կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-19 15:06
Հասարակություն

ՊՆ, ԱԳՆ, ԱԱԾ փաստաթղթերն արխիվում կհայտնվեն 24 տարի անց

ՊՆ, ԱԳՆ, ԱԱԾ փաստաթղթերն արխիվում կհայտնվեն 24 տարի անց

Անկախության տոնի նախօրեին ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը լրագրողների հետ զրուցեց անկախության տարիներին ձեռք բերված արխիվային փաստաթղթերի մասին:

Նա նշեց, որ հաճախ արխիվը համեմատում են պետական խորհրդանիշերի հետ, որովհետև արխիվը պետության, ժողովրդի հիշողությունն է, այնտեղ պահվում է պետության և ժողովրդի պատմությունը:

«26 տարիների ընթացքում կարողացել ենք հավաքել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել այն ամենը, ինչ եղել է մեր երկրում: Դրանք առաջին հերթին պետական մարմինների, հիմնարկների փաստաթղթերն են, որոնք մենք պարբերաբար համալրում ենք: Կան ընդամենը երեք պետական մարմիններ, որոնք իրենց փաստաթղթերն առայժմ արխիվ չեն հանձնում, իրենք են պահում: Դրանք են` ՊՆ-ն, ԱԳՆ-ն  և ԱԱԾ-ն: Մնացած բոլոր պետական մարմիններն իրենց փաստաթղթերը հանձնել են արխիվ»,- տեղեկացրեց Վիրաբյանը:

Նա ասաց, որ օրենքի պահանջից է բխում, որ այդ կառույցների փաստաթղթերը դեռ արխիվ չեն հանձնվել, 50 տարի հետո նոր կհանձնվեն արխիվ:

Վիրաբյանը նաև հայտնեց, որ Ազգային արխիվն այս տարի ստացել է ՀՀ առաջին նախագահի նախագահության շրջանի` մինչև 1997 թվականի փետրվար ամսվա փաստաթղթերը:

«Մինչև 1995 թվի Գերագույն խորհրդի փաստաթղթերը պահվում էին արխիվում, իսկ մնացած փաստաթղթերն ընդունում ենք հիմա: 1995, 1995-1999, 1999-2003 թվականների ԱԺ առաջին և երկրորդ գումարումների փաստաթղթերը` 8 տարվա, հիմա ենք ընդունում»,- ասաց արխիվի տնօրենը, ապա նշեց, որ կառավարության` մինչև 2005 թվականի փաստաթղթերն են նաև այս տարի ընդունում:

Նրա խոսքով` այս տարի առաջին անգամ Ազգային արխիվը սկսել է ընդունել դատարանների փաստաթղթերը:

Վիրաբյանը նշեց, որ փաստաթղթերն ընդունելու հետ կապված այժմ խնդիրներ կան, քանի որ իրենք այդ փաստաթղթերն ընդունում են էլեկտրոնային տարբերակով, սակայն այս ուղղությամբ էլ են կատարվում մեծ ծավալի աշխատանքներ, և խնդիրն իրենց համար առաջնային է: