կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 14:19
Առանց Կատեգորիա

Արդյո՞ք մեզ պետք է երկրորդ Մուսա լեռ. Խաչիկ Ջոզիկյան

Արդյո՞ք  մեզ  պետք է  երկրորդ Մուսա լեռ. Խաչիկ Ջոզիկյան

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար եւ Լիբանանում նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին, մասնավորապես ասել է, որ Հալեպում 30 հազարից ավելի հայեր պատանդի կարգավիճակում են եւ մի շարք մեղավորների է մատնանշել, այդ թվում` ՀՅԴ-ին: ՀՅԴ -ի նախաձեռնած «Օգնիր եղբորդ» բարեգործական ծրագրի  Սիրիայի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանը yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արման Նավասարդյանի հռետորական հարցին, թե «ո՞ւր է ՀՅԴ-ն» ասաց.

 

«Երեկվա հարցազրույցը իսկապես շատ անակնկալ էր մեզ  համար եւ, մասնավորապես, այն սիրիահայերի, ովքեր գտնվում են Հայաստանում:  Պարոն Արման Նավասարդյանը, ըստ երեւույթին, տեղյակ չէր անցնող իրադարձություններին, եւ թե ինչ աշխատանք է տարել ՀՅԴ-ն  տարբեր ուղիներով սիրիահայությանը հասնելու, նրանց բոլոր առումներով (փակագծերը չեմ բացում) օգտակար լինելու համար: Ես կրկին կցանկանամ հիշեցնել բոլորին, որ մեկ տարի առաջ, երբ կազմվեց «Օգնիր եղբորդ» բարեգործական ծրագիրը,  երկու օդանավով օգնություն ուղարկվեց Սիրիա, այստեղ վեց ամիս բոլոր սիրիահայերին սնունդ եւ նյութական օգնություն ցուցաբերեցին, եւ ժողովրդին բարվոք վիճակի մեջ պահելու աշխատանքները չդադարեցին:

 

Այսուհետ, եթե կան քաղաքական առումով ինչ-որ հարցադրումներ, այստեղ դրված են` սկսած ՀՀ նախագահից, Վեհափառներից եւ ՀՅԴ-ից: Յուրաքանչյուրը` իր սահմանների մեջ, ավելի քան հետաքրքրված է սիրիահայերի հարցերով` ապահովության, թե օգնության: Երկու Վեհափառները ջանքը չեն խնայում սիրիահայերին հասնելու համար: Նախագահը եւ արտաքին գործերի նախարարությունը,  վստահ եմ, ևս  ձեռնունայն նստած չեն եւ ուշադիր են, որ սիրիահայերը նվազագույն վնասով դուրս գան այս իրավիճակից:

 

Իսկ թե ի՞նչ կլինի այնտեղ, որեւէ մեկը չի կարող ասել, քանի որ պատերազմ է: Կարող եմ ասել, որ թե' Դամասկոսում գործող Հայաստանի դեսպանատունը եւ թե' Հալեպում հյուպատոսարանը աշխատում են իրենց դիվանագիտական կեցվածքով նեցուկ լինել հայությանը և օգտագործում են թե' Սիրիայի կառավարության, թե' հակադիր ուժերի եւ թե' տարբեր երկրների հետ իրենց հարաբերությունները, որպեսզի անվտանգ մնա սիրիահայերի գաղութը` մեծ գաղութը, որն այսօր նոսրացել է:

 

Ինչ վերաբերում է գաղթօջախի փակմանը, կարծում եմ` դա կնշանակի նոր խաչքար կանգնեցնել: Արդյո՞ք  մեզ  պետք է  երկրորդ Մուսա լեռ: Արդյո՞ք այդքան ստեղծածը, կառուցածն ու կուտակածը պետք է թողնենք ուրիշներին և նավերով դուրս գանք այդտեղից:   Ո՞վ ասաց, որ սիրիահայը պետք է դուրս գա իր գաղութից: Նման հայտարարություններ անողները արդյո՞ք սիրիահայության հավաքական կարծիքը հարցրել են»: