կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-04 22:29
Քաղաքական

Չես կարող ղեկավարել` գնա, թող գա ուրիշը, թեկուզ՝ քո թիմից

Չես կարող ղեկավարել` գնա, թող գա ուրիշը, թեկուզ՝ քո թիմից

Yerkir.am-ի հարցազրույցը միջազգային փորձագետ, ԱԺ արտքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ:

 

- Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ինչպե՞ս կբնութագրեք. արդյո՞ք այն կտրուկ ու անսպասելի չէր:

- Պետք է նշեմ, որ Հայաստանը կտրուկ շրջադարձ է կատարել` 180 աստիճան, թե ավելի-պակաս՝ չգիտեմ, բայց` կտրուկ: Այն գործընթացը, որն ուղղված էր դեպի եվրաինտեգրում եւ այդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացում, ուղղակի դադարեց` մի օրում:

 

- Եվրոպական զանազան գործիչներ պնդում են, թե Ռուսաստանը ճնշումներ է գործադրել:

- Ճնշումների մասին խոսք չկա: Սերժ Սարգսյանի քայլը անակնկալ էր: Ընդ որում՝ անակնկալ էր նաեւ իր թիմակիցների՝ քաղաքական թիմի եւ տնտեսական թիմի՝ կառավարության համար, որը Սարգսյան-Պուտին հանդիպումից ընդամենը մեկ ժամ առաջ հայտարարում էր, թե Հայաստանը գնալու է Վիլնյուս եւ ստորագրելու է Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը Եվրամիության հետ: Քննադատությունները հնչում են ամենուրեք, բոլորի կողմից: Ես չեմ տեսել ոգեւորված ելույթ Սերժ Սարգսյանի քայլի: Եվ եթե այսօր նրա թիմակիցները մի քիչ սկսեցին խոսել, դա ավելի շատ նման էր Սերժ Սարգսյանի քայլի արդարացման, քան ողջունելու:

 

- Պարո'ն Իգիթյան, ի վերջո, գիտեինք, որ մի օր եւ ոչ հեռավոր ապագայում գալու էր այս՝ դիրքորոշում հայտնելու օրը:

- Ճիշտն ասած՝ այս ձեւով չէր սպասվում: Սպասվում էր, որ Հայաստանը, ինչպես միշտ, լղոզված քաղաքականություն է վարելու, Ռուսաստանին շշուկով կասի՝ ես քեզ հետ եմ, որ Եվրոպան չլսի, եւ հակառակը, բայց այսպես կտրուկ, որ մեր եվրոպական կոլեգաների եւ պարտնյորների մոտ առաջացավ զարմանք, անսպասելի էր:

 

- Գուցե հենց այդ ճնշո՞ւմն է անսպասելի որոշումների դրդել:

-  Ճնշում են թույլին: Եթե ուժեղ չես, փոքր ճնշումն էլ կազդի: Ես չեմ տեսել այդ ճնշումը, բացահայտ սպառնալիք Ռուսաստանի կողմից: Ուղղակի Սերժ Սարգսյանը գնում է աշխատանքային այցով եւ ստորագրում նման փաստաթուղթ: Ընդ որում` մենք չգիտենք՝ ինքը ինչ է ստորագրել:

 

- Մենք չգիտենք նաեւ, թե ինչ է պարունակում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը:

- Իրավացի եք: Իհարկե, պետք է ունենանք, բայց դա ընդամենը նախագիծ է, որը պետք է ստորագրվի երկու ամիս անց: Բայց Սերժ Սարգսյանն ամբողջ աշխարհի առջեւ գրիչը բռնած ինչ-որ թուղթ է ստորագրում, ընդ որում՝ մռայլ դեմքով, ոչ ուրախ, եւ մենք չգիտենք՝ ինչ է ստորագրում: Մենք հիմա ապրում ենք Հայաստանում անորոշության մեջ, մենք չգիտենք՝ որտեղ ենք գտնվում:

 

- Կխնդրեմ թվարկել այն օգուտն ու կորուստները, որ կարող ենք ունենալ երկու կառույցներին կամ նրանցից որեւէ մեկին անդամակցելու պարագայում:

- Ես միայն մի բան եմ լսել Վլադիմիր Պուտինի շուրթերից՝ Հայաստանն այս ստորագրությամբ, մեր քայլի դիմաց կունենա Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ, երկու եւ կամ ավելի ռուսական գիմնազիա, եւ Պուտինն իր իսկ կազմակերպությանը այստեղ՝ երկաթգծին, տրամադրելու է կես միլիարդ դոլարի չափով գումար: Թե ինչ գումար է ինքը իր պետական կազմակերպությանը տալիս, չգիտենք: Սա՞ է գինը:

 

- Գազի գինը եւս կիջնի՞ 30 տոկոսով:

- Գազի համար առայժմ խոսք չկա, նույնիսկ եթե գազի գինը 30 տոկոսով էժանացավ, արդյո՞ք այն գինն էր, որ պետք է Հայաստանը վճարեր՝ խզելով կապերը քաղաքակիրթ աշխարհի հետ: Ի՞նչ է տալիս Մաքսային միությունը, ի՞նչը մեզ չէր հերիքում, որ պետք է ավելանա այս ստորագրությամբ, ոչ մի բան, ես չեմ տեսնում, ոչինչ: Ասենք` գազը 30 տոկոսով էժանացավ, քանի՞ աշխատատեղ ավելացավ, որքա՞ն ՀՆԱ-ն աճեց, որքա՞ն ներդրում կգա Հայաստան: Նույնիսկ Պուտինը, խոսելով ներդրողների մասին, միայն երկաթգծի մասին խոսեց, սակայն գույք պարտքի դիմաց տված մեր գործարանները մինչեւ հիմա էֆեկտիվ չեն աշխատել, Հայաստանին ու Ռուսաստանին օգուտ չեն բերել:

 

Նայեք` Խոր եւ համապարփակ առեւտրի գոտին Հայաստանին հնարավորություն էր տալիս Եվրոպայի հետ ոչ միայն առեւտուր անել, այլեւ լինել եվրոպական տնտեսական դաշտի մեջ, Հայաստանի ցանկացած արտադրանքը լինելու էր Եվրամիության արտադրանք: Հայաստանը տնտեսական թռիչքից զրկվեց:

 

- Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Մաքսային միությանը միանալը չի նշանակում մյուսի հետ կապերի խզում:

- Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը չի հասկանում՝ ինչ է ասում: Իհարկե, բացառում է մեկը մյուսին: Դուք պետք է լինեք կա'մ մեկ, կա'մ մյուս տնտեսական դաշտում: Դու կարող ես բացել սահմանները մեկ ապրանքի համար եւ քո ապրանքի համար բաց լինի սահմանը առանց այդ վճարների: Հնարավոր չէ սահմանները բաց ունենալ բոլորի համար: Նույն Ռուսաստանը Եվրամիության հետ ապրանքի արտադրման խնդիր ունի՝ որակը նորմալ չէ, մրցունակ չէ, եւ սահմանը փակ է իր համար: Հիմա նաեւ փակվում է մեզ համար: Բաց էր ռուսական սահմանը մեզ համար մինչ այս էլ եւ բաց կմնա: Կլինեն եկամուտներ, որոնք հայ ժողովրդի գրպանին չեն օգնելու, այլ կհարստանան արտահանող մի քանի օլիգարխներ: Սա նույնիսկ ռուսական ապրանքի գնի վրա չի ազդելու:

 

- Վլադիմիր Պուտինը խոսեց նաեւ ռազմական համագործակցության խորացման մասին:

- Ես ռազմական համագործակցության ավելի խորացում չեմ տեսնում. մենք ունենք ռուսական ռազմաբազա, ՀԱՊԿ-ի ակտիվ անդամ ենք, ինչ ասում է Ռուսաստանը՝ անում ենք: Ասում է՝ այսքան զենք պահի, պահում ենք, զինվոր պահի՝ պահում ենք, այսքան տարի երկարացրու պայմանագիրը՝ երկարացնում ենք: Այսինքն` ի՞նչ խորացում: Չեմ կարծում, թե Հայաստանը ռազմականապես, թե քաղաքականապես ավելի հզորանալու է: Այսինքն` մենք այս քայլը իրականացրել ենք, որովհետեւ Սերժ Սարգսյանը թո՞ւյլ է, որովհետեւ Հայաստանը քաղաքական տեսակետից թո՞ւյլ է, այսինքն` մենք քաղաքական երկարատեւ որոշում ենք կայացնում սերունդների համար՝ հաշվի առնելով երկրի ղեկավարի անձնական հատկանիշնե՞րը: Եթե թույլ ես` գնա, թող գա ուրիշը, թեկուզ՝ քո թիմից, որը կարողանում է պարզ ներկայացնել երկրի շահերը եւ դիմակայել մեծ ճնշումներին:

 

- Պարո'ն Իգիթյան, այս ողջ ընթացքում խոսեցին քաղաքագետներ, տնտեսագետներ, միջազգայնագետներ, պաշտոնյաներ եւ այլք ու իրենց տեսակետը հայտնեցին: Իսկ ո՞ւր է ժողովրդի կարծիքը: Ժողովուրդը իրազե՞կ է խնդրին, երկու միություններից եկող դրական ու բացասական ազդակներին:

- Իմ կարծիքով` հայ ժողովրդին այսօր ոչ ոք չի հարցնում: Սերժ Սարգսյանը ելույթում ասաց, որ արտահայտում է ժողովրդի շահերն ու ցանկությունները: Բայց չեմ կարծում, թե ժողովուրդը գիտի, թե ինչ ստորագրեց: Հասարակությանն  ընդհանրապես չի ներկայացվել իմաստը՝ ո'չ Խոր եւ համապարփակ առեւտրի գոտու, ո'չ Մաքսային միության: Սերժ Սարգսյանը գնաց, եւ ոչ միայն հասարակությունը եւ քաղաքական գործիչները, այլեւ իր թիմը, իր վարչապետը, արտգործնախարարը, փոխարտգործնախարարը չգիտեին: Փոխարտգործնախարարը երկու օր առաջ խոսում էր եվրաինտեգրացիայի մասին:

 

- ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է՞լ էր անտեղյակ, երբ ասում էր, թե սենսացիաներ չեն լինելու:

-Այո, բոլորն ասում էին, որ աշխատանքային այց է, գնում են` իրար տեսնելու: Ինձ թվաց՝ նաեւ Սիրիայի մասին պետք է խոսեն, որովհետեւ, ի վերջո, աշխարհի թիվ մեկ խնդիրն այսօր Սիրիայի իրավիճակն է: Հայաստանն ընդամենը 500 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, եւ Ռուսաստանը Հայաստանի հետ, հաշվի առնելով Հայաստանի մոտ լինելը եւ մեծ հայկական համայնքի առկայությունը, պետք է խոսեին, թե ինչպես համատեղ գործողություններով Սիրիան, Հայաստանը եւ ռեգիոնը դուրս բերեն այս հնարավոր աղետից:

 

Հարցազրույցը` Սևակ Հակոբյանի