կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-03 15:58
Առանց Կատեգորիա

''Մատուցողահեն'' տնտեսություն

''Մատուցողահեն'' տնտեսություն

Երեւանում շարունակվում են ընդդեմ ուսումնական վճարների բարձրացման բողոքի ցույցերը: Երեկ բողոքի երթ էր կազմակերպել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Վերաբերմունքը բողոքողների նկատմամբ կոպիտ է, անտաշ, ուսանողին տանում են ոստիկանության բաժանմունք զուտ այն բանի համար, որ համարձակվել է բարձրախոսով ելույթ ունենալ եւ դասախոսներին զրկել կենտրոնանալու «բացառիկ» հնարավորությունից: Զիջման ոչ մի հույս առայժմ չկա, շուտով կսկսեն վճարները գանձել, չվճարողը դուրս կմնա բուհից: ԵՊՀ ռեկտորատը, օրինակ, ունի իր արդարացումը` այս տարի ընդունված դիմորդները ընդունելության դիմում-հայտերը ներկայացնելիս տեղեկացված են եղել սահմանված նոր վարձավճարների մասին:

 

Վերջ, որոշված է, մտան ուսանողի ու, հերթական անգամ, ՀՀ քաղաքացու գրպանը:

 

Ինչպե՞ս վճարել ուսման վարձը, եթե 35 տոկոսից ավելի` պաշտոնական, եւ 80 տոկոս՝ ոչ պաշտոնական վիճակագրությամբ, աղքատություն ունեցող մեր երկրում մարդիկ հազիվ են գոյություն պաշտպանում: Կառավարության ներկայացուցիչը տալիս է ուշագրավ բացատրություն` գնացեք, մատուցող աշխատեք, մեծ պահանջարկ կա, բոլոր սրճարանների վրա գրված է՝ պահանջվում է մատուցող: Խոսքերի հեղինակը կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն է: Փայլուն մտքերը երկնել է երեկ՝ կառավարության առջեւ բողոքի երթ կազմակերպած ուսանողների համար:

 

Որ բազմաթիվ ուսանողներ տարիներ շարունակ հենց այդպես էլ վարվում են, գաղտնիք չէ, զարմանալի բան չկա դրա մեջ, զարմանալին այն է, որ այդ մասին ասում է կառավարության ներկայացուցիչը: Չգիտեմ, թե պարոն Ղազարյանը մինչ կառավարություն հասնելը քանի սրճարան է մուտք ու ելք արել նույն հանգամանքով, սակայն կառավարության անդամից նման պատասխան ստանալը, ընդունենք, որ տխրեցնող է: Հավանաբար, բուհերը մատուցողությամբ փող աշխատող ուսանողներ ունենալու մտադրությամբ են բարձրացրել ուսման վարձը, իսկ նախարարը հովանավորում է թանկացումների որոշումները նույն մտադրությամբ:

 

Փաստենք, որ Ալեքսանդր Ղազարյանն այս խոսքերով հակասում է իր անմիջական ղեկավարի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գաղափարներին: Չէ՞ որ մեր վարչապետն ամեն պատեհ ու ոչ այնքան պատեհ առիթներով հայտարարում է, թե ուժեղ է այն ազգը, որն ունի ուժեղ գիտություն. մենք լինելով «ածու փոքր», մեր գիտելիքների վրա պետք է հույս դնենք եւ ուրեմն կրթված սերունդ ունենանք՝ գիտելիքահեն տնտեսություն ապահովելու համար: Ու հանկարծ պարզվում է, որ պետք է գիտելիքահեն տնտեսության ներկայացուցիչն այդ ճանապարհը սկսի` ասենք, «Կետիկնոց»-ում մատուցող աշխատելով:

 

Ահա, թե իշխող Հանրապետական կուսակցությունը, բոլորի համար մատչելի, հասանելի ու որակյալ կրթության վերաբերյալ դրույթը ներառելով իր նախաընտրական ծրագրում, ինչը նկատի ուներ:

 

Հիմա պատկերացրեք, որ ուսանողը գնում է դասի, ավարտին անմիջապես շտապում սրճարան, բար ու Ալեքսանդր Ղազարյանի «արտոնած» սպասարկման օբյեկտները՝ ապագան կառուցելու: Նա պետք է այդ գումարով ե'ւ ուսման վարձ տա, ե'ւ տան վարձ, եթե Երեւանից չէ, ե'ւ գոնե մի քիչ ապրելու համար գումար ստեղծի, ե'ւ, քանի որ ուսման վարձը բավականին բարձրացել է,  ուրեմն պետք է մի հերթափոխ էլ ավելի աշխատի: Գիշերը մատուցող է աշխատելու, բարմեն ու եսիմինչ, վաղ առավոտյան գնա տուն եւ աճապարի դասի, եթե, իհարկե, հավես ունենա: Այսինքն` ստացվում է՝ փող աշխատել դիպլոմ գնելու համար, քանի որ նման տեմպով աշխատող մարդը դժվար կարողանա սովորել: Այդ դեպքում ո՞ւր մնաց գիտելիքահեն տնտեսությունը:

 

Այս տարվա հունիսի 20-ին, երբ ՀՀ  ֆինանսների նախարարության դիմաց բողոքում էին  ԱԺ ԲՀԿ նախկին  պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերության կողմից խաբված բնակիչները, նրանց դժգոհություններին նույն Ալեքսանդր Ղազարյանը պատասխանեց այսպես. «Ես պարտավոր չեմ որևէ փաստաթուղթ ներկայացնեմ: Պաշոլ վո'ն, հերի'ք եղավ, բոլ եղավ...»:

 

Այս մարդուց, բնականաբար, ամեն տիպի պատասխան սպասելի է: Եվ բողոքող քաղաքացիների մոտ ամեն անգամ նրան ուղարկելով` կառավարությունը նախ իրեն է վիրավորում: Զարմանալի է, սակայն, որ նման պահվածքը մնում է անարձագանք հենց կառավարության կողմից: Գուցե նրա արտահայտած մտքերը նաեւ կառավարությա՞ն տեսակետն են: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է ուսանողը 6 ժամ դասի նստել, 15 ժամ աշխատել սուրճ մատակարարելու գործով եւ դառնալ գիտելիքահեն տնտեսության կրող:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ