կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-18 12:28
Քաղաքական

Հավակնոտ է. Սահակյանը՝ կառավարության ծրագրի մասին

Հավակնոտ է. Սահակյանը՝ կառավարության ծրագրի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ՀՀԿ-ի խորհրդի նիստում ներկայացված կառավարության ծրագրի հիմնական դրույթները որոնք են:

«Կառավարության գրեթե բոլոր ոլորտներում էլ կային ծրագրային դրույթներ, որոնց հիմքում դրված էր բարեփոխումների սկզբունքը՝ սկսած գնումների գործընթացից, վերջացրած հարկային, մաքսային աշխատակիցների բարեփոխվելու գործընթացով: Կառավարության ծրագիրն առաջիկա վեց ամսվա համար է և հիմնված է նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին երկու այն ծրագրային դրույթների վրա, որոնցից մենք տեղյակ ենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ վեց ամսվա համար այդ ծրագիրը բավականին հավակնոտ է և պարտադրող, նաև` կառավարության համար:

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ շեշտադրումներ են եղել ծրագրում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կախարդական փայտիկ չկա, Սահակյանը պատասխանեց, որ այս պահին չի ցանկանում գաղտնազերծել: «Համապարփակ, բավականին հստակեցված դրույթներով` կառավարության ծրագիր է»,- ասաց նա:

«Խոսվում է կառավարության ապարատի՝ քսան տոկոսով կրճատելու մասին» դիտարկմանը, Սահակյանը պատասխանեց. «Կան բազմաթիվ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, որոնք տարիներ շարունակ ստեղծվել են և որևէ գործառույթ չեն իրականացնել: Այս խնդիրներին պետք է լուծումներ տրվեն: Մի քանի ԾՒԳ-եր, ՊՈԱԿ-ներ նպատակահարմար կլինի, որ օպտիմալացվեն և ավելի համակարգային գործառույթներ իրականացվեն: Խոսվում է գնումների գործընթացի հստակեցման մասին՝ մեկ կենտրոնից, չլինի, որ մեկ բջջային հեռախոսի որոշումը կառավարությունը կայացնի»:

Նա հավելեց, որ նիստի ընթացքում անդրադարձ չի եղել պրիմիտիվ գողություններին: «Այն համակարգային փոփոխությունները, որոնք դրված են այս կառավարության առջև, և այն ամենը, ինչն արտացոլված է ծրագրի մեջ, թույլ է տալիս ենթադրել, որ այս դժվարին ժամանակահատվածում հաջողությամբ կյանքի կկոչվեն: Կա վստահություն, որն ավանսով տվել է ժողովուրդը, և լավ աշխատելու դեպքում համակարգային փոփոխություններ կլինեն»,- ասաց նա: