կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-02 17:54
Հասարակություն

Լեռ «ներխուժելու» մեղադրանք. «Լիդիան»-ը հաղորդում է ներկայացրել արշավականի դեմ

Ինչպե՞ս կարող էր արշավախումբը «լեռ ներխուժել». Yerkir.am-ի հետ զրույցում լեռնամագլցող, «Արմլենդ» արշավական ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքն անհեթեթություն որակեց՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ոստիկանություն՝ իր դեմ ներկայացված հաղորդմանը:

«Մենք ամեն շաբաթ լեռ ենք բարձրանում, սեպտեմբերի 29-ին որոշեցինք բարձրանալ Ամուլսարը: Բարձրացանք-հասանք 2800-2850 մետր բարձրության, աշխատողները մոտեցան, ասացին, որ չի կարելի բարձրանալ: Բայց մենք, խմբի անվտանգությունից ելնելով, որոշեցինք հասնել գագաթը: Խումբն արդեն ավելի քան հինգ ժամ քայլել էր, և պիտի հանգստանայինք, ամենահարմար տեղը գագաթն էր: Հաջորդ օրը քննիչները մոտեցան, բացատրություն գրեցինք»,- պատմեց Արտյոմ Մարտիրոսյանը:

«Լիդիան» ընկերությունը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել սեփական տարածք մտնելու՝ ներխուժելու և գույքի գողության ու վնասման կասկածների հիմքերով: «Այնտեղ մենք, բացի քարից ու լեռնագագաթից, ուրիշ բան չենք տեսել»,- ասաց արշավականը:

Նա նշեց, որ նախապես իրենց ոչ ոք չի տեղեկացրել, որ լեռը «սեփականաշնորհված» է, և չի կարելի բարձրանալ. դրա մասին իրենք իմացել են գագաթից գրեթե 10-20 մետր հեռավորության վրա: Արշավների կազմակերպման ավելի քան 5 տարվա փորձ ունեցող Արտյոմ Մարտիրոսյանի խոսքով՝ թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում լեռներ մագլցելիս, արշավների գնալիս առաջին անգամ են նման արգելքի մասին լսում: «Եղել են դեպքեր, երբ արգելոցներ, արգելավայրեր մտնելու համար թույլտվություններ ենք ստանում պահպանման տարածքներից: Իսկ որ նման կերպ մոտենան, ասեն՝ այս սարը սեփականաշնորհված է, հետ վերադարձեք, առաջին անգամ էր լինում»,- ասաց նա:

Որպես արշավների կազմակերպիչ՝ Արտյոմ Մարտիրոսյանը նշում է, որ դեպի Ամուլսար ճանապարհը, որպես զբոսաշրջային երթուղի, կարող է օգտագործվել, եթե սարը  չշահագործվի՝ որպես հանք: «Եթե շահագործվի ու թույլ չտան բարձրանալ, բնականաբար, չենք կարող բարձրանալ: Եվ եթե հանք լինի, բնականաբար, այդ երթուղիները չենք կարող օգտագործել տուրիզմի զարգացման համար»,- ասաց Մարտիրոսյանը:

Առավել մանրամասն՝ տեսնայութում: