կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-20 11:43
Քաղաքական

Համարձակ ու հավակնոտ ծրագիր է. ՀՅԴ-ն ՝ կառավարության ծրագրի մասին

Համարձակ ու հավակնոտ ծրագիր է. ՀՅԴ-ն ՝ կառավարության ծրագրի մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում, մինչ կառավարության ծրագրի քննարկումը, ներկայացրեցին իրենց խմբակցության տեսակետը կառավարության ծրագրի մասին:

Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենք ԱԺ-ում չէ, որ ծանոթանալու են կառավարության ծրագրին. մոտ տասն օրն է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են լինում, կառավարությունն անընդհատ վերամշակում էր նախնական տարբերակը, իրենք էլ զուգահեռաբար իրենց մոտեցումներն էին ներկայացնում:

«Երկուշաբթի օրը հանդիպել ենք վարչապետի հետ և մանրամասն խոսել ծրագրի մասին: Մեր գնահատմամբ՝ այս ծրագրի կարևորագույն ուղերձը մեր երկրի այսօրվա իրավիճակի համարձակ ու շիտակ ախտորոշումն է՝ առանց ինքնախաբեության, առանց թաքցնելու՝ ինչ վիճակ ունենք երկրում` տարբեր առումներով: Բնականաբար, երբ ճիշտ ախտորոշում ես կատարում, դրանից էլ բխում են հնարավորինս ճշգրիտ ձևակերպվելիք խնդիրները: Համարձակ ու հավակնոտ ծրագիր է և իրավիճակին լրիվ համարժեք»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ քննարկումների ժամանակ արձանագրել են, որ ծրագրում առնվազն 90 տոկոսով ներառված են այն հարցերը, որոնց մասին Դաշնակցությունը տարիներ շարունակ խոսում էր, և որոնք տեղ են գտել ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության համաձայնագրում:

«Մենք իսկապես քննարկումներում ծրագրի դրույթներում տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա, երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, իրական որակակական փոփոխություն իրականացնելու վճռականություն: Այս ծրագիրը` իր խնդիրներով, նպատակադրումներով, ունենալու է Դաշնակցության ամբողջական աջակցությունը, և արդեն ընթացքում, ըստ կատարողականի, արդյունքների, կգա նաև գնահատելու ժամանակը»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն ուզում է հավատալ, որ երկրում իսկապես բան է փոխվում, նոր արյուն է մտնում երկիր, պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերություններում նոր հիմք է դրվում:

«Մնում է` բոլորս փորձենք  ոչ թե կողքի կանգնել, այլ մասնակից լինել, աջակցել, վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի իսկապես մեր երկրում մեր ցանկացած փոփոխությունները կատարվեն»,- ասաց նա: