Հայաստանում եղել են միայն երկու ընտրություններ, որոնք չեն կեղծվել` հանրապետության նախագահի առաջին ընտրությունները եւ հանրաքվեն:
Այսօր Հայաստանի ազգային արխիվում 300 հազար արխիվային գործ է հավաքվել, նաեւ 350 միլիոն գրավոր փաստաթուղթ: Ա. Վիրաբյանը նշեց, որ այսօր օրենքով հաստատված գաղտնի փաստաթղթեր չկան, միայն որոշ փաստաթղթերի հրապարակումը սահմանափակվում է` ելնելով անձի իրավունքների պաշտպանությունից եւ ազգային շահերից:
Ներկայումս ազգային արխիվն ունի բավարար պայմաններ` փաստաթղթերը եւ կարեւոր նշանակության իրերն անվնաս պահպանելու համար. գործում են տաք եւ սառը օդի միջոցով հատուկ ամառային եւ ձմեռային ջերմաստիճաններ ապահովող սարքեր: Վերջերս ձեռք են բերվել 25 հազար եվրո արժողությամբ հատուկ գերժամանակակից սարքեր, որոնք մեկ օրվա ընթացքում 2000 թերթ փաստաթուղթ են թվայնացնում: