Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համամիտ չէ այն տեսակետին, որ հանրությունը կառավարության կազմից նոր սպասումներ ուներ, մասնավորապես` անձերի փոփոխության առումով: Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այդ տեսակետը ոչ պրոֆեսիոնալ մեսիջ է, եւ որ եթե կոստյումդ փոխում ես, ավելի գեղեցիկ չես դառնում:
«Հանրությունը սպասում է, թե ինչպիսի հետեւանքներ կունենան առաջիկայում այն ծրագրերը, որ ներկայացրել ենք: Որոշողը մենք ենք, պատասխանատվությունը մերն է, եւ մենք գտնում ենք, որ այս թիմը պետք է իրականացնի այդ ծրագրերը»,- հայտարարեց նա:
Սահակյանը համաձայն չէ նաեւ այն տեսակետին, որ կառավարության քիչ, թե շատ աշխատող երկու նախարարներ, լավ մասնագետներ պաշտոնանկ արվեցին: Նա վստահեցրեց, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը լուրջ պաշտոն է, որը զբաղեցնելու է ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը: Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ լինելն էլ պակաս կարեւոր պաշտոն չէ, քան էկոնոմիկայի նախարար լինելը:
Մեր դիտարկմանը, որ մի շարք նախարարություններից դժգոհ էին, բայց դրանց ղեկավարները շարունակում են պաշտոնավարել, Սահակյանը արձագանքեց, թե դրանք բողոքներ չի որակի, «պարզապես պահանջները, ցանկությունները առավել են, քան դրանց իրականացման հնարավորությունները»:
Հարցին, թե ինչո՞ւ նոր, թարմ դեմքեր չնշանակվեցին կառավարության կազմում, նա պատասխանեց, որ նրանք, ովքեր կարողանում են «իրենց դերակատարումն իրականացնել, պետք է իրականացնեն, անկախ հնից ու նորից, եթե մարդն աշխատում է, պետք է աշխատի, եթե ոչ` ոչ»:
Ի պատասխան հարցին, թե տարիներ շարունակ աշխատած մի շարք նախարարներ հոգնած կլինեն, Սահակյանը «հոգնած»-ը վատ բառ որակեց, հետո հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ մարդն իր էությամբ հոգնելու կարողություն ունի»: