Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը և Արթուր Բաբլոյանն իրար հետևից սենսացիոն հայտարարություններ արեցին: Մասնավորապես` Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է Վահե Ավետյանին բոլոր վնասվածքները հասցրել: Գարիկ Մարգարյանն ասաց, որ ինքը հարվածել է գործով տուժող Արտակ Բայադյանին, Արթուր Բաբլոյանն էլ, իր հերթին, հայտարարեց, թե ինքն էլ հարվածել տուժող Գարիկ Սողոմոնյանին:
Նշենք, որ դատաքննության ընթացքում ինչպես Գարիկ Մարգարյանը, այնպես էլ Արթուր Բաբլոյանը հրաժարվել էին ցուցմունքներ տալուց:
Տուժողների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի խոսքով` եթե ամբաստանյալները չընդունեին իրենց մեղքը, նրանց նկատմամբ համաներումը չէր տարածվի, քանի որ համաներումը չի տարածվում հանցագործության համակցության դեպքում, իսկ ահա հանցակցության դեպքում մեկ հանցագործության համար առանձին-առանձին դատապարտված անձանց վրա տարածվում է:
Սակայն Ավետյանին ծեծի ենթարկելու մեղքն ընդունած Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով` համաներումը, մեղքը ընդունել-չընդունելու հետ կապված, որևէ տարբերակում չի դնում:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եգորյանի կողմից առաջ քաշված վարկածին, փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի և մյուս ամբաստանյալների խոստովանությունը բացարձակապես չի բխում համաներման տրամաբանությունից, և այն, որ նրանք համաներման համար են գնացել այդ քայլին, անլուրջ խոսակցություններ են:
«Համաներման վերջնաժամկետը` դեկտեմբերի 25-ը, այն մարդկանց համար է, ում նկատմամբ համաներումը բացահայտ կիրառություն ունի, սակայն, եթե հինգ տարի էլ անցնի համներումից, բայց պարզվի, որ տվյալ տարվա համաներումը տարածվում է տվյալ անձի վրա` պետք է տարածվի»,- ասաց նա:
Սարգսյանը նաև հայտնեց, որ իր պաշտպանյալի` լրացուցիչ ցուցմունք տալու որոշման մասին ինքը տեղյակ չի եղել:
Հարցին` հնարավո՞ր է, արդյոք, ամբաստանյալները, խոստովանության հետ կապված, նախօրոք պայմանավորվածություն են ձեռք բերել, պաշտպանը պատասխանեց` ոչ: Ըստ նրա` եթե նման բան լիներ, պաշտպանները կիմանային այդ մասին:
Դիտարկմանը, թե Հայրապետյանի խոստովանությունից հետո դատախազը հստակ հնչեցնում էր հարցերը` տպավորություն ստեղծելով, թե դրանք նախօրոք է մշակել, փաստաբանը հակադարձեց. «Չեմ կարծում, որ դատախազը տեղյակ էր, քանի որ մենք էլ տեղյակ չէինք: Դատախազը մեղադրանքն է պաշտպանում, տուժող կողմի դիրքորոշումն է պահում, հարցերը «սլացիկ» հնչեցնելուն զուգընթաց նա նաև Նորայրի նախաքննական և դատարանում ասած ցուցմունքների հակասություններն էր արձանագրում»:
Իսկ Ն. Հայրապետյանի համաներման վերաբերյալ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դա կախված է նրանից, թե իր պաշտպանյալն ինչ հոդվածով կդատապարտվի: «Եթե նա դատապարտվի այն հոդվածներով, որով մեղադրվում է` համաներման շնորհիվ նրա պատիժը կկրճատվի 6 ամսով: Քրօրի 118-րդ հոդվածը, որն ընդամենը տուգանք էր նախատեսում, կկարճվի»:
Նշենք, որ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 113-րդ, 112 –րդ հոդվածների 2-րդ մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով: Մեղադրող դատախազն ինչպես մյուս ամբաստանյալների, այնպես էլ նրա համար պահանջել է 13 տարվա ազատազրկում: