Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրություններ են: Այդ կապակցությամբ «Վրաստանի Հայ Համայնքի» «Միություն» լրատվական կենտրոնը նախագահի թեկնածուների հետ հարցազրույցների շարք է սկսել: Առաջինը թեկնածու Միխեիլ Սալուաշվիլիի հետ է, որը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Միխեիլ, ինչպե՞ս կգնահատեք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման առումով Վրաստանի քաղաքականությունը և ի՞նչ կարևոր խնդիրներ կթվարկեիք:
- Ուզում եմ ասել, որ մենք կիսում ենք այն հայացքները, որի վրա դարեր շարունակ հիմնված է վրացական գիտակցությունը: Վրաստանի տարածքը բոլոր ազգությունների, բոլոր մարդկանց բնակելի տարածքն է, որը պարտավորեցնում է նրանց իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման մեջ: Ինչպես գիտեք, մեր տարածքը բազմիցս դարձել է տարբեր ազգության ներկայացուցիչներին բռնի ուժով Վրաստանում բնակեցման հիմք և Վրաստանում տարբեր պատճառների արդյունքում ձևավորված է բազմազգ հարաբերություններ: Իմ կարծիքով, այս ուղղությամբ Վրաստանում չպետք է խնդիր լինի: Չնայած նրան, որ կան առանձին դեպքեր, որոնք չեն կրում ընդհանուր բնույթ: Իմ կարծիքով, Վրաստանում, ազգային փոքրամասնությունների նկատմամբ նորմալ վերաբերմունք է: Մեր կարևորագույն խնդիրը լեզվի չիմացությունն է: Ազգային փոքրամասնությունների այն սերունդները, որոնք կազմավորվել են 70-ական թվականներին, Խորհրդային Միության ժամանակ, որոշպատճառներից ելնելով, շփվում էին ռուսերեն: Ուստի, այն բանից հետո, երբ Վրաստանը ձեռք բերեց անկախություն, առաջին պլան եկավ բնականաբար պետական լեզվի հարցը: Իմ կարծիքով, այն աշխատանքները, որոնք սկսված են Վրաստանում, ազգային փոքրամասնություններին կօգնեն հեշտ ինտեգրվել ամենօրյա կյանք և դա շատ կարևոր է: Բացի այդ, այն սերնդին, որը հիմա մեծանում է՝ ավելի հեշտ է շփվել պետական լեզվով: Խնդիրը կարող է լինել միայն լեզվային: Իմ կարծիքով, Վրաստանում ազգային փոքրամասնությունները այլ խնդիր չունեն:
-Ինչպե՞ս կբնութագրեիք Վրաստանի քաղաքականությունը տարածաշրջանային երկրների նկատմամբ` ա) Վրաստան-Թուքիա, բ) Վրաստան-Ադրբեջան, գ) Հայաստան:
- Մեր կուսակցության նախագահական նախընտրական ծրագրի բաղադրիչ մասերից մեկը հենց արտաքին քաղաքականության մեր հայացքն է: Այն դեպքում, եթե բնակչությունը կաջակցի մեր նախագահական ծրագրին՝ իմ նախագահ դառնալու դեպքում, պատրաստվում եմ Կովկասում ստեղծել նոր տարածաշրջանային միջազգային կազմակերպություն` «Կովկաս – խաղաղության տուն»: Ինչպես գիտեք, Կովկասի տարածաշրջանը 5 պետության միություն է`Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Մեր նախագահական ծրագիրը հաշվի է առնում այս հինգ պետությունների հիման վրա ստեղծել կազմակերպություն, որի հիմնական գաղափարը և գործունեությունը կլինի Կովկասում առկա խնդիրների խաղաղ ճանապարհով լուծում, որն ինքնին հնարավոր կդարձնի, որպեսզի այս երկրների պետական շահերը համընկնեն: Այժմ Վրաստանի և Ռուսաստանի միջև բարդ հարաբերություններ են: Դադարեցված են դիվանագիտական հարաբերությունները: Նույնն է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ... Չնայած այս լարված իրավիճակին, միակ ելքը մենք տեսնում ենք այս միության կենտրոն ստեղծելու մեջ՝ կազմակերպություն, որը կաշխատի առկա խնդիրները հաղթահարելու վրա: Այս բարդագույն տարածաշրջանում խնդիրները կարելի է լուծել միայն բանակցությունների և փոխհամագործակցության ճանապարհով:
-Ձեր նախագահության դեպքում, տեսնու՞մ եք արդյոք Հայաստանի հետ համագործակցության խորացման անհրաժեշտություն, եթե այո, ապա ո՞ր ուղղությամբ: Եթե ոչ՝ ինչու՞:
- Մեր բազմադար պատմության ընթացքում, Կովկասի տարածքում, վրաց և հայ ազգերը, այն միակ ազգություններն են, որոնք համագործակցել են: Մենք դարերի ընթացքում անցել ենք համագործակցության տարբեր փուլեր:Կար ժամանակ, երբ Վրաստանը կորցրել էր իր պետականությունը: Գիտեք, որ 11-րդ դարից Հայաստանն էլ նմանապես կորցրել էր պետականությունը և ազգը գտնվում էր իր պատմության ամենածանր ժամանակաշրջանում: Այնուհետև, երբ որոշ պատճառների արդյունքում մեր երկու ազգերը հայտնվեցին մեկ պետությանկազմում, դեռ Ռուսաստանի կայսրությունում և այնուհետև Խորհրդային միությունում, բնական է, մեր հարաբերությունների վրա ազդեցություն գործեց կայսրական քաղաքականությունը, որը կայանում էր կայսրության կազմում գտնվող ազգությունների միջև լարվածություն ստեղծելու մեջ: Հիմա, փաստորեն, Հայաստանը և Վրաստանը անկախ պետություներ են: Մենք ունենք ճշմարիտ ընկերության և փոխհամագործակության վրա հիմնվելով՝ հարաբերություններ ձևակերպելու և զարգացնելու հնարավորություն: Մեկ անգամ ևս կրկնում եմ. Համարում եմ, որ միասնական կովկասյան կազմակերպության ստեղծումը, էլ ավելի բարձր մակարդակի կհասցնի նրա (կազմակերպությունում) անդամ յուրաքանչյուր երկրի հարաբերությունը մնացած անդամ երկրների հետ: Գիտեք, որ Վրաստանի տարածքի մոտավորապես 8-9 տոկոսի վրա ապրում է հայ բնակչություն և նրանց ինտեգրումը վրացական պետության կառուցման մեջ՝ կդառնա հայկական պետության հետ մեր նորմալ և լավ հարաբերությունների երաշխիք: Մեր անկախ պետությունները այսօր կարող են ստեղծել այն ճշմարիտ բարեկամությունը և համագործակցությունը, որն անզոր էին ստեղծել այլ երկրի կազմում լինելու ժամանակ: Մշակութային, տնտեսական, կրթական... Գոյություն ունեն բազմաթիվ այլ ոլորտներ, որոնց միջոցով մենք կարող ենք Հայաստան-Վրաստան հարաբերությունները հասցնել բարձր մակարդակի:
-Դուք համարու՞մ եք, որ այս ամենը հնարավոր է, հաշվի առնելով Վրաստանի մտերիմ հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ռազմական հարաբերություններից սկսած, բոլոր մնացած ոլորտները ներառյալ, հիմնված է բազմաթիվ պայմանագրերի վրա: Հնարավո՞ր է, որ Վրաստանը առանձնանա Թուրքիա-Ադրբեջանական տանդեմից և իրոք վարի անկախ քաղաքականություն Հայաստանի Հանրապետության հետ:
- Ապրել փակ դռների ետևում, դա նորմալ չէ: Բոլորս տարբեր հարևանություն ունենք: Միևնույն ժամանակ բոլորս, մեր պետական շահերից ելնելով, պետք է կառուցենք հարաբերություններ մեր հարևանների հետ: Հնարավոր է որևիցէ երկիր, որոշակի փուլում, չկարողանա նորմալ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ, սակայն բարյացակամ հարևանի դիրքորոշումը ոչ թե պետք է խորացնի և բարդացնի հակամարտությունը, այլ ամեն կերպ փորձի օգնել հարաբերությունները վերականգնելու մեջ: Ուստի, Վրաստանի դեպքում, մենք համարում ենք, որ կարող ենք լինել միատարր կամուրջ այն հարաբերությունների բարելավման մեջ, որը ցավոք, այսօր գոյություն ունի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունը ևս կարող է իր պոզիտիվ ներդրումն ունենալ մեր հարևան երկրների հետ հարաբերություններում: Այսքանով, ոչ թե անհնար եմ համարում, այլ պարտադիր է, որ բոլոր հարևանների հետ, հարևանությունը պայմանական է, ուզում եմ ընդգծել, այսօր աշխարհն այնպես է զարգացել, որ տարածքային գործոնն այլևս խանգարող հանգամանք չէ, ուստի, մեր՝ որպես անդրկովկասի կենտրոնական պետության դերը, հենց այս «փակ դռները» բացելու մեջ պետք է կայանա: Այդ դերն իրականացնելու միակ ելքը՝ ըստ մեզ, անդրկովկասյան, տարածաշրջանային, միջազգային կազմակերպության ստեղծման մեջ է կայանում: Ինձ թվում է, եկել է ժամանակը, երբ մենք մեր սեփական ուժերով պետք է կարևորագույն դեր խաղանք մեր հարաբերությունների կարգավորման գործում: Ձեզ հայտնի է, որ Վրաստանը 90-ական թվականներին ԵԽ անդամակցվելու պահին, մի քանի պարտականություն է ստանձնել ազգային և լեզվական փոքրամասնությունների պաշտպանման վերաբերյալ: Այդ պարտականություններից էր՝ տարածաշրջանային լեզուների մասին կանոնադրության վավերացում և իրականացում: