Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ճեպազրույցում, խոսելով Մաքսային միության հետ ՀՀ անդամակցության նախապատրաստական աշխատանքների և ստորագրվելիք հնարավոր փաստաթղթերի մասին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտնեց, որ դեռևս չունեն շատ տեղեկություններ:
«Ընդհանուր ինֆորմացիա ունենք, բայց մանրամասն դեռ չենք քննարկել մեր կուսակցությունում: Բնականաբար, լիարժեք ինֆորմացիա կստանանք, երբ կհանդիպենք երկրի նախագահի հետ: Թաքցնելու խնդիր չկա, դրանք երկար ընթացող պրոցեսներ են»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ն դրական մոտեցում ունի` վերոնշյալ խնդրի հետ կապված, քանի որ այն, ինչ այսօր վերաբերում է ՄՄ-ին, բնականաբար, ձևավորվել է ՀՀԿ-ում, և, ըստ Գալուստ Սահակյանի, իշխանությունները պետք է կարողանան շատ աշխատել, որ հնարավորություն ունենան շահեկան պայմաններ ստեղծել Հայաստանի համար:
Ինչ վերաբերում է «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագծի հետ կապված` Զարուհի Փոստանջյանի այն համոզմանը, թե Գալուստ Սահակյանին ու Հովիկ Աբրահամյանին բարձր աշխատավարձեր պետք չեն, նա պատասխանեց. «Ցինիզմ է: Բոլորին աշխատավարձ պետք է, նման դեմքերին պետք է ասել, որ ոչ թե Հովիկ Աբրահամյանի կամ Գալուստ Սահակյանի համար է այդ աշխատավարձը, այլ այդ պաշտոնների համար. հետո այլ մարդիկ են գալու այդ պաշտոններին»:
Պատասխանելով yerkir.am-ի հարցին` մասնավորապես ի՞նչ իմիջ է բարձրանալու քաղաքական էլիտայի աշխատավարձերի բարձրացմամբ, այն դեպքում, երբ երկրի իմիջին զգալի վնաս են հասցնում աղքատությունը, արտագաղթը և մնացած սուր խնդիրները, Գալուստ Սահակյանը նշեց, որ նաև այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է, որ բարձրացվեն քաղաքական էլիտայի աշխատավարձերը, քանի որ բարեփոխումներ կարող են իրականացնել մասնագետները, իսկ դրա համար այդ մասնագետը պետք է բարձր աշխատավարձ ստանա:
«Բարձր պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան, իսկ դրա համար նրանք պետք է նորմալ աշխատեն: Որպեսզի արտագաղթ չլինի, մեր պետությունը պետք է կարողանա չափվել այլ պետությունների հետ: Միջազգային արենայում չենք կարողանում մեր դրսևորումները առաջ տանել, անընդհատ կոպեկներ ենք հաշվում գործուղումները կրճատելու համար: Մենք միշտ սուղ միջոցներով ենք փորձել միջազգային հարթակում խնդիրներ լուծել: Զորավոր է այն հասարակությունը, որը կարողանում է ունենալ ապահովված իշխանություն, որն էլ իր հերթին կպարտավորվի երկրում խնդիրներ լուծել»,- ասաց նա: