Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ավելի քան 100 տարի առաջ մենք պահանջեցինք Արեւմտյան Հայաստանը եւ ստացանք Հայոց ցեղասպանություն ու Մեծ հայրենազրկում»,- գրում է Թաթուլ Հակոբյանը «Ալիք մեդիայում»։
Հակոբյանը մեղադրում է հայ քաղաքական վերնախավին այն բանի համար, որ երիտթուրքերը կոտորեցին 1,5 միլիոն հայերի ու բնաջնջեցին Արևմտյան Հայաստանը՝ իր մշակույթով։
Ինչո՞ւ են մեղավոր հայ գործիչները, որ պահանջում էին Արևմտյան Հայաստա՞նը։ Շատ վերացական է հնչում. Ովքե՞ր էին պահանջում, ումի՞ց էին պահանջում և պահանջելուց հետո ի՞նչ էին պատրաստվում անել։ Եթե այս վերացականությունը փորձենք որոշակիացնել, ապա, ըստ Հակոբյանի, հայ հեղափոխական շարժումները մեղք էին գործել Օսմանյան կայսրության իշխանության նկատմամբ, որ Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքներն էին պաշտպանում, և այդ մեղքի համար երիտթուրքերը պատժեցին՝ ցեղասպանության ենթարկելով հայերին։
Ընդհանրապես կա զոհի այն հոգեբանությունը, որ իր կորուստների հետ կորցնում է նաև իր կարողականության նկատմամբ հավատը, որ ինչ-որ բանի արժանի է ինքը, նաև՝ արդարության գիտակցումը, որ իր նկատմամբ կատարվածն անարդարություն է, և սկսում է իր մեջ փորփրել իր կորուստների մեղքը ու գտնում այն «վարքը», որին հետևելու դեպքում զոհ չէր դառնա։ Հայոց ցեղասպանության մեջ սեփական մեղքը որոնելու կոնտեքստում, հայ որոշ շրջանակներ և մտավորականներ էլ իրենց ժողովրդի նկատմամբ գնահատականը այնքան են իջեցնում, որ նրան արժանի չեն համարում պայքարել իր իրավունքների համար ու մղում են նրան համակերպվել միայն գոյատևելու անասնական մղմանը։
Ըստ Հակոբյանի՝ հայ ժողովուրդը արժանի՞ չէր Արևմտյան Հայաստան ունենալ, այսինքն՝ ինքնորոշվել, սեփական պետական կազմավորում ունենալ, որ հայ ժողովրդի օրակարգը պետք է թելադրեին նրան տիրապետողնե՞րը՝ այս դեպքում Օսմանյան կայսրությունը, և հայերը հլու- հնազանդ այդ օրակարգո՞վ պետք է շարժվեին։
Բայց այդ դեպքում հարց՝ ի՞նչ է հայ ժողովուրդը կամ հայ ազգը։ Ժամանակակից հայ ժողովուրդը սկիզբ է առել, մշակույթ ստեղծել հենց ազգային հավաքականության գաղափարաբանության հիման վրա, ազգային կազմավորում ունենալու տեսլականով՝ լինի այն ինքնավարություն, թե անկախ պետություն։ Խաչատուր Աբովյանից, Միքայել Նալբանդյանից, Րաֆֆուց մինչև Վարուժան ձևավորվել է ժամանակակից հայ մշակույթը, որի հիմքում ազգային այն հավաքական տեսլականն է, որը Հակոբյանն անվանում է «Արևմտյան Հայաստան պահանջել»։ Եթե մերժում ես այդ տեսլականը, ապա հետը մերժվում է 300 տարվա հայ ամբողջ մշակույթը՝ չլինեին Աբովյանն ու Րաֆֆին, չէր լինի նաև Արևմտյան Հայաստանի պահանջը։
Հոգեբանական խնդրից անցնելով քաղաքական ծրագրին՝ հարց տանք՝ եթե հայ հեղափոխական շրջանակները հետևեին Թաթուլ Հակոբյանի թեզերին՝ չպահանջեին «Արևմտյան Հայաստանը», արդյո՞ք Հայոց ցեղասպանություն չէր լինի։
Այն հայ շրջանակներն ու մտավորականները, որոնք վստահ են, թե Հայոց ցեղապանության պատճառը հայ ազատագրական շարժումներն էին, զոհն են մի կողմից իրենց նեղ մտահորիզոնի, որը թույլ չի տալիս թուրք ու հայ հակամարտությունից դուրս ավելի լայն աշխարհ տեսնել, զորօրինակ՝ թուրք և այլ հանրությունների հակամարտություններ՝ թուրք֊ալևի, թուրք֊քուրդ, թուրք֊հույն, թուրք֊արաբ և այլն, և հասկանալ, որ 100 տարի է՝ Թուրքիայի Հանրապետության տարածքում ձևավորվում է թուրքական ազգայնական պետություն, որը վերացնում է բոլոր նրանց, ովքեր թուրք չեն։ Մյուս կողմից էլ կամա, թե ակամա դառնում են Արևմտյան քաղաքական շահերի գործիքը, որ ներշնչում է, թե Հայոց ցեղասպանության ու ընդհանրապես հայ ժողովրդի կորուստների պատճառը հայերի Ռուսաստանի հետ դաշնակցելն է։
Հիմա հարց՝ ինչո՞ւ եղավ Հայոց ցեղասպանությունը։
Մինչև 20-րդ դարի սկիզբը Օսմանյան կայսրությունը գնալով փոքրանում էր, ազգային ազատագրական շարժումների շնորհիվ հերթով անկախություն էին ձեռք բերում հույները, սերբերը, Մոնտենեգրոն, ռումինացիները, բուլղարները, ալբանացիները: 1912թ. Բալկանյան պատերազմում կայսրությունը իր եվրոպական մասը գրեթե ամբողջությամբ կորցրեց, մնացել էր միայն Կոստանդնուպոլիսը։ Մյուս կողմից էլ Օսմանյան կայսրությունում ահագնանում էր թուրքական նացիոնալիզմը, որի հետևորդներն էին 1908֊ի հեղափոխությամբ իշխանության եկած երիտթուրքերը, որոնք ծրագրում էին կայսրությունը վերածել ազգային պետության՝ բոլոր փոքրամասնություններին վերացնելով:
100 տարվա ընթացքում՝ մինչև օրս, դեռևս շարունակվում է թուրք պետություն ձևավորելու, Թուրքիան լրիվ թուրքացնելու ազգայնական ծրագիրը։
Օսմանյան կայսրությունում, ապա թուրքական հանրապետությունում կոտորվել, ցեղասպանության են ենթարկվել 1,5 միլիոն հայեր, 1,2 միլիոն հույներ, ասորիների ցեղասպանությունները, որ ձգվում էր դեռևս 19֊րդ դարի վերջերից, միայն 1914-1921 թվերին 750 հազար ասորի են կոտորել։ Քրիստոնյա արաբների ցեղասպանությունը. երիտթուրքերի կառավարությունը Լիբանանում արհեստական սով առաջացրեց (շատ պատմաբաններ վստահ են, որ արհեստական էր այն, Բեյրութում սով չի եղել, և թույլ չեն տվել, որ այնտեղից ցորեն տանեն լեռներ), և մոտ 250 հազար քրիստոնյա արաբ սովից մահացավ: Քրիստոնյաներին բնաջնջելուց հետո թուրքերն անցնում են մուսուլման այլազգիներին՝ 1937-1938 թվերին ալևիների ցեղասպանությունը․ 80 հազարից ավելի ալևիներ կոտորեցին, ապա մինչև հիմա ձգվող քրդերի ցեղասպանությունը։
Թաթուլ Հակոբյանը բան չունի՞ ասելու հույներին, արաբներին, ասորիներին, քրդերին, ալևիներին, ինչո՞ւ եք հույն լինում, ասորի լինում, ալևի լինում, թուրք դառնայիք, պրծնեիք, չկոտորվեիք։
Թուրքական պետության ձևավորման պատմությունը դիտարկելով՝ Հայոց ցեղասպանությունից խուսափելու միակ ճանապարհը հրաժարվելն էր հայ ինքնությունից, կրոնից և մուսուլման թուրք դառնալն էր։ Թուրքական նացիոնալիզմը ռասիստական չի, գլխիդ ձևն ինչպիսին ուզում է լինի, եթե դու քեզ թուրք ես համարում, օքեյ, ձեռք չենք տա։ Աթաթուրքի հայտնի խոսքն է՝ «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում», ուզո՞ւմ ես երջանիկ լինել, ասա՝ թուրք եմ, չե՞ս ուզում, սրի կքաշվես։ Եվ եթե Հակոբյանը մերժում է «Արևմտյան Հայաստան» ունենալու պահանջը, այսինքն՝ վերջին 300 տարվա հայոց պատմության շարժիչ ուժը, ուրեմն ինչն է ընդունում, Աթաթուրքի խո՞սքը՝ ասեիր թուրք եմ, չկոտորվեիր, երջանիկ լինեիր։
Սակայն զոհի այս հոգեբանական տրավման չէր կարող արդյունավետ աշխատել հայ հանրության վրա, եթե որոշակի արտաքին շահեր չարտահայտեր։
Սեփական մեղքի պատճառով զոհ դառնալու, ցեղասպանության ենթարկվելու բարդույթին յուղ են լցնում հակառուս շրջանակները՝ բացատրելով, թե իբր հայերին բնաջնջեցին ռուսական կողմնորոշման և Առաջին աշխարհամարտում թուրքերի թշնամի ռուսական զորքերում կամավորական գնդեր ստեղծելու պատճառով։ Այս թեզը հաճույքով տարածում են նաև թուրքական կիսապաշտոնական և մտավորական շրջանակները՝ թե հայերը դավաճանեցին Օսմանյան կայսրությանը ու պատժվեցին:
Կրկին գործում է նեղ մտահորիզոնը, որ չի կարողանում տեսնել հայ֊ռուս, հայ֊թուրք հարաբերություններից դուրս այլ հարաբերություններ։
Ռուսական բանակի կազմում հայ կամավորների գնդերը յուրահատուկ երևույթ չէին, և՛ ռուսական և՛ թուրքական բանակների կազմերում կային տարբեր ազգային և կրոնական կամավորական գնդեր, բայց հայկական հարցերի վրա սևեռված հայ պատմագրությունը նրանց չի անդրադառնում և ստեղծում է կամավորական շարժման վերաբերյալ ոչ ամբողջական պատկեր:
Օսմանյան կայսրության հայերը հիմնականում նվիրված էին իշխանությանը, զորակոչվում էին բանակ, 120 հազարից ավելի հայ էր զորակոչվել, պատրաստ կռվել Ռուսական կայսրության դեմ, սակայն նրանց բոլորին կոտորեցին:
Իսկ կամավորականների թիվը ռուսական բանակում ընդամենը 10 հազար հոգի էր, և որևէ հիմնավորում չի կարող ունենալ, որ այդ 10 հազար կամավորի պատճառով Օսմանյան կայսրության մի ծայրից մյուսը՝ արևմտուքից արևելք, հյուսիսից հարավ, կբնաջնջեն մի ամբողջ աշխարհ՝ 1,5 միլիոնին կկոտորեն, 1 միլիոնն էլ մազապուրծ կփախչի։
***
Թաթուլ Հակոբյանի գրությունը վերնագրված է «Խաղաղության մասին պետք էր խոսել հաղթած ժամանակ», որում մեղադրում է Հայաստանի նախկին իշխանություններին՝ նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին խաղաղության չհասնելու ու դրա հետևանքով 2020-ին պատերազմի ու պարտության մեջ։
Իսկ ինչպե՞ս է կապում Թաթուլ Հակոբյանը նախկին իշխանությունների ու Հայոց ցեղասպանության ժամանակ հայ վերնախավերի «մեղքը»։ Տեսնենք։
Հակոբյանը գրում է.
«Խաղաղությունը մսխելու եւ Հայաստանին պարտության տանելու հարցում Փաշինյանը միակ մեղավորն ու պատասխանատուն չէ: Փաշինյանին անկյուն մղելու եւ ոչմիթիզական դարձնելու մեջ մեղքի ու պատասխանատվության բաժին ունեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, որոնց կառավարության 20 տարիներին անողոքաբար մսխվում էր խաղաղությունը, որ բերվել էր Արցախյան առաջին պատերազմում զոհ գնացած շուրջ 6000 հայորդիների կյանքի գնով»:
Բայց հակոբյանական զգայացունց տեքստերը չեն կարող մթագնել պատերազմի ու աղետալի պարտության իրական պատճառները։
Մենք գիտենք, թե ինչու եղան պատերազմն ու պարտությունը։
Գիտենք արդեն, որ պատերազմական երկրում պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է հազար անգամ չափված ձևված արտաքին քաղաքականություն վարել, դաշնակիցների հետ կապերը ամրապնդել, նոր հակառակորդներ չստեղծել, իսկ թշնամուն էլ զսպել բանակցությունների շրջանակում և միջազգային հարթակներում միջազգային նորմերով, այս դեպքում՝ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչված նորմով, և բանակցություններում բարձր պատասխանատվություն ունենալ, որ այնպիսի սայթաքում չլինի, որ պատերազմի հանգեցնի։
Այս ամենը իմացանք նախկին իշխանությունների ու նոր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության համեմատության հետևանքով։
Տեսանք, որ նախկին իշխանությունները Արցախի կարգավորման հարցում ունեին հստակ գաղափարախոսություն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու բացառումը Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի գերիշխանության, և որ բանակցությունները տանում էին պատերազմի ու խաղաղության այն սահմանագծին, որտեղ հանուն խաղաղության գնում էին զիջումների այնքան, մինչև այն կարմիր գիծը, որ կարող էր վնասել Արցախի ինքնորոշման իրավունքին։
Ապա հասկացանք, որ 2018 թվականի հեղափոխությամբ իշխանության եկած գործիչները չունեն Արցախի վերաբերյալ հստակ գաղափարախոսություն (Հակոբյանի տեքստն էլ գաղափարազուրկ մի բան է, որում խաղաղություն բառից այն կողմ ոչ մի հասկացություն չկա)։ Նրանց խնդրի նկատմամբ անորոշ վերաբերմունքը մի կողմից, մյուս կողմից հեղափոխության առաջնորդի եսասիրությունը տապալեցին բանակցային գործընթացը։
Տեսանք, որ տասնամյակներով միջնորդ գերտերությունների հետ մշակված հակամարտության կարգավորման սկզբունքներին, ինչպիսին են Մադրիդյան սկզբունքները, ինքնասիրահարված առաջնորդը հակադրում է իր եսը շողշողացնող սեփական սկզբունքները՝ մյունխենյան սկզբունքներ, մի դատարկություն, որ պատերազմի զնգոց է միայն հանում ու բանակցությունների բարդ գործընթացի մեջ խոթում իր 2018֊ի աստեղային ժամերի պարգևած հրճվանքի արտահայտությունը՝ մինի ու մակրո հեղափոխություններ։ Տեսանք, թե լարված միջազգային հարաբերություններում «հեղափոխական» սեփական քմահաճույքը, դատարկ սկզբունքները մեջտեղ գցելը ինչպես է պատասխան դառնում հայ երիտասարդներին կոտորող բայրաքթարներով։
Տեսանք, որ պատերազմ չտեսած, պատերազմի արհավիրքը չպատկերացնող երբևէ որևէ անձի, հանրության համար պատասխանատվություն չստանձնած անփորձ ու միևնույն ժամանակ ինքնասիրահարված անձինք չարիք են դառնում պատերազմական վիճակում գտնվող երկրի գլխին, որ չեն հասկանում, թե ինչպես են կրակի հետ խաղում, երբ նախկին իշխանությունների ոսկերչական ճշգրտության ձգտող բանակցությունները ընդհատում, խափանում ու, իրենց կետից սկսելով ,խաղ անում մազից կախված խաղաղության հետ։
Սեփական կետ ես գծում այնտեղ, որտեղով բնակավայրեր ու մարդկանց մարմիններ են անցնում։
Տեսանք, որ սրանց համար սեփական կետն ավելին է, քան հազարավոր երիտասարդների կյանքերն ու Արցախի Հանրապետությունը։
Հասկացանք, որ միջազգային հանրության առաջ հակառակորդ կողմին զսպող միակ միջոցը բանակցություններն էին, որոնք խափանելը միանգամից պատերազմի դուռն էր բացում։ Պատերազմի մյուս դուռը բացվում էր՝ Հայաստանի միակ դաշնակցի հետ հարաբերությունները խարխլելը։ Տեսանք, թե ինչ կարող է նստել փոքր, դիմադրող երկրի վրա այն, որ այդ երկրի բարդույթավորված առաջնորդը գերտերությանը հեգնում է, թե պիտի ադապտացվի իր քմահաճույքներին, և գործեր է հարուցում այդ երկրի հաստատությունների դեմ։
Գիտենք նաև, որ պատերազմը հնարավոր էր կանխել, ապա նաև կանգնեցնել մի քանի անգամ, և որ կրկին հեղափոխական իշխանության անփորձության կամ անպատասխանատվության պատճառով չկանխվեց և հասավ աղետալի վախճանի։ Գիտենք, լսել ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքը, որ առաջարկել էր պատերազմը կանգնեցնել հոկտեմբերի 20–ին՝ պահպանելով Շուշին Արցախի Հանրապետության կազմում, սակայն Հայաստանի առաջնորդը չի ուզել, հրաժարվել է, ինչո՞ւ։ Լսել ենք, որ այդ առաջնորդը ասել է՝ որ կանգնացնեի, ինձ դավաճան կասեին, և զարհուրել ենք, որ իր ես֊ի խաթեր զոհում է 18-20 տարեկան տղաներ ու հանձնում նորանոր բնակավայրեր։ Լսել ենք, որ նա բացականչում է՝ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, բա մեզ պե՞տք էր Շուշին, լսել ենք նաև, որ Շուշին ադրբեջանական քաղաք է համարել։ Ու իմանում ենք, որ նրա՝ Շուշիի նկատմամբ թեթևաբարո վերաբերմունքը 1000-ից ավելի կյանք է արժեցել՝ համ Շուշին քոնը չես համարում, համ էլ հանձնում ես՝ զոհելով հազարներ։ Հասկացանք, որ, այո, 29 հազար քառակուսի կիլոմետրով սահմանափակված լոկալ ու պրագմատիկ ազգայնականները Շուշին իրենցը չէին կարող համարել, Շուշին արցախցիներինն է, իսկ իրենց համար Արցախը բեռ է, որ խանգարում է քիրվայանալ թուրքերի հետ։
Գիտենք, որ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, քանի որ կրկին 2020-ի աղետը համեմատում ենք 2016֊ի ապրիլյան պատրերազմի հետ, երբ Ադրբեջանը հարձակվեց, սակայն չորս օր անց պատերազմը դադարեցվեց։ Ինչպե՞ս։ Մեխանիզմները շատ հայտնի չեն, բայց փաստն այն է որ Հայաստանը ուներ բարձր պատասխանատվություն ունեցող ղեկավարություն, որը կանգնեցրեց պատերազմը։
Ու նաև գիտենք, որ երկրի աղետաբեր ղեկավարը, որին երրորդ նախագահը անվանակոչեց կապիտուլյանտ, իր սանձարձակ արկածախնդրությունը չէր կարողանա ամբողջովին իրագործել, հնարավոր կլիներ նրան այս կամ այն չափով կանխել, եթե չունենար մասսաների, ու նաև մտավորական շրջանակների անմնացորդ աջակցությունը, որոնց մեջ էր նաև Թաթուլ Հակոբյանը։ Եվ երբ Հայաստանի ճակատագրով անհանգստացած անձինք ահազանգում էին, թե ինչ վտանգավոր է բանակցությունները տապալելը, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետրբուրգում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ջրելը և սեփական կետից սկսելը, Թաթուլ Հակոբյանը Սիվիլնեթում նրանց վարկաբեկում էր խմբավորելով «10 խումբ․ ովքեր և ինչու են քննադատում Նիկոլ Փաշինյանին», «10 ընդդիմադիր խումբ, որոնց կեցվածքը պայմանավորվում է նաև Փաշինյանի քայլերով», թե իբր այդ քննադատներին միայն կուսակցական ու անձնական շահերն են դրդում քննադատել Փաշինյանին։
***
Իսկ երբ վերացարկվում ենք հայկական իրողությունից, աշխարհի համայնապատկերում նայում Հայաստանի աղետը, մի այլ պատկեր է ձևավորվում՝ մի հզոր տրակտոր վարելով գնում է աշխարհով, համահարթեցնում բոլոր երկրները՝ որպես մի համաշխարհային սպառողական շուկա։ Այդ տրակտորին ամեն մեկնաբան մի անուն է տալիս՝ ոսկե Միլիարդ, մոնոպոլ կապիտալիզմ, որ ներառում է, ԱՄՆ֊ի առաջնորդությամբ, Եվրոպայի Միությունն ու ճապոնիան։ Նա իր անդրազգային կորպորացիաների միջոցով ձգտում է տնօրինել համաշխարհային բոլոր ռեսուրսները, քամել դրանք՝ ապահովելով իր միլիարդի բարեկեցությունը, և թելադրել ամբողջ աշխարհին իր տնտեսական ազատական քաղաքականությունը։ Իր հուժկու թրթուրների տակ է գցում բոլոր այն տիրապետությունները, որոնք խոչընդտում են իր ծրագրերին։
Թիրախում Ռուսաստանն է՝ աշխարհի ամնահարուստ ռեսուսներով երկիրը, որի շուրջ նրա ռազմական հաստատության՝ ՆԱՏՕ֊ի օղակը հետևողականորեն սեղմվում է՝ նախ ՆԱՏՕ֊ի անդամ է դարձնում Ռուսաստանի հարևան երկրներին՝ Մերձբալթյան հանրապետություններ, Լեհաստան, Ռումինիա, ապա այն հարևան երկրներում, որոնք Ռուաստանի հետ տնտեսական խորը կապեր ունեն, գունավոր հեղափոխություններով իշխանության է բերում հակառուսական ուժեր, որոնք էլ քանդում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, դուրս դնում ռուսական ռազմական բազները, ինչպես եղավ Վրաստանում և Ուկրաինայում և.... 2018֊ին Հայաստանում, որտեղ դեռ ամեն ինչ չի ավարտվել։
Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է, Հայաստանի պաշտպանական համակարգը գրեթե ամբոջությամբ ռուսական սպառազինությամբ է, Հայաստանը այն հազվագյուտ երկրներից է, որտեղ ռուսական ռազմական բազաներ են մնացել, Հայաստանի սահմանները Թուրքիայի ու Իրանի հետ ռուս սահմանապահներն են պահում։
Արդեն գիտենք, որ ՆԱՏՕ֊ն Ռուսաստանին թուլացնելու համար թիրախ է դարձնում Ռուսաստանի դաշնակիցներին, և որ 44-օրյա պատերազմը ուղղված էր Ռուսաստանի դեմ։
Գիտենք, որ ՆԱՏՕ֊ի անդամ Թուրքիան էր պատերազմի գլխավոր հրահրողը։
Բայց պատերազմ ստանալու համար նախ անհրաժեշտ էր սողոսկել հայկական միջավայր և ներսից այդ պատերազմը հնարավոր դարձնել։ Եվ եղավ 2018֊ի գունավոր հեղափոխությունը, որ իշխանության բերեց նրանց, ովքեր հանուն համաշխարհային վարելահողային սպառողական տարածության, պատրաստ են այս կամ այն կերպ՝ բանակցությունները տապալելով, Ռուսաստանի հետ թշնամանալով ու պատերազմով, հրաժարվել Արցախի խնդրից։
Դավադիր ծրագիրը չի ավարտվել. Ռուսաստանը, կորցնելով իր ռազմավարական դաշնակցի ուժը, ստիպված իր զորքը մտցրեց Արցախ՝ պաշտպանելու իր՝ Հարավային Կովկասում մնալու վերջին հնարավորությունը։
Իսկ Հայաստա՞նը։
Գիտենք, որ հունիսի 20-֊ի ընտրությունները կեղծվել են, որ պատերազմում պարտված իշխանությունը բռնաճնշումներով, կեղծիքներով, ընտրակաշառքներով ու վարչական ռեսուրսով իր հաղթանակը ապահովել է։ Գիտենք նաև, որ, այսուհանդերձ, բնակչության 25 տոկոսը քվեարկել է ընդդիմության օգտին, որի 20 տոկոսը՝ երկրորդ նախագահ, Հայաստանի ամենակայուն, ամենախաղաղ ու ամենաարագ զարգացման շրջանի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին։
Միևնույն ժամանակ, տեսնում ենք, որ Հայաստանը երկընտրանքի առաջ էր՝ պարտությունից հետո վերականգնել իր անվտանգության համակարգը և կրկին դառնալ Արցախի անվտանգության երաշխավորը, թե՞ շարունակել «պատերազմի» նպատակը՝ Արցախի ժողովրդին դավաճանելով, հրաժարվելով նրա անվտանգության երաշխավորը լինելուց, ճանաչել Ադրբեջանի ամբողջականությունը և շանս տալ, որ Ադրբեջանը հանի ռուսական զորքերը Արցախից, իսկ դրանից հետո էլ արդեն ՆԱՏՕ֊ի օղակի առավել ճնշման տակ ռուսական բազաները Հայաստանից կհանվեն։ Հայաստանը ընտրեց երկրորդը՝ համաշխարհային սպառողական վարելահող դառնալու հեռանկարը։
Թաթուլ Հակոբյանի գրությունը հենց այս ծրագիրը՝ «պատերազմի» վերջնական նպատակն իրանականացնելու քարոզչությունն է, որ կանխի Հայաստանի անվտանգության համակարգը վերականգնելու ամեն փորձ։
Գիտենք արդեն, որ Թաթուլ Հակաոբյանի և ՀԱԿ֊ի կողմից նախորդ իշխանություններին մեղադրելը ոչմիթիզականության մեջ քարոզչական մի հնարք է՝ վարկաբեկելու համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Հակոբյանի նշած ուժերից՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ՀՀԿ կամ ՀՅԴ, ոչ ոք պաշտնապես չի ասել, թե ոչմիթիզ չեն զիջելու, հակառակը՝ գիտենք, որ Հայաստանի նախկին իշխանությունները բանակցություններում Հայաստանի կողմից փոխզիջման պատրաստակամ էին, որ Հայաստանը կզիջեր տարածքները Արցախի ինքնորոշման իրավունքի դիմաց, բանակցությունների բոլոր փաթեթները հրապարակված են։
***
Հակոբյանը չի ասում, թե խաղաղությունը չմսխելը, օգտագործելը, ինչպես էր հանգեցնելու տևական խաղաղության։ Գիտենք մի բան՝ Ադրբեջանը երբեք չի համակերպվելու Արցախի անկախությանը, ուրեմն հայկական կողմը, խաղաղությունը օգտագործելով, մինչև ո՞ւր պետք է զիջումների գնար: Հակոբյանը խուսափում է ասել, նրա ենթատեքստն է ասում՝ զիջումներ անել մինչև այնտեղ, որ Արցախը մտցվեր Ադրբեջանի կազմի մեջ. եթե Հակոբյանը վստահ է, որ, Ադրբեջանի ուզածը կատարելով, պիտի խաղաղություն հաստատվեր, ապա այդ ուզածը Արցախը հայաթափել ու տարածքը Ադրբեջանի մեջ մտցնելն է։ Հակոբյանը բաց տեքստով է ասում, որ Հայոց ցեղասպանության համար մեղավոր էր հայ ազատագրական պայքարը. «Ավելի քան 100 տարի առաջ մենք պահանջեցինք Արեւմտյան Հայաստանը եւ ստացանք Հայոց ցեղասպանություն ու Մեծ հայրենազրկում»։ 100 տարվա զուգահեռ անցկացնելու նպատակն է ենթատեքստով ասելը, որ պարտության պատճառը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, այսինքն, վերջին հայ ազատագական պայքարը։ Ենթատեքստը այս տեքստն է դառնում. «Ավելի քան 30 տարի առաջ մենք պահանջեցինք Արցախը, ստացանք պարտություն ու աղետ»։ Հակոբյանի առաջարկած այլընտրանքն է՝ արցախցիներ 100 տարի առաջ ձեր հայրենակիցները թուրք չդարձան, կոտորվեցին, նրանց օրինակին մի հետևեք, ադրբեջանցի դարձեք, կամ էլ արտագաղթեք, ապրեք»։
Այս ենթատեքստի՝ Արցախից հրաժարվելու ենթատեքստի անունը Հակոբյանը դրել է հմայիչ հասկացություն՝ խաղաղություն: Նա ասում է. «Կասկած չկա, որ այսօր Հայաստանի գործող իշխանությունները ձգտում են խաղաղության հասնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որովհետեւ ներսից գիտեն, թե ինչ հնարավորություններ ունի 44-օրյա պատերազմում պարտված Հայաստանը, եւ էլ ինչ աղետներ ու դժբախտություններ կարող են կրել Հայաստանն ու նրա ժողովուրդը: Կասկած չկա նաեւ, որ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն հողատու, դավաճան ու կապիտուլյանտ են անվանելու Փաշինյանին, եթե վերջինս ստիպված լինի գնալ ամենավատ խաղաղության»:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններից հետո տրված հարցազրույցում նկատում է. «Մեր ժողովրդի մի հատվածը հարմարվել է պարտության հետ, այդ արժանապատիվ խաղաղության մեջ նույնիսկ վտանգ են տեսնում, որ այս մարդիկ ինչ որ քայլեր են անելու արժանապատվությունը վերականգնելու համար և այդ քայլերը կարող են վտանգավոր լինել պատերազմը վերսկսելու տեսանկյունից։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ պատերազմի սարսրափը մեր ժողովրդի գլխին բերած քաղաքական ուժը այդ սարսափի շահառուն է դարձել»։
Այո, քարոզչական հնարքները այնպիսի պարադոքս են ստեղծում, ուր խաղաղության մասին թմբկահարող Թաթուլ Հակոբյանը թիկունք է կանգնում պատերազմ ու արհավիրք երկրի գլխին բերած ուժերին և վարկաբեկում, պատերազմի հրահրման մեջ մեղադրում նրանց, ովքեր այս կամ այն չափով 20-25 տարի շարունակ խաղաղություն են ապահովել։
Պարադոքսը ցրվում է, երբ տակից դուրս են գալիս արտաքին քաղաքական շահերը։ Խորհրդային միության փլուզումից հետո ԱՄՆ֊ը ծրագիր է իրականացնում տարածաշրջանից Ռուսաստանը հեռացնելու համար՝ Հայաստանը Թուրքիայի հետ մերձեցնել։ «Ալիք մեդիան» ամերիկյան ֆինանսավորմամբ գործող այն ծրագրի մասն է, պրոպագանդում է այն ուժերին, որոնք պատրաստ են, հրաժարվելով Հայ դատից ու Արցախի անկախությունից, Թուրքիայի ու Ադրբեջանի տակ փռել Հայաստանը ու այսպիսով պոկել Ռուսաստանից ու Հարավային Կովկասից հեռացնել ռուսական ռազմական ներկայությունը։
Թաթուլ Հակոբյանը երկու գիծն էլ տանում է: Հայ դատը փակում է՝ ցեղասպանության մեջ մեղադրական եզրակացություն կարդալով հայ ազատագրական շարժումներին, Արցախի հարցում էլ մեղադրելով կրկին այն հայերին, որոնք հետևողկանորեն տարել են Արցախի ինքնորոշման գաղափարը։
Բացեք «Ալիք մեդիան», կտեսնեք, որ հրապարակումից հրապարակում մեղադրանք է գնում հայերի դեմ, որ տարածաշրջանում խանգարում են խաղաղության հաստատմանը. «Չավարտվող պատերազմ», ուր ասվում է. «Մենք սնում ենք մեզ դարերի խորքից բերված թշնամությամբ ու շարունակում ենք մեզանից շատ ժամանակ առաջ սկսված պատերազմը։ Կանգ առնել չենք ցանկանում։ Չենք ցանկանում վերաիմաստավորել մեր անցյալը, դնել անհրաժեշտ վերջակետը եւ նոր ու բոլորովին այլ ապագա ուրվագծել։ Նոր տողից սկսել չենք ցանկանում։ Հետեւաբար օրինաչափ է մեր այս աղետալի ընթացքը»։
Մենք֊ը ո՞վ է, ո՞ւմ անունից է «մենք» ասում, Արևմտյան Հայաստանը որպես հայրենիք կորցրած ցեղասպանության վերապրողների՞, արցախցիների՞, ո՞ւմ։ Աշխարհի ամենամեծ ոճիրներից մեկն է հայերի նկատմամբ կատարվել՝ ամբողջ մի ժողովուրդ ու մշակույթ բնաջնջել են Արևմտյան Հայաստանում, ապա շարունակել Արևելյան Հայաստանում՝ Շուշիի, Բաքվի, Նախիջևանի ջարդերը, և այս ամենը թեթևորեն որակել դարերի խորքից եկած թշնամա՞նք։
Հեղինակը՝ Վարդան Հարությունյանը, Եվրոպան է օրինակ բերում, թե ինչպես են հակամարտությունները հաղթահարել և նախկին թշնամիները որպես բարեկամ խաղաղ ապրում կողք կողքի, բայց «մոռանո՞ւմ» է արդյոք, որ Գերմանիան մինչև հիմա փոխհատուցում է իր կատարած ոճրի համար, գերմանացի կրտսեր սերնդի մեջ է մտել ամոթը իրենց պապերի կատարած ոճրագործության համար, իսկ թուրքն ու ադրբեջանցի ոչ միայն չեն ընդունում, որ ոճրագործ են, այլև շարունակում են բնաջնջել այն, ինչ մնացել է հայերից։
Այն տարածաշրջանում, ուր Թուրքիան պարբերաբար ներխուժում է իր հարևան երկրների տարածքներ՝ Կիպրոսից սկսած, Իրաքով ու Սիրիայով վերջացրած, զավեշտալի կլինեին պատերազմներ հրահրելու մեղադրանքները ծվարած փոքրիկ երկրի հանդեպ, այն էլ՝ այդ երկրի քաղաքացիների բերանով, եթե մեջը գլոբալ ծրագրի օղակը չլիներ։
Այդ օղակի միայն մի զնգոցն է «Ալիք մեդիան», այն զնգզնգում է բազում մեդիաներով ու կազմակերպություննրով՝ Ազատություն ռադիոկայան, medialab.am, factor.am, կուսակցություններ՝ Բևեռ, ինքնիշխան Հայաստան, Հանրապետություն և այլն, և այլն, զնգզնգում է անընդհատ։
Այդ օղակի ծրագիրը ուղիղ զնգոցով արտահայտում է Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, մշակութաբան Աղասի Թադևոսյանի խոսքը. «Շատ կուզեի ինչ որ մի հրաշքով Ռուսաստանը ռադը քաշեր մեր ռեգիոնից ու մտնեինք եվրոպական գործընկերության միջավայր։ Ես եվրոպամետ եմ ու վստահ եմ, որ քանի Ռուսաստանը այստեղ ուժեղ է, չարիքը միշտ կախված է լինելու մեր գլխին։
Հ.Գ. Էսօր մոտս հակառուսական օր ա։ Զզվում եմ էդ մեծապետական գարշանքից՝ իր փտած քաղաքական էլիտայից ու չմո պրոպագանդիստներից»։
Մինչև վերջ անկեղծության համար Թադևսյանին մի նախադասություն է պակասում, որ նրա երազած այդ «եվրոպական գործընկերության միջավայրը», Հայաստանի Արևմուտքը Թուրքիան է։
Հայաստանը դեռևս կուլ չի գնացել արևմտյան նախագծին, դեռևս երկընտրանքի առաջ է՝ մի կողմում՝ գաղափարախոսություն՝ ազգերի ինքնորոշման գաղափար՝ ի դեմս Սրցախի ժողովրդի ինքնորոշման, արդարության հաստատում՝ ի դեմս Հայ դատի ճանաչման, մյուս կողմում՝ գաղափարազուրկ սպառողական հասարակություն։
Լավ, ասենք՝ հանուն խաղաղության թող լինի թուրքի հետ քիրվայացած այդ սպառողական հասարակությունը։ Բայց արդյո՞ք Թադևոսյանի «երազանքը» իրականանա, «Ռուսաստանը ռադը քաշի», Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի։
Կրկին վերացարկվելով Հայաստանի տարածքից, աշխարհի համայնապատկերին նայելով՝ տեսնում ենք, որ այնտեղ, ուր Հայաստանն է՝ Միջին Արևելքի հարևանությամբ, եռում է կրոնական, էթնիկական, ազգային հակասություններից, որ այդ հակասությունների մեջ ՆԱՏՕ֊ի միջամտությունները մեծ աղետների են հանգեցրել, ինչպես Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում։ Որ ՆԱՏՕ֊ի ամեն խառնակչություն մի նոր հրեշ է ծնում՝ ինչպես Ալ Քայիդան, Թալիբանը, ԴԱԻՇ֊ն են։ Որ ՆԱՏՕ֊ն օղակը սեղմելով, ի վերջո, կարող է Ռուսաստանին ստիպել նահանջել և իր սահմաններում ամուր դիմադրություն ստեղծել։ Եվ որ Հայաստան, հրաժարվելով իր անվտանգության համակարգից ու ծառայելով ՆԱՏՕ֊ի նպատակներին, ուղղակիորեն իրեն կհանձնի տարաբնույթ հրեշների երախը։
Վահան Իշխանյան