կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 16:14
Հասարակություն

Երբ զուգարան ունենալը հեռավոր երազանք է

Երբ զուգարան ունենալը հեռավոր երազանք է

Կոնդի բնակիչ` 64-ամյա Սոնիկ Ասոյանն արդեն 37 տարի է` երազում է տան կենցաղային պայմանների բարելավման մասին: Տիկին Սոնիկենց բակում չորս ընտանիք է ապրում, որոնցից երեքը մի զուգարանից են օգտվում եւ երբեմն էլ առավոտյան զուգարանի համար հերթ կանգնում:

 

«Ո՞վ է տեսել, որ էս դարում մի մետրանոց զուգարանից մի քանի ընտանիք օգտվի»,- զարմանում է տիկին Սոնիկը` հավելելով, որ թոռները 9-7 տարեկան են, բայց մինչեւ հիմա դույլում են հոգում բնական կարիքները: Ընդհանուր զուգարանը գտնվում է տնից մի քանի մետր հեռավորության վրա, իսկ լոգարան ընդհանրապես չկա:

 

Կոնդի բնակչուհու խոսքով` մարդը կարող է ապրել առանց լոգարանի, իսկ ահա զուգարանի հարցը նրանց շատ է մտահոգում. «Լողանալու համար հազար ու մի միջոց կա. բարեկամի տուն կարող ես գնալ կամ հասարակական բաղնիք, կամ ծայրահեղ դեպքում մի քիչ ջուր կարող ես տաքացնել, վրադ լցնել, որ հանկարծ չհոտես, բայց ինչպե՞ս կարող ես զուգարան գնալու համար րոպեն մեկ մարդկանց նեղություն տալ, վերջապես, ամոթ է, չէ՞»: Իրենց զուգարանից օգտվելու համար, ինչպես ասում է տիկին Սոնիկը, մարդ պետք է քիթը փակ մտնի, հակառակ դեպքում, շնչահեղձ կլինի: «2 րոպեից ավելի չենք կարող մնալ ներսում, հոտից կխելռենք»,- ասում է նա ու ավելացնում, որ երեխաները վախենում են մտնել զուգարան, որովհետեւ անհարմար է եւ անզգույշ շարժումի դեպքում, կարող են հայտնվել մեջը:

 

Տիկին Սոնիկի կարծիքով` իրենց համար լավագույն լուծումն այն է, որ մի փոքր տարածք տրամադրեն` առանձին զուգարան կառուցելու համար:

 

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ