կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 15:20
Քաղաքական

Վաղվա օրվան պետք է ավելի հավակնոտ նայենք. Կարեն Կարապետյան

Վաղվա օրվան պետք է ավելի հավակնոտ նայենք. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին:

 
- Պարոն վարչապետ, փետրվարի սկզբին Դուք հայտարարեցիք, որ առանձնացվել է 341 իրատեսական ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է $ 3,2 մլրդ: Ասել եք, որ այս տարվա ընթացքում հնարավոր եք համարում իրագործել $ 830-850 մլն արժողությամբ ծրագրեր: Եթե այս ծավալն իրագործվի, դա տեսանելի փոփոխություններ կբե՞րի տնտեսության աշխուժացման առումով:

-  Բնականաբար, այդ ներդրումների իրագործումը տնտեսության մեջ փոփոխություններ կբերի: Բայց արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ 2017 թվականը դիտարկում եմ որպես ախտորոշման, գույքագրման, «սանիտարիզացիայի», պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տարի: Բնական է, սա չի նշանակում, որ կառավարությունն իր առջեւ տնտեսական աճ ապահովելու խնդիր չի դնում: Սակայն, եթե մենք այս տարվա ընթացքում կարողանանք իսկապես թվայնացնել մեր թիրախները, ազատվենք ավելորդ ու անարդյունավետ օղակներից, պետական որոշումների կայացման համակարգը արդիականացնենք ու ավելի արդյունավետ դարձնենք, դա կստեղծի շատ լուրջ հիմք` յուրաքանչյուր հաջորդ տարի կայուն տնտեսական աճ ապահովելու համար: 

Այդ 341 ծրագրերից բացի մեր աշխատանքային սեղաններին կան եւս 79 նոր ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 5,3 մլրդ դոլար է: Իհարկե, այս ծավալն ապահովող ներդրողներ մենք այսօր չունենք, ոչ բոլոր ծրագրերի տեղեկատվությունն է լիարժեք, բայց մենք դիտարկում ենք այս փաթեթը  որպես հիմք հետագա աշխատանքների կազմակերպման եւ նոր ներդրումների ներգրավման համար:

Մենք նաեւ նպատակ ունենք հերքելու այն թեզը, որ Հայաստանում գումար ներդնելը եւ տրամաբանական հավելյալ արժեք ստեղծելը անհնարին է: 3.2 մլրդ դոլարի ներդրումները  ներկայացրել ենք մանրամասնորեն եւ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ եւ կարծիք կազմել դրանց իրատեսականության մասին: 

Պետք է նաեւ հաշվի առնենք, որ տնտեսության աշխուժացման համար զսպող դեր են խաղում առաջիկա ընտրությունները: Բիզնեսը` լինելով հասարակության ամենապրագմատիկ հատվածը, ցանկանում է տեսնել ընտրությունների արդյունքը` նախքան որոշումներ կայացնելը:

- Մարզային հանդիպումներում Դուք ասում էիք, որ ցանկանում եք «թասիբի գցել» տեղի գործարարներին, մարզային եւ համայնքային իշխանություններին: Ստացվե՞ց:

- Որոշակի իմպուլսներ կան, որոնք, սակայն, բավարար մակարդակի չեմ համարում: Համայնքային եւ մարզային իշխանություններին տվել ենք մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ մշակված մեթոդաբանություն` հինգ տարվա ռազմավարական զարգացման ծրագրեր կազմելու համար: Սա չափազանց կարեւոր աշխատանք է, նույնիսկ եթե այդ ծրագրերի նախնական տարբերակները հեռու լինեն կատարյալ լինելուց: 

Տեղեկատվության մեծ աղբյուր է մարզերի ցուցանիշների համեմատությունը: Կարող ենք տեսնել, որ համադրելի բնակչություն եւ տնտեսական պայմաններ ունեցող մարզերում կարեւոր ցուցիչները կարող են էապես տարբերվել: Սա նշանակում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է անհապաղ լուծել: Թվայնացման այս գործընթացի միջոցով մենք տեսնում ենք ցուցանիշների դինամիկան` տարի առ տարի եւ ստանում ենք այն օբյեկտիվ տվյալները, որոնց հիման վրա կարող ենք գնահատական տալ մարզպետի եւ համայնքապետի աշխատանքին: 

Ցավով պետք է նշեմ, որ մենք պետական կամ համայնքային բյուջեների գումարները շատ դեպքում ծախսում ենք ոչ արդյունավետ`չունենալով հստակ պատկերացում այն մասին, թե ինչ նպատակի են ծառայում այդ միջոցները:

Հիմա սկսել ենք մի գործընթաց, որի նպատակը մեթոդաբանության մշակումն է համայնքների համար: Այսօր համադրելի բնակչություն ունեցող երկու համայնքների միջեւ կարող ենք շատ մեծ տարբերություններ տեսնել՝ բյուջեների, հաստիքացուցակների մասով: Նման կարգի ունիֆիկացման շատ աշխատանքներ կան անելու: Ցավով պետք է նշեմ, որ մենք պետական կամ համայնքային բյուջեների գումարները շատ դեպքում ծախսում ենք ոչ արդյունավետ`չունենալով հստակ պատկերացում այն մասին, թե ինչ նպատակի են ծառայում այդ միջոցները:

Բերեմ մեկ օրինակ` մարզերում մեզ հաճախ մատնացույց են անում գյուղատնտեսական նշանակության հողեր եւ ասում են, որ լուծված չէ այսքան մասի ոռոգման խնդիրը: Սակայն երբ համադրում ենք թվերը ջրային տնտեսության մարմինների տեղեկատվության հետ՝  տեսնում ենք մեծ անհամապատասխանություն: Այս աշխատանքը մենք պետք է կատարենք, որպեսզի հստակ պատկերացում ստանանք, թե ինչ ունենք այսօր եւ ուր ենք ուզում հասնել:

- Դուք բազմիցս ասել եք, որ պետության հիմնական դերը բիզնեսի համար արդար պայմանների ապահովումն է եւ ընթացակարգերի առավելագույն ազատականացումը: Երբ հանդիպում եք բիզնեսի ներկայացուցիչների հետ, զգո՞ւմ եք, որ իրենք պատրաստ են իրական գործընկեր դառնալ տնտեսության աշխուժացման գործում:

- Ազդակներ կան, սակայն դրանք գոհացուցիչ համարել չեմ կարող: Որոշ չափով դա կրկին կապում եմ առաջիկա ընտրությունների հետ: Կա այլ գործոն եւս՝ մարդիկ ցանկանում են տեսնել, թե որքանով հետեւողական կգտնվի մեր թիմը:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում մարդկանց, ովքեր   ասում են, որ «միեւնույն է, նրանց մոտ ոչինչ չի ստացվելու»:

- Ինչպես կարո՞ղ եմ վերաբերվել: Կառաջարկեմ հետեւել մեր աշխատանքին. գուցե որոշ ժամանակ անց վերանայեն իրենց վերաբերմունքը:

- Մոտ քսան տարի մեր երկրում քննարկվում է այն թեզը, որ Հայաստանը չի կարող ունենալ զարգացող տնտեսություն այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ թեզի ընդդիմախոսները բերում են Իսրայելի օրինակը, որը եւս շրջապատված լինելով ոչ բարեկամական երկրներով, կարողացել է ստեղծել հզոր տնտեսություն: Ձեր կարծիքով, Իսրայելի օրինակը համադրելի՞ է Հայաստանի հետ:

- Այո, միանշանակ համադրելի է: Ակնհայտ է, որ եթե մենք տարածաշրջանում չունենայինք այն խնդիրները, որ ունենք, մեր տնտեսության զարգացումն ավելի դյուրին կլիներ: Իսրայելի օրինակն իսկապես շատ լավ օրինակ է եւ ինչ-որ առումով ես ցանկանում եմ, որ մենք էլ եզրակացություններ անենք եւ ընդունենք, որ խնդիրները ոչ միշտ են խոչընդոտ հանդիսանում: 

Արտաքին, աշխարհաքաղաքական, տրանսպորտային եւ այլ խնդիրների բեռի տակ մենք հաճախ չենք կարողանում մեր «մեջքն ուղղենք», հպարտ կանգնենք ու դեպի վաղվա օրը ավելի լավատեսորեն ու հավակնոտ նայենք: 

Խելացի կառավարում իրականացնելու դեպքում կարող ենք էական փոփոխություններ գրանցել առանցքային ոլորտներում: 

Համոզված եմ, որ, օրինակ, ժամանակ անց  Հայաստանում մենք կարող ենք ունենալ այնպիսի գյուղատնտեսություն, որին ծանոթանալու համար մեզ մոտ կգան շատ երկրներից:

Արտաքին, աշխարհաքաղաքական, տրանսպորտային եւ այլ խնդիրների բեռի տակ մենք հաճախ չենք կարողանում մեր «մեջքն ուղղենք», հպարտ կանգնենք ու դեպի վաղվա օրը ավելի լավատեսորեն ու հավակնոտ նայենք:

Մեր գյուղատնտեսության զարգացման հիմքում երկար տարիներ դրված է եղել այն թեզը, որ մեր գյուղացին պարտադիր լավ գյուղատնտես է: 

Ելնելով այդ թեզից, մենք գյուղացուն, անկախ իր տնտեսության արտադրողականության եւ այլ ցուցանիշներից, տվել ենք սուբսիդիաներ, պարարտանյութ, սերմեր, դիզվառելիք եւ այլն, ենթադրելով, որ ինքը գիտի՝ ինչ անի: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ այս մոդելը փաստ չէ, որ արդյունավետ է: 

Բացի այդ, մարզերում սահմանված չեն գյուղատնտեսական արտադրանքի առաջնահերթությունները: Հողերը, գյուղատնտեսական ակտիվները ավելի  նպատակային օգտագործելու դեպքում արդյունավետության պատկերը կարող է սկզբունքորեն փոխվել: Եվ ոչ միայն գյուղատնտեսությունում: 

Տարիներ շարունակ խոսում ենք մեր կրթական համակարգի խնդիրների մասին: Պետության եւ միջազգային կազմակերպությունների կողմից արվել են բազմաթիվ հետազոտություններ, գնահատվել է վիճակը եւ տրվել են լուծման հնարավոր ճանապարհներ: Սակայն այսօրվա իրականությունն այն է, որ մեր շրջանավարտները մեծամասամբ չեն բավարարում թե մեր, թե դրսի շուկայի պահանջներին:

Համոզված եմ, որ եթե մեր տնտեսության բոլոր ոլորտներում մենք խելացի, ժամանակակից ու հետեւողական մոտեցումներ որդեգրենք, հստակ ձեւակերպենք նպատակները եւ իրականացման ճանապարհները, ապա միանշանակ կարող ենք հաջողություններ գրանցել:

- Դուք հաճախ խոսում եք գրագետ ու կիրթ մարդկանց կարեւորության մասին: Սա նշանակո՞ւմ է, որ հասել ենք մի կետի, որ նման մարդկանց պակասն արդեն զգացվում է առօրյա աշխատանքում:

- Այդ խնդիրը արդիական է ոչ միայն Հայաստանի համար: Այսօր ամբողջ աշխարհում պայքար է գնում լավագույն կադրերի համար, եւ պարզ է, որ նման մարդկանց քանակը երբեք բավարար չի լինելու: Լավ մասնագետների, լավ կառավարիչների պակաս այսօր կա Նյու Յորքում, Շանհայում, Լոնդոնում: Այլ հարց է, որ մեզ մոտ լավ կառավարիչների խնդիրն այսօր չափազանց սուր է դրված: Երբ խոսում ենք պետական համակարգի արդիականացման մասին, չպետք է մոռանանք, որ այն վարձատրությունը, որն այսօր պետությունը կարող է առաջարկել, համարժեք չէ մասնավոր հատվածից լավ կառավարիչներ ներգրավելու համար:


- Եթե վերադառնանք բուն կրթության թեմային, ապա կարող ենք արձանագրել, որ կրթության նախարարը բաց խոսում է առկա խնդիրների մասին: Մասնավորապես, Լեւոն Մկրտչյանը փաստացի ընդունում է, որ ավագ դպրոցը մեզանում չի կայացել, դասագրքերը «բեկումնային փոփոխությունների» կարիք ունեն եւ այլն:


- Իհարկե, լավ է, երբ նախարարը խոսում է խնդիրների մասին: Սակայն ցանկանում եմ կարեւոր կետ ընդգծել՝ ես չեմ ցանկանում, որ սա ընկալվի որպես իր նախորդին ուղղված քննադատություն: Այս նախարարից հետո կգա այլ նախարար, որը կրկին կխոսի խնդիրների մասին: Չի գալու մի ժամանակ, երբ մենք խնդիրներ չենք ունենալու: Մենք պետք է վերջ տանք այն ընկալմանը, որ խնդիրների մասին բաց խոսելը նշանակում է փնովել նախորդների կատարած աշխատանքը:

- Մի քանի օր առաջ, այցելելով Երեւանի պետական համալսարան, որտեղ սովորել եւ դասավանդել եք, ուսանողներին «ըմբոստ լինելու» խորհուրդ տվեցիք: Ինչպե՞ս ընկալեցին:


- Նախքան ձեր հարցին պատասխանելն ասեմ, որ այսօր ամենաառաջնային խնդիրը կառավարության եւ հանրության միջեւ հետադարձ կապի ապահովումն է: Սա վերաբերվում է ամենատարբեր ոլորտներին՝ բիզնես-գործունեություն, հակակոռուպցիոն պայքար եւ այլն: Օրինակի համար, բոլորս կոռուպցիային դեմ են, բայց երբ հերթը հասնում է, նախընտրում են փորձել տեղում «հարցերը լուծել» ճանապարհային ոստիկանի հետ, այլ ոչ թե վճարեն բյուջե, գործարքի գնան հարկայինի հետ, այլ ոչ թե աշխատեն օրենքի դաշտում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում