Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր չի տեսնում հստակ ձևավորվող ընդդիմություն: Այն, որ ՀՀԿ-ն պետք է դառնա ընդդիմություն, ըստ նրա, այդպես էլ պետք է լիներ: «Բայց նոր ընդդիմություն ես այդպես էլ չտեսա: Ընդհակառակը՝ բոլորը, կարծես, սեր են խոստովանում Նիկոլ Փաշինյանի ուժին: Այսինքն՝ ասում են, որ մտնենք ԱԺ, էլ ավելի կօժանդակենք: Ես, իհարկե, ողջունում եմ, որ ուզում են միասնական ուժ կազմել, բայց հիշեցնեմ քաղաքական այբուբենը՝ եթե չկա ուժեղ ընդդիմություն, չի կարող լինել ուժեղ իշխանություն»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդյանը:
Հարցին, թե ո՞ր ուժերը պետք է լինեն նոր խորհրդարանում, նա պատասխանեց. «Ես լավատես չեմ` ցուցակները տեսնելով: Համոզված եմ, որ նոր ընդդիմությունը ծնվելու է պառլամենտից դուրս: Գուցե սա այն անիա արդյունքն է, որ շուտ նշանակվեցին արտահերթ ընտրությունները: Մինչև մայիս հնարավոր է ձևավորվեր այդ նոր ընդդիմությունը: Բայց այսօր «Իմ քայլի» դիրքորոշումների հետ համաձայն չլինողներն անհանգստություն ունեն՝ եթե դրա մասին պարզ ասեն, ապա կարող է չընտրեն իրենց: Ահա այս վտանգը գոյություն ունի, ուստի կունենանք միապաղաղ խորհրդարան, հետագայում, իհարկե, կձևավորվի այն ընդդիմությունը, որը և կլուծի հարցը»:
Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ կցանկանար նոր խորհրդարանում տեսնել այն ուժերին, որոնք չենք թաքնվում ազգային շահի լոզունգի ներքո, այլ սոցիալական պաշտպանվածության խնդիրներ են նաև առաջ քաշում: «Պարզ է, որ ազգային շահից պետք գործենք, բայց ազգն ունի հասարակություն, որտեղ շահերի բախում է տեղի ունենում: Կցանկանայի նոր խորհրդարանում տեսնել նրանց, ովքեր խոսում են աշխատողների իրավունքների և շահերի պաշտպանության մասին: Այսօր մենք անորոշ կապիտալիզմի մեջ ենք, որն անվանում ենք ազատ շուկայական հարաբերություններ: Հիմա պիտի ցույց տանք՝ սրա մե՞ջ ենք ուզում լինել, թե՞ ունենալ սոցիալական տնտեսություն: Այսինքն՝ սկանդինավյա՞ն մոդելն ենք տեսնում, թե՞ ԱՄՆ-ի, թե՞ գերմանականը»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի կուսակցությունների ձևավորած «Մենք» դաշինքն ասում է, որ եվրոպական մոդելի երկիր են ուզում դարձնել Հայաստանը, Ալավերդյանն արձագանքեց. «Եվրոպական ասվածը շատ ընդհանուր է, ո՞ր եվրոպական երկրի մոդելը»:
Այս համատեքստում նա նշեց, որ ԲՀԿ-ի հետ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել: «Կապ չունի, թե կուսակցությունն ինչպես և ում կողմից է ծնվում, ով է առաջնորդը, նա չի կարող մնալ անփոփոխ, քանի որ կա հասարակության գործոնը: Հասարակության ազդեցության ներքո հնարավոր է լինեն հետաքրքիր զարգացումներ ԲՀԿ-ում»,- ասաց Ալավերդյանը: