կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 18:06
Հասարակություն

Երբ աշակերտ ունենալը դառնում է երազանք

Երբ աշակերտ ունենալը դառնում է երազանք

Հեռավոր մարզերի դպրոցների խնդիրներ. երևի արդեն մոտավոր պատկերացնում եք նյութիս բովանդակությունը: Երաշխավորում եմ, որ մինչև վերջաբանին հասնելը անպայման մի քանի անգամ հանդիպելու եք «արտագաղթ», «աղքատություն», «գործազրկություն» բառերին: Դե, դա բնական է, այս երեք բառերի համադրությունը անկախացումից հետո Հայաստանի մարզերին, հատկապես` գյուղական համայնքներին վերաբերող ցանկացած նյութի անբաժանելի մասնիկն է:

 

Սակայն մինչ նյութին անդրադառնալը պատկերացնենք մի դրվագ` քաղաքային կյանքից:

 

- Այս տարի դպրոցումդ քանի՞ առաջին դասարան կա,- ուսումնական տարվա մեկնարկին Երևանի դպրոցի տնօրեններից մեկը հարցնում է մեկ այլ տնօրենի:

 

-Դե, մի 4 դասարան հաստատ կլինի` ա, բ, գ, դ, իսկ քո դպրոցու՞մ:

 

-Ինձ մոտ էլ երևի այդքան, դե իմ դպրոցը մեծ չէ, թե չէ` գիտես, բոլորը ձգտում են իրենց երեխաներին իմ դպրոց բերել: Գիտե՞ս, թե քանի պատգամավորի և նախարարի երեխա է սովորում իմ դպրոցում, այս տարի էլ` մի հատ ընենց պաշտոնյայի երեխա եմ ընդունե~լ,-պարծենում է մյուսը:

 

Մոտավորապես նույն իրավիճակը պատկերացնենք հեռավոր մարզերի դպրոցների տնօրենների պարագայում:

 

-Այս տարի քանի՞ առաջին դասարանցի ունես:

 

-6 հոգի, մինչև տարվա վերջ մեկն էլ ընտանիքի հետ մեկնելու է արտերկիր` մշտական բնակության, այսինքն` կմնան 5-ը: Իսկ դու՞:

 

-Տարին տարվա վրա էրեխեքը պակասում են. նախորդ տարի 9-նն էին, այս տարի` 8-ը, եկող տարի` Աստված գիտի…

 

Իրականում այս օրինակներից յուրաքանչյուրն իր մեջ ճշմարտության հատիկ է պարունակում, սակայն խնդրի լրջությունը պատկերացնելու համար ներկայացնենք իրական փաստեր: Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքի դպրոցն այս տարի առաջին դասարանցի չի ունեցել: Մի համայնքի համար, որն ունի խմելու ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման, գյուղատնտեսական մթերքի իրացման, գազիֆիկացման, գործազրկության և բազմապիսի այլ խնդիրներ, նման կարգավիճակը նորմալ է: Էլ չենք խոսում գյուղի բնակչության թվի մասին, որը հազիվ թե 150-ի շեմն անցնի:

 

Մարզում նման կարգավիճակում հայտնված գյուղեր էլի կան: Որոշ դպրոցներում էլ դպրոցահասակ երեխաներն այնքան քիչ են եղել, որ ծնողները ստիպված նրանց ուղարկել են հարևան գյուղի դպրոց: Օրինակ` Փոքր Սեպասարի առաջին դասարացիները հաճախում են հարևան` Մեծ Սեպասարի դպրոցը: 5-ական առաջին դասարանցի ունեն մարզի Կարմրավան, Ջրափի, Թավշուտ գյուղերը: Ի դեպ, այս գյուղերից Ջրափիում, որտեղ նախանցյալ տարի բնակվում էր 1140 մարդ, այս տարի մնացել է 840-ը, այսինքն` երկու տարվա ընթացքում գյուղն անվերադարձ լքել է 300 մարդ:

 

Նույնքան մարդ էլ լքել են մարզի Նահապետավան համայնքը: 90% արտագաղթի ցուցանիշ ունեցող այս գյուղում այժմ բնակվում է 800 մարդ, հիմնականում` ծերեր և կանայք: Նահապետավանի նորընտիր գյուղապետ Գոռ Պետրոսյանի խոսքով` գյուղից հեռանում են նրանք, ովքեր ի վիճակի են, իսկ ովքեր` ոչ, փորձում են այստեղ աշխատանք գտնել:

 

«Օրինակ` գյուղացիներից ոմանք աշխատում են «Արթիկ» ՔԿՀ-ում»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը և հավելեց, որ նոր-նոր փորձում են համայնքում զարգացնել գյուղատնտեսությունն ու անասնապահությունը:

 

Այս տարի մարզի համայնքներից Վարդաքարի դպրոցն ընդունել է 9, Կառնուտի և Կամոյի դպրոցներն էլ` 11-ական առաջին դասարանցի: Համեմատաբար «մեծ թվով» առաջին դասարացիներ` մոտ 15-ը, ընդունվել են Քարակերտի դպրոց: Ի դեպ, այս գյուղում ուսումնական տարին մեկնարկեց ցավալի կորստով: Օգոստոսի 30-ի առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարը խլեց 4 քարակերտցու կյանք, այդ թվում` դպրոցի փոխտնօրեն, պատմության ուսուցիչ, 40-ամյա Վաչագան Ասատրյանինը: Ինչևէ, շարունակենք վիճակագրությունը…

 

Տուֆաշեն համայնքի դպրոց սեպտոմբերին ընդունվել է 3 աշակերտ, որոնցից մեկին 2 օր անց ծնողները տեղափոխել են հարևան` Սարալանջի դպրոցը` համեմատաբար «մեծ» դասարանում սովորելու ակնկալիքով: Իրենք էլ ժամանակավոր բնակություն են հաստատել հենց այս գյուղում: Տուֆաշենցի երեխայի գալստյամբ Սարալանջի առաջին դասարանցիների թիվը հասել է 9-ի: Գյուղացիների հավաստմամբ` գյուղից տարեկան արտերկիր մշտական բնակության է մեկնում 4-5 ընտանիք` միջին հաշվով 20-25 մարդ: Այսպիսով` Տուֆաշենի դպրոցն իր 2 աշակերտով հավասարվել է Փանիկի դպրոցին:

 

Աշակերտների` տարեցտարի նվազող թիվը, բնականաբար, չէր կարող անհետևանք մնալ դպրոցների աշխատակազմի վրա: Նման պարագայում Շիրակի մարզի որոշ դպրոցներում հաստիքների կրճատումների խնդիր է առաջացել: Ներկայումս նման խնդրի են բախվել մարզի Սիզավետ և Թավշուտ գյուղերը: Yerkir.am-ի հետ զրույցում Թավշուտի դպրոցի տնօրեն Ալեքսան Սոֆոյանը նշեց, որ ինքը ստիպված է աշխատանքից ազատել մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչին և գործավարին: Իսկ օրեցօր աճող արտագաղթի և աղքատության պայմաններում տնօրենը չի բացառում նաև իր` գործազուրկ դառնալը:

 

Այս պատկերն ընդամենը մարզի մի շարք դպրոցների վերաբերյալ yerkir.am-ի հպանցիկ ուսումնասիրության արդյունքն է, որը սահմանափակվեց միայն վիճակագրական տվյալներ ներկայացնելով: Ավելորդ համարեցինք խոսել դպրոցների անմխիթար պայմանների և շատ ու շատ այլ խնդիրների մասին, որովհետև աշակերտի կարոտ դպրոցների համար դրանք երկրորդական հարցեր են: Իսկ այսքանն էլ բավարար է պատկերացում կազմելու համար այն տխուր ապագայի մասին, որը սպասվում է այս դպրոցներից յուրաքանչյուրին:

 

Արտագաղթն ուժգնանում է, գործազրկությունն ու աղքատությունն էլ` կրնկակոխ հետապնդում նրան, նախագահի` դպրոցաշինության զարգացման ծրագիրն առաջնահերթ մարզեր ուղղելու քաղաքականությունն էլ` մնում անարդյունք… Շահում են միայն դպրոցաշինության ծրագրի «նվիրյալները», ովքեր ծրագրից գռփած գումարներով շտապում են «շենացնել» իրենց հերթական ամառանոցը կամ էլիտար շենքը: Սակայն դա էլ չեն հասցնում մինչև վերջ «մարսել» (հիշենք Վերահսկիչ պալատի այս տարվա բացահայտումները, որոնք վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին, այդ թվում` վերը նշված ծրագրին):

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Հ.Գ. Մինչ իշխանությունները փորձում են այս կամ այն ապօրինությունը բացահայտելով ժողովրդի աչքին թոզ փչել` ձևականորեն ցուցադրելով, որ Հայաստանում անպատժելի մարդ չկա, հեռավոր մի գյուղում ևս մի ընտանիք լքում է երկիրը: Արդյունքում ծնվում է «արտագաղթ, աղքատություն, գործազրկություն» եռամիասնության մասին պատմող հերթական լրագրողական նյութը: