կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-25 17:15
Իրավական

Պետք չէ կինոներ պատմել. ''Հարսնաքարի գործով'' ամբաստանյալը` տուժողին

Պետք չէ կինոներ պատմել. ''Հարսնաքարի գործով'' ամբաստանյալը` տուժողին

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով այսօրվա դատական նիստում ցուցմուքներ տվեցին տուժողներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը:

 

Արտակ Բայադյանը կրկին պնդեց նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, իսկ գործում ի հայտ եկած նոր հանգամանքների վերաբերյալ ասաց, որ չի  բացառում, որ Գարիկ Մարգարյանն իրեն  հարվածել է, սակայն  բացառեց  այն, որ  իրեն միայն նա է հարվածել:

 

Հիշեցնենք, որ դատաքննության ավարտին, երբ դատարանը պետք է անցներ դատական վիճաբանությունների փուլին, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը  խոստովանեց, որ ինքն է հարվածել տուժող Բայադյանին:

 

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, ով խոստովանել էր, որ միայն ինքն է հարվածել Վահե Ավետյանին, տուժող Բայադյանից հետաքրքրվեց, թե իրեն երբևէ ճանաչե՞լ է, թե՞ ոչ: Տուժողը պատասխանեց` ոչ:

 

 «Ճի՞շտ է, որ ես սցենար էի գծել, որ Վահեին իրա ընկերների հետ տանեի ավտոկայանատեղի,  ծեծեի»,- հարցրեց ամբաստանյալը և հավելեց. «Ոնց որ Եգորյանն ա սաղին սովորացրել,  որ միասնական դիտավորություն ա եղել, հիմա էլ նույն ձև իրանք են ասում»:

 

Արտակ Բայադյանը հայտարարեց, որ Վահե Ավետյանը շրջապատված էր մի քանի հոգով, և բացառեց, որ նրան միայն մեկ  հոգի է ծեծել: Տուժողը, ինչպես իր նախորդ ցուցմունքում, այս անգամ ևս պնդեց, որ  ոչ մեկին չի  հարվածել և չի հայհոյել: Նա նաև նշեց, որ վիճաբանության վայրում` ավտոկայանատեղիում, բոլոր ամբաստանյալներին տեսել է:

 


Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն էլ իր հերթին հայտարարեց. «Չակերտները բացե՞նք, ասենք, թե ինչ հայհոյանքներ ես հնչեցրել: Դո՞ւ չէիր գետնի վրա ընգած ինձ քֆուր  տալիս: Ճիշտ չի ասում, իմ ու իրա միջև է եղել կռիվը,  ուզո՞ւմ ես  քո բառերը հատ-հատ հիշեցնեմ, պետք չի  կինոներ պատմել»:


Ամբաստանյալ Արթուր Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ Վահե Ավետյանի քիթը Դավիթ Ադամյանի հարվածից է վնասվել, տուժողը պատասխանեց, որ չի կարող առանց հետազոտելու ենթադրել:

 

«Ո՞նց եղավ, որ դա չես կարող ենթադրել, իսկ այն, որ միասնական դիտավորությամբ են ձեզ  ծեծել, դա ենթադրում ես»,- ասաց պաշտպանը և հետաքրքրվեց,  թե անցե՞լ է, արդյոք, նրա`  ցնցում ստանալու ազդեցությունը:

 


Նշենք, որ հունիսի 17-ի բռնարարքի արդյունքում, ըստ տուժողի, ինքն ուղեղի ցնցում էր ստացել:

 

Դատավորը պաշտպանի հարցը որակեց  տուժողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և նրա նկատմամբ դատական սանկցիա` նախազգուշացում կիրառեց:

 

Տուժող Գարիկ Սողոմոնյանը ևս պնդեց իր նախաքննական ցուցմունքը: Նա նշեց, որ կոնկրետ Նորայր Հայրապետյանին չի հայհոյել, նրա հետ նորմալ, հանգիստ խոսել է, իսկ մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանի հարցին, թե երեք զույգերի մե՞ջ է կռիվ եղել, թե՞ընդհանուր, տուժողը պատասխանեց. «Խառը, շփոթված վիճակ էր, խառնաշփոթ կռիվ է եղել»:

 

Ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Արման  Բաղդասարյանը: «Սրանք սուտ ցուցմունքներ են` իրար շաղկապված: Ո՞նց կարող է մարդը մեկի հետ վիճի, բայց չիմանա` ով է, եթե չեն տեսել` ով,  ինչ գործողություն ա արել, ես էլ նույն  հաջողությամբ կարող եմ ասել, որ ես դեպքի վայրում չեմ եղել: Ամբաստանյալները դատարանին ներկայացրել են իրականությունը, թող իրանք  էլ կանգնեն, ճիշտը խոսեն»,- ասաց նա:

 

Նշենք, որ այսօրվա նիստին չէր ներկայացել ռազմական բժիշկ Արկադի Աղաջանյանը, ով, ինչպես մյուս տուժողները, կրկին պետք է հարցաքննվեր: Որոշ տեղեկությունների համաձայն` տուժողը բացակայում է հանրապետությունից:: Դատարանը տուժողի բացակայության պատճառով հետաձգեց դատական նիստը և նշանակեց նոյեմբերի 4-ին: