Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաքսային միությանը միանալու խնդիրն այլևս օրակարգային չէ ո'չ քաղաքական, ո'չ էլ հասարակական մակարդակներում: Հայաստանյան քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը այն օրակարգից դեն նետեց' բացահայտորեն, կամ լռությամբ հավանության արժանացնելով նախագահի այդ որոշումը, իսկ հասարակությունը` իր բացարձակ անտարբերությամբ ու նման «մանր» հարցերի վրա թքած ունենալու պատճառով: Այս համընդհանուր «ադաբրյամսը», սակայն, պատճառաբանվում է ընդամենը մեկ հիմնավորմամբ` Սերժ Սարգսյանն ընտրություն չուներ, որովհետև Ռուսաստանն է մեր անվտանգության միակ գրավականը, երաշխավորը: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը նույնիսկ հայտարարեց, թե, այդ որոշումը կայացնելով, Հայաստանն իր լինելիության խնդիրն էր լուծում, ինչպես 20-րդ դարասկզբին, երբ ԽՍՀՄ մտնելը մնացել էր ինքնության փրկության միակ ճանապարհը:
Փաստորեն, Անկախ պետականության հռչակման 22-րդ տարեդարձի նախօրյակին ստիպված ենք արձանագրել, որ երկու տասնամյակ շարունակ մեր ամբողջ կենսագործունեությունը, էներգիան վատնվել է միայն նրա համար, որ այսօր կանգնենք նույն հարցադրման' լինել- չլինելու խնդրի առջև, որն ունեցել ենք 6 հարյուրամյակ շարունակ պետականություն չունենալու պայմաններում: Բայց 20-րդ դարասկզբին Հայաստանն ընտրեց ԽՍՀՄ-ը' լինելով պարտված, խարդավանքների արդյունքում պատերազմը տանուլ տված կողմ: Մինչդեռ հիմա նույն ընտրությունը կատարում ենք իբրև մեզ պարտադրված պատերազմը հաղթած կողմ: Եթե չկա տարբերություն, նշանակում է' կա'մ այդ հաղթանակը թվացյալ է եղել, ու 1994թ. առ այսօր մենք ընդամենը պատրանքներով ենք ապրել, կա'մ պարզապես լափել, մսխել ենք այն' թողնելով միայն հաղթանակի ուրվականը: Ոչ միայն նորմալ չէ, այլև հանցագործություն ու դավաճանություն է, երբ հաղթանակած պետությունը անվտանգության երաշխիքներ է մուրում և իր բոլոր գործողությունները բխեցնում այդ մուրացկանությունից: Մինչդեռ ոչ ոք փաստացի չի բարձրացնում այդ հանցագործության համար պատասխանատվության հարցը` ինչո՞ւ ու ինչպե՞ս հասանք այս վիճակին, ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր դրա համար:
Խնդիրը նախագահի այս որոշման ռացիոնալության կամ հաշվենկատության մեջ չէ: Ակնհայտ է, որ այն կայացվել է առկա` իրողություններից ելնելով, որոնք բացարձակապես Հայաստանի շահերից չէին բխում, այլ Ադրբեջանի տենդագին սպառազինման ետևից չհասցնելու, մյուս կողմից` անշրջելի թվացող արտագաղթի դեմ պայքարելու կամքի ու կարողության բացակայության: Այն ուժերը, որոնք բարձրաձայնելով կամ լռությամբ վավերացրին նախագահի մոսկովյան որոշումը, թերևս հենց այս իրողություններով էին առաջնորդվում: Բայց երբ նրանք չեն բարձրացնում պատասխանատվության հարցը, կամա, թե ակամա, վավերացնում են նաև այս իրավիճակին հանգեցրած վարվող արտաքին ու ներքին ամայացնող քաղաքականությունը: Ուղղակի աբսուրդային է թվում' ինչպե՞ս կարելի է խոստովանել, որ կանգնած ենք լինել-չլինելու խնդրի առջև և շարունակել համակերպված մնալ դրան հասցրած քաղաքականության վարման հետ: Սա միայն այսքանով պատասխանատվությունը կիսելու հարց չէ, այլ շարունակաբար թույլ տրվող ու հանդուրժվող սխալները օրինաչափություն դարձնելու, որն ավելի ու ավելի է երկիրը մխրճելու ճահճի մեջ, որովհետև ավելի ու ավելի ենք հարմարվելու, համակերպվելու նորանոր ու ավելի հրեշավոր հանցագործությունների, անգործության, ճակատագրական սխալների, պահի տակ կայացվող իրավիճակային որոշումների և նման գործելակերպի հետ: Արդյունքում` կարող ենք անընդհատ հայտնվել հանուն անվտանգություն մուրալու' ինքնիշխանության ու անկախության նորանոր կորուստների առջև' միշտ պատճառաբանելով առկա իրողությունները և սթափ հաշվարկները:
Իշխանությունը, քաղաքական հանրույթը սեփական ժողովրդին սովորեցնում են վախենալ պատերազմից: Որովհետև, հանուն անվտանգության, զիջումների գնալը նշանակում է ցանկացած գնով խուսափել պատերազմից, և ըստ էության' ամեն ինչ հիմա արվում է այդ տրամաբանությամբ: Իսկ սա հասարակության դիմադրողականության փլուզման վերջին ակորդներն են: Չկա ավելի սոսկալի բան, քան սեփական պետության ու ազգային արժանապատվության համար ինքնազոհողության գիտակցության ոչնչացումը, որից հետո մնում է միայն «մի փոր հացի» ու «հանուն փողի» մտածողությունը: Մինչդեռ անկախությունը, որը մաս-մաս օտարում ենք հիմա, ձեռք բերվեց հենց պատերազմից չվախենալու գնով:
Այս հասարակությունը, որը պատերազմից չէր վախենում, անվտանգության համար արժանապատվությունը զոհաբերելու բացատրությունները հանդուրժել չէր կարող, հիմա դրանից վախենում է, զիջում է, նվաստանում է ու հարմարվում: Այն ժամանակ գիտեին' հանուն ինչի է դա արվում, հիմա ուղղակի չգիտեն, որովհետև թունելի վերջում լույսի ելք, այս «գաղջ մթնոլորտը» հաղթահարելու մղում չեն տեսնում: Եվ գրեթե անիմաստ է դառնում հարցադրումը, թե կարո՞ղ է արդյոք, ինչպես ժանտախտից, իր երկրից փախչելու տենդով վարակված զանգվածը հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել այն, ինչի համար մեկ անգամ արդեն դեմ էր տվել ճակատը:
Որքան էլ դաժան ու անհասկանալի թվա, իշխանությունն ու քաղաքական հանրույթը սեփական ժողովրդին մղում են ԼՂՀ-ի գոյության ու Հայաստանի ինքնիշխանության միջև ընտրություն կատարելուն: Եթե Ռուսաստանը ՄՄ-ին միանալ պահանջում է Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավորման խոստումների դիմաց, ապա թե' տեսականորեն ու թե' գործնականում չի կարելի բացառել, որ մի օր էլ կարող է հանուն դրա պահանջել սովորական «գուբերնիայի» կարգավիճակով Հայաստանի անդամակցումը ՌԴ-ին: Ո՞րն են ընտրելու Հայաստանի իշխանությունը և քաղաքական դաշտն այդ ժամանակ:
Եթե անվտանգության դիմաց շարունակ զիջումների գնալու, դրանից խուսափելու համար ներքին վերափոխման պահանջ չառաջադրելու պետական, հասարակական-քաղաքական վարքագիծը համընդունելի է, ուրեմն պետք է պատրաստ լինել նաև, որ մի օր էլ Պուտինը կարող է նման երկընտրանք պարտադրել, ինչը այլևս չի բացառվում...
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ