կարևոր
4294 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-13 18:01
Հասարակություն

Թուրքիան ընդդեմ «Մետրո-Գոլդուին-Մայեր»-ի․ «Մուսա լեռան 40 օրվա» ճգնաժամը

Թուրքիան ընդդեմ «Մետրո-Գոլդուին-Մայեր»-ի․ «Մուսա լեռան 40 օրվա» ճգնաժամը

Այշե Հուր

1933 թվականին լուրջ քաղաքական ճգնաժամ առաջացավ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև։ Ճգնաժամի պատճառը Պրահայում ծնված հրեա մտավորական Ֆրանց Վերֆելի (1890-1945) վեպի նկարահանման հնարավորությունն էր, որի սկզբնական անունը Die Vierzig Tage des Musa Dagh [Մուսա լեռան 40 օրը] էր:

Վեպում ներկայացվում է Միություն և առաջադիմություն կուսակցության վարչակազմի կողմից «պետության դեմ դավաճանության» մեղադրանքով հայ հպատակների՝ Դեր Զորի սիրիական անապատներ աքսորվելու ընթացքում Անթաքիայի մոտ գտնվող Մուսա լեռում ապաստանած յոթ հայկական գյուղերի հինգ հազար բնակիչների՝ օսմանյան ուժերի դեմ ցուցաբերած քառասունօրյա դիմադրությունը։

Ի՞նչ է տեղի ունեցել Մուսա լեռում 1915 թ

Վեպի հերոսներից Մուսա լեռը Հաթայի Սամանդաղ շրջանի սահմաններում գտնվող Ամանոս (Նուր) լեռների հատվածում, Ասի գետի ծովը թափվելու վայրի հյուսիսում, սուր ժայռերով ու խիտ թփուտներով 1555 մ բարձրությամբ մոնոլիտ լեռ է։

Հայտնի է, որ երբ Միսիս լեռան ստորոտի Քեսապում և Մուսա լեռան ստորոտի Բիթյաս, Հաբիբլի, Յողունոլուք, Հըդըր բեյ և Քաբբուսիե գյուղերում բնակվող հայերը լսեցին տեղահանության մասին հրամանը, անկողինները, վերմակները, հավերը, հացահատիկը և ուրիշ, ինչ որ կար, վերցնելով՝ 1915 թ․ հուլիսի 21-ին պատսպարվեցին Մուսա լեռան վրա։ Սակայն երբ Օսմանյան Կայսրության 41-րդ դիվիզիայից երկու գունդ և լեռնային հրետանային խումբ ուղարկվեց տարածաշրջան, գործերը հակառակ գնացին․ Մուսա լեռան ապստամբները, որոնց պաշարները սպառվել էին, ստիպված եղան լքել տարածքը։ Տարիներ անց ի հայտ եկած փաստաթղթերի համաձայն, 1915 թ․ սեպտեմբերի 12-ին ֆրանսիական նավերով 4083 մուսալեռցիներ հեռացվել են տարածաշրջանից։

Սկզբում փախստականներին փորձեցին բերել Կիպրոսի Լիմասոլ նավահանգիստ, սակայն երբ կիպրոսցի թուրքերն ու հույները կտրականապես դեմ արտահայտվեցին այնտեղ հայերի վերաբնակեցմանը, նրանց տարան Եգիպտոսի Պորտ Սաիդ։ Բայց այստեղ էլ նրանք չկարողացան նավը լքելու թույլտվություն ստանալ, քանի որ Եգիպտոսում բրիտանացի քաղաքական կոմիսարն ասաց. «Ինչո՞ւ բրիտանական գաղութներ, այլ ոչ թե ֆրանսիական: Թող հայերին այլ տեղ վերաբնակեցնեն»։ Երկար բանակցություններից հետո նավի վրա գտնվող մարդկանց «ժամանակավոր» պայմանով իջեցրեցին նավահանգստի մոտ գտնվող ռազմական օբյեկտ, սակայն բրիտանացիները, չցանկանալով վճարել ճամբարի մոտ 360 հազար ֆրանկ կազմող ծախսերը, խստորեն հայտնեցին ֆրանսիացիներին, որ հայերը պետք է ժամ առաջ լքեն երկիրը։

«Մոնարգա» հայկական լեգեոնը

Թունիսի նահանգապետը և Մարոկկոյի ֆրանսիացի ազդեցիկ մարշալ Լուի Լյոտայը դեմ են արտահայտվում փախստականներին Թունիս, Մարոկկո կամ Ալժիր տեղափոխելուն՝ պատրվակ բերելով մահմեդական ժողովրդի արձագանքը, և առաջարկում հայերին ուղարկել Կորսիկա և Հարավային Ֆրանսիա։ Մյուս կողմից, Ալժիրի նահանգապետը հարմար է համարում նրանց աշխատանքի տեղավորել Էգեյան ծովի Մուդրոս նավահանգստում՝ բեռնման և բեռնաթափման աշխատանքներում։ Ի վերջո առաջարկվում է «հայերից զենք բռնողներին ճամբարում հավաքել և ռազմական պատրաստություն անցկացնել նրանց հետ»։ Թեև Մուսա լեռան հայերի համայնքի ղեկավարներն առարկում են՝ ասելով, թե «Այնտեղ մնացած հայերի գլխին փորձանք կբերենք», իրենց ընդունող երկիր գտնելու հույսը կորցրած փախստականները ճարահատյալ համաձայնվում են  այս առաջարկին։

1916-ի վերջին ամիսներին մոտ հինգ հարյուր երիտասարդներ միացան Կիպրոսի Մագուսայից հյուսիս (այսօր՝ Գազի Մագոսա) Մոնարգայում (այսօր՝ Բողազթեփե) հիմնադրված Հայկական լեգեոնին։ Այլ մասնակիցներով մեծացած լեգեոնը ֆրանսիացիների հետ մեկնեց Կիլիկիա (Ադանայի շրջակայք) և մասնակցեցին որոշ վրեժխնդիր հարձակումների։ Սակայն լեգեոնը, որը 1919 թ․ ապրիլի 28-ին Մերսինում ֆրանսիացիների կողմից ստիպված եղավ հանձնել զենքերը, 1921 թ․ հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև ստորագրված Անկարայի պայմանագրով ամբողջովին լուծարվեց։

«Ի՜նչ տարօրինակ երեխաներ են սրանք…»

Պատմական պատումից վերադառնալով վեպի պատմությանը՝ 1911 թ․ առաջին գիրքը լույս ընծայած Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունների ընդհանրությունն այն էր, որ դրանք գրված էին բարոյախոսական տեսանկյունից: Վերֆելին այս գիրքը դրդեց գրել մի իրադարձություն, երբ վիեննացի հայտնի կոմպոզիտոր Գուստավ Մալերի այրու՝ Ալմա Մալերի հետ 1929 թ․ մեկնեց Սիրիա: Ալմա Մալերը, ով շուտով դառնալու էր նրա կինը, իր «Եվ կամուրջը սեր է» հուշագրության մեջ նկարագրում է Վերֆելի զգացմունքները Դամասկոսում գորգի արհեստանոց այցելելիս։

«Երբ անցանք դազգահների մոտով, տեսանք Էլ Գրեկոյի ստեղծագործությունների նման դեմքերով, կաշի-ոսկոր դարձած երեխաներ: Իրենց մեծ աչքերով գետնին էին նայում, վերցնում էին կծիկներն ու թելերը, և մեկ-մեկ ավելում հատակը։ «Այս ի՞նչ տարօրինակ երեխաներ են»,-հարցրեց Ֆրանց Վերֆելը աշխատանոցի տիրոջը։ «Այս խեղճերը՞։ Նրանց փողոցներից հավաքեցի և օրական 10 ղրուշ եմ տալիս, այսպիսով սովից չեն մեռնում։ Նրանք թուրքերի կողմից սպանված հայերի երեխաներն են։ Եթե ​​չվերցնեմ, սովից կմեռնեն, ոչ մեկի հոգը չեն։ Իրականում ի վիճակի չեն աշխատելու, շատ թույլ են»։ Զարմացած քայլեցինք։ Այլևս ոչինչ կարևոր կամ գեղեցիկ չէր թվում:

Վերադարձին Վերֆելը իր ընկեր Կոմս Կլաուզելի միջոցով դիմեց Ֆրանսիայի ռազմական նախարարություն, որտեղ, ինչպես տեղյակ էր, այդ գրառումներից մի քանիսը հավաքվել էին, և խնդրեց բոլոր համապատասխան փաստաթղթերը։ Օսմանյան փաստաթղթերը բացառելով, առաջնային և երկրորդական աղբյուրները երկար ուսումնասիրելուց և Մուսա լեռան դիմադրությանը մասնակցած հայր Թոմասին լսելուց հետո մի օր նա Ալմային ասաց. «Այս գիշեր ինչ-որ բան մտքովս անցավ: Իրականում հետապնդելով կառչեց ինձնից։ Ես չուզեցի, բայց նա ուզեց»։ Ապա սկսեց նկարագրել «իրեն հետապնդող գաղափարը»։ Մի վեպ էր պատրաստվում գրել։ Բացահայտելու էր թուրքական ազգայնականությունը և գրելու էր հայկական վայրագությունների պատմությունը։ Փորձելու էր թեթևացնել Դամասկոսում ջուլհակի դազգահների առաջ տեսած հայ որբ երեխաների տառապանքները։ Վերֆելը իր խոսքը կատարեց և 1933 թ․ վեպն ավարտեց։ Այժմ գիտենք, որ Վերֆելին վեպը գրել դրդողը միայն Դամասկոսի հայ որբերի հանդեպ կարեկցանքն ու պարտքը չէին: «Մուսա լեռան քառասուն օրը», ինչ-որ առումով հուսահատ ճիչ էր՝ կանխելու Հոլոքոստը, որի քայլ առ քայլ մոտենալը զգում էր Վերֆելը։ Հետևաբար՝  Ալմա Մալերը իր հուշերում նշում է. «Նա ցանկություն ուներ անմիջապես գրել այդ մասին (ինչի միջով էին անցնում հայերը), բայց կայծը դեռ չէր վառվել։ Այս գաղափարի մարմնավորումը պայմանավորված էր Գերմանիայում քաոսի սրմամբ, Հիտլերի քաղաքական հաղթանակի սպառնացող վտանգով և հրեաներին սպառնացող հալածանքներով։ (…) 1932 թ․ հուլիսից մինչև 1933 թ․ մարտը նա գրեց «Մուսա լեռան քառասուն օրը»»:

Իրականում շատ կերպարներ հորինված էին, այդ թվում՝ վեպի գլխավոր հերոս Գաբրիել Բագրատյանը։ Ըստ օսմանյան աղբյուրների, լեռան վրա դիմադրությունը տեւել է հիսուն երեք (երկու) օր, ոչ թե քառասուն օր, ինչպես Վերֆելն է ասում։ Դիմադրության առաջնորդ Տիգրան քահանա Անդրեասյանի հաշվառման տվյալներով՝ դիմադրությանը մասնակցել է 4200 մարդ, ոչ թե 5 հազար։ Չնայած թվային այս տարբերություններին, վեպում պատմվածները հիմնականում համատեղելի են բանավոր և գրավոր պատմական պատումների հետ։

Թուրքիայի Հանրապետությունն ընդդեմ «Մետրո-Գոլդուին-Մայեր»-ի

Սկզբնապես «Die vierzig Tage des Musa Dagh» վերնագրվելով,  Հիտլերի կանցլեր դառնալուց տասը ամիս անց՝ 1933 թ․ նոյեմբերին, երբ այն հրատարակվեց Վիեննայում՝ ուրիշ երկրներում ևս մեծ արձագանք գտավ: 1933 թ․ դեկտեմբերի 25-ին թուրքական կառավարության պաշտոնական մամլո օրգանը համարվող «Հաքիմիյեթ-ի Միլլիյե» պարբերականում հրապարակվեց Ֆալիհ Ռըֆքըի հեղինակած հոդվածը, որ զգուշացում էր՝ ուղղված գերմանացի պաշտոնյաներին։ Դեկտեմբերի 27-28-ին, միևնույն թերթում Բուրհան Ասաֆ Բելգեն կծում է Վերֆելին՝ գրելով, թե «գրքից պարզ է դառնում, որ հեղինակը բազմաթիվ հայերի սուրճն է խմել»։

Հար և նման հոդվածները կարճ ժամանակում իրենց ազդեցությունը թողեցին, և Գերմանիայի նացիստական ​​կառավարության քարոզչության նախարար Գեբելսը հայտարարեց «Ի նշան Թուրքիայի հետ իրենց բարեկամության» գրքի արգելքի մասին։ Սակայն ուշ էր, քանի որ գիրքն արդեն դարձել էր գերմանացի հրեաների սեղանի գիրքը։ Վեպը կարդացած մոտ երկու հարյուր հրեաներ այցելեցին Մուսա լեռ։ Այնուամենայնիվ, ճնշումները պետք է արդյունք տային, որովհետև, ըստ 1934 թ․ հունվարի 29-ին Բեռլինում լույս տեսած լուրերի՝ «Մուսա լեռ» գիրքն արգելվել էր գերմանական կառավարության կողմից։ Ավելին, քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը հայտարարեց, որ Գերմանիայի կառավարության ձեռնարկած այս միջոցառմամբ ցանկանում է հաստատել Թուրքիայի հանդեպ իր անկեղծ բարեկամության զգացումը։

«Մետրո-Գոլդուին-Մայեր»-ը ձեռք է բերում ֆիլմի նկարահանման իրավունքը

Սակայն աշխարհի մյուս կողմում դեռ գեբելսներ չկային։ 1934 թ․ դեկտեմբերին գրքի անգլերեն հրատարակության 35000 օրինակը վաճառվեց։ Այս թիվն այն ժամանակների համար ռեկորդ էր։ ԱՄՆ-ում գիրքը հրատարակող «The Viking Press» հրատարակչությունը հայտարարել էր, թե գիրքը «մեծ գրականության և հերոսական պատմության հիանալի համադրություն» է, «New York Times»-ի գրքի խմբագիրը մարգարեացել էր, որ «Եթե Հոլիվուդը չձախողի, դա հիանալի ֆիլմ կլինի»։ Այսպիսով Հոլիվուդի հսկաները մտել էին վեպի հեղինակային իրավունքը ձեռք բերելու մրցավազքի մեջ։ Արդյունքում, վիեննական հրատարակիչը Վերֆելին համոզեց 20000 դոլարի դիմաց գրքի էկրանավորման իրավունքը վաճառել այն ժամանակվա հսկաներից մեկին՝ «Մետրո-Գոլդուին-Մայեր»-ին (Metro-Goldwyn-Mayer)։

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Մյունիրը (Էրթեգյուն) այցելում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Մերձավոր Արևելքի գործերի վարչություն և իմանում, որ «Paramount» ընկերությունը ցանկանում է էկրանավորել գիրքը, և հայտնում, թե, գիտակցում է, որ ԱՄՆ կառավարությունը հնարավորություն չունի միջամտելու հարցին, բայց հիշեցնում է, որ եթե նման բան լինի, դա կհանգեցնի ԱՄՆ-ում հակաթուրքական զգացմունքների զարգացմանը։ ԱՄՆ-ի պաշտոնյաներն արեցին անսպասելին` նամակ գրելով Ամերիկյան կինոարդյունաբերության գրաքննության գործակալության՝ MPPDA-ի նախագահ Ուիլ Հեյսին` հարցնելով Paramount Corporation-ից, թե արդյոք նրանք նման ծրագիր ունեն: Պատասխանում ասվում էր, որ ոչ թե Paramount-ը, այլ «Մետրո-Գոլդուին-Մայեր»-ն է սցենար պատրաստել Ֆրանց Վերֆելի գրքի հիման վրա, սակայն սցենարը կենտրոնացած չէ հայկական իրադարձությունների վրա կամ նույնիսկ որևէ անդրադարձ չի արվել, այլ պտտվում է վեպի գլխավոր հերոս Գաբրիել Բագրատյանի անձնական կյանքի շուրջ։ ԱՄՆ-ի իշխանությունները ընկերության այս պատասխանը փոխանցեցին Մեհմեդ Մյունիրին։

MGM-ի հետ կապված մի ընկերության մենեջեր Ռոբերտ Ռուբինը զգուշացրել է MGM-ի մենեջեր Մայերին «հարցի զգայունության» մասին և առաջարկել նրան «զգույշ վերաբերվել դրան, գոնե այնպես, որ չանհանգստացնի թուրքերին»: Նկատի ունենալով նախազգուշացումը, Մայերի փեսան և MGM-ի պրոդյուսեր Դեյվիդ Օ. Սելզնիկը կարծում էր, որ նա կարող է կանխել արձագանքները այնպիսի սցենարով, որում միայն մեկ թուրք կներկայացվի որպես մարդասպան, այլ ոչ թե ամբողջ ազգը կներկայացվի այդ թերությամբ: Չբավարարվելով դրանով, նա խնդրել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Մյունիրի համաձայնությունը։ Այս լավ միտումնավոր քայլը սկիզբ եղավ MGM-ի դեմ Թուրքիայի մեծ պատերազմին: Հիշեցնենք, որ այդ տարիներին «հայկական սփյուռքը» կամ «սփյուռքի ցեղասպանության պահանջները» դեռևս գոյություն չունեին։

Գրքի մուտքը Թուրքիա արգելված է

1935 թ․ հունվարի 13-ին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրած հրամանագրով արգելվում է գրքի ներմուծումը Թուրքիա։

Երբ մոտենում էր Տեղահանության (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբ) սկսելու խորհրդանշական 20-ամյակը՝ 1935 թ․ ապրիլի 24-ը, հասկացվում էր, որ MGM-ը դեռ չի հրաժարվել նախագծից, և սպառնալիքներ հնչեցին, որ եթե ֆիլմը նկարահանվի, MGM-ի ֆիլմերի մուտքը Թուրքիա կարող է արգելվել։ Երբ MGM-ի Թուրքիայի ներկայացուցիչ Ֆահիր Իփեքչին ասաց, որ այդ դեպքում ընկերությունը մեծ վնաս կկրի, MGM-ն խոստացավ որոշակի փոփոխություններ կատարել սցենարում, սակայն դա չբավարարեց թուրքական կողմին։

Հրեանե՜ր, զգու՛յշ

Ռըֆաթ Ն. Բալիից տեղեկացանք, որ ֆիլմի մասին առաջին լուրը թուրքական մամուլում հայտնվել է 1935 թ․ մայիսի 29-ին՝ «Haber Akşam Postası» թերթում։ «Հյուսիսային Կարոլինա նահանգում բնակվող թուրք ուսանող Նիհաթ Ֆերիդի» գրած նորության մեջ նշվում էր, որ MGM-ի կողմից էկրանավորվելու է Ֆրանց Վերֆելի վեպը, իսկ գլխավոր դերը կկատարի Քլարկ Գեյբլը։ Այնուհետև ինտենսիվ գրագրություն է սկսվում Թուրքիայի արտգործնախարարության և ԱՄՆ արտգործնախարարության միջև։ 1935 թ․ հունիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Քորդել Հուլլի ստորագրած նամակում ասվում էր, որ ֆիլմը չի նկարահանվի առանց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հավանության։ «Cumhuriyet» թերթը 1935 թ․ սեպտեմբերի 4-ին հեռագիր է ուղարկել MGM ընկերություն՝ հարցնելով «Մուսա լեռ» ֆիլմի նկարահանվել-չնկարահանվելու մասին։ 1935 թ․ սեպտեմբերի 5-ին, երբ ստացվում է «Մինչև հիմա այդ հարցի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել» պատասխանը, «Akşam Postası»-ում գրվում է «Հրեակա՜ն կազմակերպություններ, զգուշացե՛ք։ Մի ֆիլմի շահույթի պատճառով մի՛ զայրացրեք թուրքերին, որոնք մինչ այժմ ձեր ցեղի նկատմամբ թշնամանք չեն ցուցաբերել»։ «Ազգային գործին» աջակցող «Ulus», «Hürriyet» և «Cumhuriyet» թերթերն առաջին էջից արդեն սկսել էին իրենց բողոքի արշավը։ Պաշտպանական ելույթը ծանոթ էր՝ «Հայկական հարցը կարգավորվել և մոռացվել է։ Այլապես ինչպե՞ս բացատրել, որ մեջլիսում ներկայում հայ անդամներ կան։ Ի՞նչ նպատակ է հետապնդում MGM-ն փակված խնդիր առաջ քաշելիս»։ Նկատի ունեին 1935 թ․ փետրվարի ընտրություններում որպես Աֆիոնի պատգամավոր խորհրդարան մտած Պերճ Քերեստեճեան-Թյուրքերին։

Հոդվածներում ընդգծվում էր, որ և՛ Վերֆելն է հրեա, և՛ MGM-ն է «հրեական ընկերություն», և ակնարկվում էր, որ միջադեպը «հայ-հրեական դավադրություն» է։ Օրինակ, «Ulus»-ից Բուրհան Ասաֆ Բելգեն ասում էր. «Սա հայկական հեքիաթ է: Բայց գրվել է հրեայի կողմից»:

Ոչ մուսուլմանները՝ կրակի տակ

Նույն օրերին Ստամբուլում փաստացի շրջափակման մեջ գտնվող «Հայ մարմնի խորհուրդը» հարկադրված էր հավաքվել և հայտարարել միջադեպի դատապարտման մասին։ Հայ համայնքի առաջատար դեմքերից դոկտ. Արշակ Սուրենյանը հայտարարեց, թե ինչպես է «հայերին շահագործելու հրեայի փորձը՝ բացառապես ֆինանսական խնդիրներից ելնելով գործելով, և հրեական մեկ այլ հաստատության՝ MGM կինոընկերության մասնակցությունը» ազդել բոլոր հայերի վրա։ Դեկտեմբերի 13-ին «Սարայ» կինոթատրոնի տնօրեն Ֆրանկոն, «Մելեք» և «Ալհամրա» կինոթատրոնները ղեկավարող Իփեքչի եղբայրներից Իհսան Իփեքչին, և «Սյումեր» կինոթատրոնի տնօրեններից Ռաուֆ բեյը հայտարարեցին, որ եթե ֆիլմը թարգմանվի, իրենք չեն ցուցադրի MGM-ի ֆիլմերից որևէ մեկը իրենց կինոսրահներում։ «Cumhuriyet»-ից Աբիդին Դավերն ասել է. «Հակաթուրք հրեաների վրա առաջին հարձակումը դո՛ւք պետք է կատարեք, մեր հրեա քաղաքացիներ: Սա ձեր պարտքն ու պարտականությունն է այն երկրի ու ազգի հանդեպ, որտեղ ապրում եք»։ Յունուս Նադին վիրավորել է Վերֆելին՝ «Հուդայի դերը կատարող հրեա գրագիր», Էրջումենտ Էքրեմ Թալուն՝ «թափառական հրեա» ասելով։

Ուղերձ ստանալով՝ «Հայոց մարմնի խորհուրդը» 1935 թ․ դեկտեմբերի 15-ին հայտարարություն է տարածել՝ բողոքելով ֆիլմի դեմ։ Այնուհետև, մի խումբ հայեր այրեցին կամ ստիպված եղան այրել Ֆրանց Վերֆելի լուսանկարն ու գրքերը Փանգալթըի հայկական եկեղեցու այգում, ճիշտ այնպես, ինչպես 1933 թ․ մայիսի 10-ին «նացիստ երիտասարդության մաքրագործումը ոչ գերմանական գրքերն այրելով»: Կրակը վառողը «Ազդարար» և «Նոր լուր» թերթերի թղթակից Աշոտ Քեչյանն էր։ Մինչ գրքերն այրվում էին, Փանգալթըի եկեղեցու «երգչախմբի ընկերակցությամբ» ուսանողները՝ աղջիկներ և տղաներ, միաձայն երգում էին Թուրքիայի օրհներգը։ Ավելի ուշ համայնքի Բեյօղլուի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Ասլանը հանդես եկավ հետևյալ ելույթով.

«Հայրենակիցնե՛ր։ Թրքահայերը թերթերից իմանալով, որ ազնվական և ազնիվ թուրք ազգի մասին զրպարտություններով լի գիրք է գրվել, խստորեն բողոքում են այդ անազգ ամբարտավան հանդգնության դեմ, որը շահագործում է հայերի անունը միայն անձնական շահեր հետապնդելու համար։ Դարերից ի վեր առաջին անգամ մեր Մեծ նախագահ Աթաթուրքի հաստատած դրախտում եղբայրական կյանքով ապրել սկսած թրքահայերը այս սուրբ հայրենիքի հանդեպ իրենց ի սրտե կապվածությունն ապացուցելու համար հրապարակավ այրելով մեր սուրբ հայրենիքը դաված Ֆրանց Վերֆելի անեծքը և նրա մոլորությունը, որը կոչվում էր «Մուսա լեռան 40 օրը», ցանկանում ենք ողջ աշխարհին հայտարարել, որ մեր մեջ տարաձայնություններ առաջացնել ցանկացողների ճակատագիրը հենց այդպիսի մահն է։ Վա՜յ նրան, ով լեզու և ձեռք կերկարացնի թրքության դեմ»։

Արարողությունն ավարտվեց մասնակիցների «Վա՜յ նրանց» աղաղակներով։

Հունաստանի և Ֆրանսիայի աջակցությունը

Այդ ընթացքում Բուլղարիան, Ռումինիան, Հարավսլավիան և Հունաստանը նույնպես միացան երգչախմբին և զգուշացրին MGM-ին, որ նկարահանվելու դեպքում ֆիլմն այս երկրներում չի ցուցադրվի։ Հունաստանի վերաբերմունքն այսօրվա տեսանկյունից կարող է զարմանալի թվալ, սակայն Հունաստանն ու Թուրքիան 1930 թ․ ի վեր իրենց երկրորդ գարունն էին ապրում: 1933 թ․ Վենիզելոսը Աթաթուրքին առաջադրել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածության։ 1934 թ․ երկու երկրները ստորագրեցին Բալկանյան դաշնագիրը։ 1936 թ․ Ֆրանսիան, որը փորձում էր Բրիտանիայի հետ Թուրքիային իր կողմը քաշել Հիտլեր-Մուսոլինի գծի դեմ, սպառնաց արգելել բոլոր MGM ֆիլմերը, եթե ֆիլմը ստեղծվի: Ի լրումն դրա, MGM նախագահ Ջ․ Ռոբերթ Ռուբինը ձեռնոց նետեց և հայտարարեց, «չնայած «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմարտադրության տեսանկյունից հրաշալի հնարավորություններ է ընձեռում, կհամաձայնի, որ այն նկարահանվի այլ ստուդիայի կողմից։ Այնուհետեւ հնչեցին ընկերության մյուս ղեկավարների հայտարարությունները։

Թեև 1937 թ․ և 1938 թ․՝ Աթաթուրքի մահից հետո այդ հարցը կրկին օրակարգ եկավ, թե՛ MGM-ի ղեկավարները, թե՛ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաները Թուրքիային երաշխավորեցին, որ նման բան չի լինի։ Այսպիսով, և՛ կինոյի հսկա MGM-ը, և՛ ԱՄՆ-ի հայտնի ազատության սկզբունքը տապալվեց թուրքական պետության կողմից։

Ֆրանց Վերֆելի վեպը թուրքերեն թարգմանվեց միայն 1997 թ․՝ «Belge» հրատարակչության կողմից։ 1933-1938 թթ․ մեծ ապոկալիպսիսի պատճառ դարձած վեպն այս անգամ ուշադրություն չգրավեց։

Դրանից հետո Մուսա լեռան հայերը վերադարձան այն ժամանակ ֆրանսիական մանդատի ներքո գտնվող Իսքենդերունի մարզ և հաստատվեցին այսօրվա Վաքըֆլը գյուղում։ 1939-ին մարզի (Հաթայ անվամբ) Թուրքիայի սահմաններում ընդգրկվելուց հետո, մի քանի ընտանիքից բացի, բոլորը գնացին Լիբանան՝ Բեյրութի մոտ գտնվող Այնճար։ Ձախական հակումներ ունեցողները 1946-ին մեծ հույսերով ներգաղթեցին Հայաստան։ Մի մասն էլ, Դիարբեքիրի գրող Մկրտիչ Մարկոսյանի խոսքերով, «համրիչի քարերի պես» ցրվեցին աշխարհով մեկ։ Հայաստանում մնացածների մի մասը զոհվել է 1988 թ․ Երևանի երկրաշարժից (հոդվածի հեղինակը Սպիտակի երկրաշարժը սխալմամբ Երևանի երկրաշարժ է անվանում-Ակունքի խմբ)։ Այստեղ մնացին 35 տնով Վաքըֆլը գյուղը և Մուսա լեռան առասպելները․․․

Ամփոփ գրականություն

Franz Werfel, Musa Dağ’da Kırk Gün, (Çev. Saliha Nazlı Kaya), Belge Yayınları, 1997; Rıfat N. Bali, Musa’nın Evlatları Cumhuriyet’in Yurttaşları, İletişim, 2003, s. 109-40; Edward Minasian, “The Forty Years of Musa Dagh: The Film That Was Denied,” Journal of Armenian Studies, Vol. III. No. 1-2, 1986-87, s.121-31; Halil Aytekin, Kıbrıs’ta Monarga (Boğaztepe) Ermeni Lejyonu Kampı, TTK Yayınları, 2000.

Թուրքերենից թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net