Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հարցազրույց՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանի հետ։
-Ինչպե՞ս եք ընկալել Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանից երկուստեք հետ քաշել զինված ուժերը, տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող Երկրների դիտորդներ, որից հետո կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Կարո՞ղ է, արդյոք, դա իրավիճակը լիցքաթափել սահմանին, ինչի մասին խոսում է Փաշինյանը:
-Երկու ուղղությամբ կարող եմ մեկնաբանել: Առաջինը․ յուրաքանչյուր երկիր պետք է իր սահմաններն ինքը կարողանա պահպանել, պաշտպանել: Դրա համար գոյություն ունի Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբ և Ազգային անվտանգության ծառայություն՝ իր սահմանապահ զորքերով, և ամբողջ անվտանգային համակարգը, որոնք երաշխավորն են մեր պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության:
Եթե երկիրն ի վիճակի չէ ինքնուրույն սահմանները պահել, արդեն ինքնիշխանության կորստի խնդիր է, և այդ ամենը, ես կարծում եմ, մեր անիշխանության պատճառն է: Գաղտնիք չէ, որ պարտված իշխանություններն անընդհատ գտնվում են ճնշման տակ՝ և՛ քաղաքական, և՛ միջազգային, և՛ ռազմական, և նաև՝ աշխարհագրական: Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս, որ հետագայում, երբ որ պայմաններ լինեն դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինքն իր դրած ոտքը երբևիցե հետ չի տանելու, հնարավորինս շատ տարածքներ է փորձելու վերցնել: Դա շարունակությունն է նրա, որ Ադրբեջանը տեսավ, որ հայաստանյան այսօրվա իշխանություններն ադեկվատ չեն, և քանի որ այս ոչ ադեկվատ, անգրագետ և թույլ իշխանություններն են, ես պատերազմը սկսեմ և հաղթեմ: Օգտվելով նրանից, որ այսօր նույն իշխանությունն է, դրան գումարած նախընտրական ժամանակահատվածում կասկած ունեն, որ ընտրություններում Նիկոլը չի դառնալու իշխանություն, շարունակում են ճնշումները՝ ՀՀ-ի շուրջ այդ օղակն ավելի սեղմելու համար: Այս իրականության մեջ իր առաջարկը, իմ կարծիքով, անիրագործելի է:
-Ինչո՞ւ է անիրագործելի, եթե քննարկումներ կան, որ, ի հակակշիռ Ռուսաստանի, հնարավոր է այլ ուժեր բերի տեղակայի:
-Ես չեմ համարում իրատեսական, որ որևէ երկրի դիտորդ կգա և դիտորդություն կանի, համենայնդեպս, դա մոտ ժամանակներս անիրագործելի է: Հայելաձև հետ քաշվելն էլ չեմ պատկերացնում: Կարող է մենք հետ քաշվենք, ադրբեջանցիները նորից առաջ գան, այդպես չի լինում: Եվ, ի վերջո, հանուն ինչի մենք պետք է հետ քաշվենք մեր դիրքերից, և հանուն ինչի ադրբեջանցիները պետք է իրենց սահմանից հետ քաշվեն, իսկապես անհասկանալի է: Ինքը միշտ է ասում, որ պետք է գանք այնպիսի պայմանի, որը շահավետ լինի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ոչ վաղ անցյալում՝ նաև Արցախի համար, իսկ հիմա միայն առաջին երկուսի, որ հետագայում սահմանները ճշգրտենք, բայց պետք է հասկանա, որ հակառակ կողմը՝ Ադրբեջանը, այդպես չի մտածում, իրենք մտածում են միայն ու միայն, բացառապես իրենց շահերի մասին, թքած ունեն մեր վրա և որտեղ կանգնեն, այնտեղ էլ մնալու են, և հետագայում դեմարկացիայի, դելիմիտացիայի ժամանակ մենք խնդիրներ ենք ունենալու իրենց հետ շպրտելու: Ես չգիտեմ՝ ինքն ինչի վրա է հենվում նման հայտարարություն անելիս:
-Իսկ գուցե դրսից մարդկանց է բերում՝ թեկուզ մեր ինքնիշխանությունը սահմանափակելու գնով, որ կարողանա սաստել Ադրբեջանի նկրտումները:
-Ամեն մի երկիր ինքն է պահում իր սահմանը, ամեն տանտեր տան պարիսպներն ինքն է դնում և պաշտպանում: Եթե դու ուզում ես տանդ քնես, բայց ուրիշը գա քո տան պարիսպը պաշտպանի, այդպես չի լինում: Այս իշխանությունը, իսկապես, վեց ամիս քնած է եղել և չի կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը: Դեռ ավելին ասեմ՝ լավ, ինչ-որ տեղ սխալ են գործել Սև լճի տարածքում, բայց այդ սխալ գործած տեղը մինչ կանգնեցնեին, բանակցություններ վարեին միջազգային առումով, մնացած տեղերն արագ փակել է պետք, ինչը չեն անում: Ամեն օր մենք մի նոր միջադեպի մասին ենք լսում՝ առաջ գալ, մեր զինվորին սպանել, վեց հոգի գերեվարել, սա ինչ բան է: Այս իրավիճակում ես խորհուրդ կտայի փակել մնացած տեղերը, ապա միջազգային և ռազմական միջոցներ ձեռնարկել՝ մեր երկրի սահմանները պաշտպանելու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։