Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ուզում եմ բժիշկ դառնալ: Սկզբում ապերներիս կբուժեմ, հետո` մյուսներին. չեն նեղանա, չէ՞, մյուսները: Բայց ո՞նց բժիշկ դառնամ. դասատուս ասում ա` պիտի լավ սովորես, որ լավ,- ինչ են ասում, է,- հա, մասնագետ դառնաս, իսկ ես էս տարի դպրոց չգնացի. փող չկա»,- ասում է 8-ամյա Արտակը:
Արտակն այս տարի պետք է հաճախեր 2-րդ դասարան, սակայն գրենական պիտույքներ եւ հագուստ չունենալու պատճառով ստիպված է տանը մնալ: Ասում է, որ հոգնել է տանը մնալուց. «Որ տեսնում եմ երեխեքը դպրոցից հոգնած տուն են գալիս, նախանձում եմ: Տանը մնում եմ, ամբողջ օրը դրսում եմ լինում, բայց ուզում եմ դաս սովորել: Հեսա ձմեռն ա գալու, տանն էդքան ի՞նչ եմ անելու: Ես էլ եմ ուզում դասից հոգնած տուն գալ»:
Ղազարյան Արուսյակը 2003 թվականից ապրում է Հույսի ավան թաղամասում: Տիկին Արուսյակն ունի 8 երեխա, եւ տան միակ եկամուտը ամուսնու աշխատավարձն է: Ամուսինը բանվորություն է անում. մի օր գործ կա, հաջորդ օրը` ոչ: Տիկին Արուսյակին երկու հոգս է տանջում` տղաներից երեքը դպրոցահասակ են, բայց միջոցներ չունեն` նրանց դպրոց ուղարկելու համար:
«Երեխաներիցս երեքն էլ դպրոցահասակ են. Արթուրը` 13, իսկ Արմանս ու Արկադս` 8 տարեկան են: Անցած տարի գնացել են դպրոց, բայց այս տարի ամռանն այդպես էլ չկարողացա մի երկու կոպեկ հետ գցել, որ երեխաներին դպրոց ուղարկեմ: Լավ է` մեծ տղայիս գոնե մինչեւ 8-րդ դասարան ձգեցինք, հետո 8-ից հանեցինք դպրոցից: Հիմա երեխեն մեկ-մեկ գնում, հորն է օգնում: Երբ ծանր աշխատանքն է լինում անելու, օգնում է, ի՞նչ անենք` պիտի ապրենք»,- ասում է տիկին Արուսյակը` հավելելով, որ միայն դպրոցական պարագաները չեն խնդիրը, քանի որ երեխաները հագուստ էլ չունեն. «Կոշիկ, տաբատ, անդրավարտիք է պետք: Ընդհանրապես չունեն: Այն, ինչ հագնում են, տանը հագնելու բան էլ չէ»:
Արուսյակի տղաներից երկուսը շաքարախտով են տառապում: Երկու տարին մեկ անգամ երեխաները պառկում են «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, անցնում հերթական բուժման կուրսն ու երկու տարով մոռանում, որ շաքարախտ գոյություն ունի:
«Այս տարի արդեն ժամանակն է` հիվանդանոց պառկեցնելու, բայց միջոցներ չունեմ: Ճիշտ է, բուժումն անվճար է, բայց ամեն օր պետք է, չէ՞, գնաս երեխաների մոտ, սնունդ տանես: Քո տանը մի կերպ յոլա ես գնում, իսկ հիվանդանոց ի՞նչ պետք է ամեն օր տանես` երեխեքին կերակրելու համար: Տանը, չնայած փորձում եմ այն, ինչ չի կարելի շաքար ունեցողներին, շատ չպատրաստել, բայց, դե, մեծ մասամբ եփում եմ այն, ինչ ունենում ենք»,- ասում է տիկին Արուսյակը:
Տիկին Արուսյակի մեծ աղջիկը 23 տարեկան է, երկու երեխա ունի եւ ամուսնու հետ միասին մոր տանն է ապրում, քանի որ տուն չունեն, եւ հետո, ինչպես տիկին Արուսյակն է ասում, միասին հեշտ է էս ամենի միջով անցնելը:
Տիկին Արուսյակը շատ է ցանկանում աշխատել, սակայն նրան աշխատանքի չեն ընդունում, քանի որ փսորիազ ունի` ձեռքերը պատված են բշտիկներով. «Մարդիկ չգիտեն, որ փսորիազը վարակիչ հիվանդություն չէ: Նայում են ձեռքերիս ու խուսափում ինձ հետ շփվել: Ո՛չ տրանսպորտ եմ կարողանում նստել, ո՛չ էլ հասարակական ինչ-որ վայր գնալ. բոլորը ուրիշ ձեւ են ինձ նայում»:
12-ամյա Արթուրն այս տարի պետք է փոխվեր 5-րդ դասարան: Արթուրը մեծի իրավունքով այժմ տան փոքրերին է հսկում, փորձում այդկերպ մորն օգնել. «Մեծանամ, մի բան կդառնամ, էլի: Բայց պետք է լավ սովորեմ, որ մի բան դառնամ, իսկ սովորելու համար պետք է դպրոց գնալ` էդքան բան»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ