կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 14:17
Տնտեսական

Ալյուրի հարստացման պատճառը աղքատությունն է

Ալյուրի հարստացման պատճառը աղքատությունն է

Ալյուրի հարստացման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը աղքատ երկիր է, և մեր սննդակարգում չկա այնպիսի սննդամթերք, որը հարուստ են երկաթով: «Հետևաբար, կառավարությունը հարստացնում է ալյուրը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հաց ուտող ժողովուրդ ենք»,- նշում է առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը:

 

Ալյուրի 85 տոկոսը կառավարության նախագծով հարստացվելու է երկաթով, ֆոլաթթվով և ցինկով: Այս միկրոտարրերի բացակայությունը, ըստ առողջապահության նախարարության, հանգեցնում է սակավարյունության, մեծացնում սրտի կաթվածների թիվը:

 

Կենսաքիմիկոս Սուսաննա Բաղդասարյանը վստահեցնում է, որ մարդու օրգանիզմում կարող է երկաթի բավարար քանակ լինել, բայց, այնուհանդերձ, լինի սակավարյունություն: Ըստ կենսաքիմիկոսի` վիտամին C-ի պակասը նույնպես կարող է հանգեցնել սակավարյունության:

 

Առողջապահության նախարարությունն այս տարվա աշնանը պատրաստվում է հերթական ուսումնասիրությունն իրականացնել 6000 երեխաների շրջանում` պարզելու համար, թե ինչ թիվ են կազմում ցածր քաշով և անհաս երեխաները: Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշում է, որ ոչ թե երկաթ է ավելացվում ալյուրի մեջ, այլ վերականգնվում է այն երկաթի քանակը, որը կորչում է ցորենն աղալու ընթացքում:

 

Ալյուրի` 85 տոկոսով հարստացումը նաև առաջացնում է սպառողների շահերի հետ կապված խնդիր: Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի` քաղաքացին զրկվում է ազատ ընտրության հնարավորությունից, քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք չեն ցանկանում սնվել միկրոտարրերով հարստացված ալյուրով: