կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-18 13:25
Հասարակություն

Թուրքե՜ր. սպանված կուրսանտի հարազատները փորձեցին հարձակվել ամբաստանյալների վրա (լուսանկարներ)

Քիչ առաջ Ավան և Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց 2015թ. հունվարի 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժան սպանության վերաբերյալ գործը:

Դատարանից yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ ամբաստանյալներին նիստերի դահլիճ բերելուց հետո սպանված կուրսանտի հարազատները բղավոցներով փորձեցին հարձակվել նրանց վրա: Նրանք բացականչում էին` թուրքեր, տականքներ: Կարգադրիչները ստիպված եղան ամբաստանյալներին հեռացնել նիստերի դահլիճից: Հարազատներից ոմանց ինքնազգացողությունը վատացավ, նրանց համար շտապօգնության բրիգադ հրավիրեցին: Դատական նիստը հետաձգվեց:

Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս գործով մեղադրյալի աթոռին է նաև կուրսանտ Վարազդատ Սաֆարյանը: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Վարազդատ Սաֆարյանը 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի մի քանի հոդվածներ, ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: Վ. Սաֆարյանի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: