կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 15:08
Հասարակություն

Սահմանը հատած քաղաքացին վարել է թափառական կյանք, բանակում երբևէ չի ծառայել. նոր մանրամասներ

Սահմանը հատած քաղաքացին վարել է թափառական կյանք, բանակում երբևէ չի ծառայել. նոր մանրամասներ

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։ 

ՀՀ ոստիկանության կողմից կատարված ստուգումներով եւ ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված` 16․11․1974 թ. ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։ Զ․Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․ Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։ 1978 թ. Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ. եւ տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։

1994 թ. աշնանը Զ.Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք եւ մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված եւ իրեն հատկացված տնակում։

Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004 թ. հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում եւ նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել է անձնագիր։

Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։

Զ․Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։

Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել եւ վաճառել է իր տնակը եւ դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։

Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերեւույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։

ՀՀ ոստիկանություն