Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում մի նուրբ աղջիկ է ապրում` Աննա Ղուկասյան: Նա այնքան նուրբ է ու նիհար, որ նրան պաշտպանելու ցանկություն է առաջանում: Բայց դա` առաջին հայացքից: Երբ տեղեկանում ես նրա ֆիզիկական տվյալների մասին ու տեսնում նրա ազգային ոգին ու հայրենասիրության մասշտաբները, պարզ է դառնում, որ ևս 10 այդպիսի աղջիկ, և Հայաստանին ու Արցախին այլեւս ոչինչ չի սպառնա:
Կրթությամբ` լրագրող, իսկ մասնագիտությամբ ուշուիստ Աննա Ղուկասյանը Արցախի «Հայ սև գոտիների ակադեմիա» (ABBA, նույն` ԼՂՀ ուշուի ֆեդերացիա) ամենաառաջին մարզիկներից է ու նաև մարզիչ: Ակադեմիայի հիմնադրման նպատակն է Արցախում ունենալ 10 հազար զինվոր: Թեև Աննան ծնվել ու մեծացել է Երևանում, սակայն նրա հայրը 1997-ին ընտանիքով տեղափոխվել է Արցախ` շարունակելու պատերազմում զոհված եղբոր` Վահան Ղուկասյանի կիսատ թողած գործը` Հայոց բանակին ծառայելը: Հենց զոհված հորեղբայրն է ազդել մատղաշ աղջկա գաղափարական, ազգային մտածողության վրա` նրան դարձնելով անվախ ու մարտնչող:
Աննան պատմում է, որ հորեղբայրը զոհվել է 1992թ. Արցախյան պատերազմի ամենաթեժ մարտերից մեկի ժամանակ, երբ արցախյան հետևազորի ուժերը դուրս էին եկել ադրբեջանական ծանր հրետանու դեմ: «Ավոյի ջոկատից էր, Աղասու պես խենթ տեսակ, կարող էր մարտի դաշտում դուրս գալ ու գոռալ. «Էտ ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում, հայոց մեծ ազգի՞»: Զոհվել է ընկերոջը փրկելիս: Ընկերը վիրավոր ընկած էր փոսի մեջ: Այդ ժամանակ Ավոն նահանջի հրաման էր տվել. նահանջեն, որ ավելի մեծ ուժերով գնան առաջ: Չի կարողացել ընկերոջը թողնել վիրավոր: Բոլորը նահանջել են, վերջին պահին ընկերոջը գրկած դուրս է եկել ու դեմ դիմաց հանդիպել հրետանու կրակահերթին: Այդպես ընկերոջը գրկած զոհվել է: Երբ նրա դիակը բերել են տուն, նրա մարմնի վրա գնդակների անցքերը նման էին վզնոցի,- հիշում է Աննա Ղուկասյանը ու ավելացնում,- նա 88-ի երկրաշարժը չէր տեսել: Ես փոքր երեխա էի ու հիշում եմ մի ազդեցիկ դեպք, երբ հեռուստացույցով ցույց տվեցին երկրաշարժի ավերածությունների կադրերը, աթոռից վեր կացավ, կանգնեց, գլուխը բռնեց: Հոնգուր-հոնգուր լաց էր լինում ու գոռում. «Տեր Աստված, էս ի՞նչ տառապանք է տեսնում իմ ազգը»:
Աննայի խոսքով` քանի անցնում է ժամանակը, այնքան հայրենիքը ավելի ու ավելի մեծ արժեք է դառնում, իսկ հային սիրելը` մոլուցք: Վերջերս անգամ Փարիզում բնակվող հայրենակցի ամուսնության առաջարկն է մերժել, քանի որ չի կարող ապրել Արցախից դուրս:
«Կհավատա՞ք` Արցախից պոկվել չեմ կարողանում: Փորձեցի ամեն ինչ անել, որ ինքը գա Հայաստան կամ Արցախ, բայց չստացվեց, այդպես ես էլ Փարիզ չգնացի: Ես ինչ անում եմ, ուր գնում եմ, իմ աչքի առաջ են գալիս պատերազմական գործողությունները, դժվարությունները, կռված տղերքը, զոհված տղերքը, ու ինձ մոտ տպավորություն է, որ, Արցախից գնալով, ես անարգում եմ նրանց հիշատակը»,- ասում է արցախցի մարզիկը:
Արցախի «Հայ սև գոտիների ակադեմիայում» միայն ֆիզիկապես չեն մարզվում: Այնտեղ նշանաբան կա` առողջ մարմին, արթուն միտք և ազնիվ հոգի: Մարզումները սկսվում են «Հայր մեր» աղոթքով, իսկ մարզումներից հետո Աննան, որպես մարզիչ, զրուցում է մարզիկների հետ հայ պատմության հերոսական էջերից` Ավարայրի ճակատամարտից, քրիստոնեությունից, հայ ազգի հերոսներից:
«Օրերս նայում էի մի տեսագրություն` հարցում Երևանի փողոցներում, հայ երիտասարդներն ու պատանիները չէին կարողանում որևէ հայ հերոսի անուն ասել: Ինչ ցավ ապրեցի, երբ երիտասարդներից մեկն ասաց` Խորեն Լևոնյան, այսինքն` ինքը նայել է «Մի վախեցիր» ֆիլմը ու տեսել Խորեն Լևոնյանին ազատամարտիկի դերում: Այնինչ մեր ամենափոքր մարզիկները գիտեն Մոնթեի, Բեկորի, Ազգալդյանի և այլ հերոսների կենսագրությունները»:
Աննայի երազանքը` ծառայել Հայոց բանակում, այդպես էլ իրականություն չի դարձել: Բայց հորը նախապես ասել է, որ եթե պատերազմ սկսվի, ինքը հաստատ գնալու է մարտի դաշտ. կավելացնի հայկական հողերը, բայց հաստատ թույլ չի տա պակասեցնել: Աննան կրակել գիտի, «Կալաշնիկով»-ը հավաքում էր մի քանի տարի առաջ 23 վայրկյանում, իսկ հիմա` ավելի արագ: Զենքը նրա կյանքի լավագույն ընկերն է, հիմա միայն սառը զենք ունի: Աննայի համոզմամբ` Աստված մի արասցե, եթե պատերազմ սկսվի, բոլորը համախմբվելու են, անգամ այն մարդիկ, ովքեր ասում են, որ կլքեն Հայաստանը:
«Ես` Աննա Ղուկասյանս, 29 տարեկան, ՀՀ քաղաքացիս, պատրաստ եմ հենց այսօր զենք վերցնել ու գնալ պատերազմ, բայց էս հողից մի կտոր չի պակասելու, մեր տղերքի արյունը այդպես չի անցնելու»,- ասում է Աննան:
Մեր միամիտ հարցին` եթե ադրբեջանցին դուրս գա իր դիմաց, կկարողանա՞ կողմնորոշվել, պատասխանեց. «Ինչ մարտարվեստի ունակություն որ ունեմ, մինչև արյանս վերջին կաթիլը կտամ, բայց նրան կտապալեմ, այո', արյունս եռում է: Ինչ ունեմ-չունեմ կտամ, միայն մեր ազգը բարձրանա»:
Աննայի կոչը հայ երիտասարդներին հետևյալն է` եկեք մեր արածով նախ պիտանի լինենք երկրին, որ բաց ճակատով պահանջենք իշխանություններից ինչ-որ բան, այլ ոչ թե քաղաքացին ոչինչ չանի, բայց պահանջի:
«Հայ աղջիկների թիթիզությունն էլ պիտի մի քիչ մաղվի: Հիմա իմ մեջ որևէ տղայական բան կա՞: Ուժը կարող է շատ լավ համադրվել գեղեցկության հետ: Ընտանիքում կարող ես քնքուշ լինել, բայց մարտի դաշտում` նույնքան առյուծ, որքան քո ամուսինն է կամ եղբայրը: Բոլոր հայ աղջիկները պետք է իմանան մեր պատմության հերոս կանանց մասին»,- ասում է Արցախի անվախ դուստրը:
Մելանյա Մելքումյան