Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեռելոցն ինքնին վատ բան չէ։ Հարցն այն է, թե ովքեր են մեռելները։ Եվ արդյո՞ք խոսքը հանգուցյալների մասին է։ Մեռելոցը հիշողության արարողություն է, այն վերաբերվում է մարդկանց։ Հանգուցյալն այլեւս մարդկանց չի վերաբերվում։ Մեռելը մահից տարիներ հետո էլ ընկալվում է որպես մեռել։ Հանգուցյալը նա է, ով մահվան միջոցով կապվում է Աստծո հետ։ Մահը հանգուցիչն է։ Բայց Քրիստոսը այնքան էլ լավ չի արտահայտվում մեռելների մասին. «Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին»։ Հետեւաբար, մեռնելը մի փաստ է, որը մարդուն զրկում է մասնակցությունից։ Մեռել թաղող մեռելը պետք է որ հիշողություն չունենա։ Նա պետք է որ Աստծո հետ քայլելիք ճանապարհ չունենա։
Ես չգիտեմ, թե եկեղեցին ինչու է հնարել Մեռելոցը։ Գիտեմ, որ հիշատակի այդ փաստի թիկունքում Աստծո Որդու խաչելությունն է եւ նրա հարությունը։ Հետեւաբար, Մեռելոցն, ըստ էության վերաբերվում է ապրողներին։ Ոչ այս աշխարհում ապրողներին։ Այսինքն, Մեռելոցը մարդկանց հիշատակն է Աստծո մոտ գտնվողների հանդեպ։ Մենք չենք կարող ասել, թե այսինչը կյանքում տականք է եղել, դրա ի՞նչը հիշենք, դա արժանի չէ որեւէ հիշատակի։ Դա մեզ դարձնում է դատավորներ։ Օրենքն Աստծուց է, բայց դատավորն Աստծուց չէ։ Այսինքն, հիշատակի ենթակա է յուրաքանչյուրը՝ Կալիգուլան, Ներոնը, Մեծ Հավատաքննիչ Թոմաս դե Տորկվեմադան, Սուլթան Համիդը, թեպետ նա մահմեդական էր, Լենինը, Ադոլֆ Հիտլերը, Ստալինը, Մուսոլինին, Մաո Ցզեդունը եւ Կիմ Իր Սենը, որոնք աթեիստ էին, քրիստոնյա Ավգուստո Պինոչետը։ Հիշատակության ենթակա են բոլորը։ Բոլորն ապրում են բոլորի մեջ, եւ մինչ մեռելները թաղում են իրենց մեռելներին, այն աշխարհում ապրողները ապրեցնում են մեզ։ Ապրեցնողներ են նաեւ թվարկածս բոլոր դահիճները։ Որովհետեւ անքննելի է նրանց կյանքի այն դրվագը, որում շատերը շունչ են քաշել։ Անքննելի է նրանց ողորմածությունը նրանց հանդեպ, ում ոչ միայն դեմքով չեն իմացել, այլեւ տեղն էլ չգիտեին։ Ահա Մեռելոցի էությունը։ Այն շրջան է։ Մարդը ծնվում է հիշատակներով, ինքն իր մեռելներից փախչելու տեղ չունի։ Բայց վայ նրան, ով ապրելիս շրջանցում է կյանքը։
Հայտնի է, որ Մեռելոցը քրիստոնեության նորամուծությունն է։ Դանթեի «Աստվածային կատակերգությունն» իր էությամբ Մեռելոցի պատմություն է։ Բանաստեղծը հիշում է երեւելիներին, Դժոխքում կարելի է տեսնել Հոմերոսին, Ալեքսանդրին, հույն մեծ փիլիսոփաներին, հռոմեացի պոետներին։ Այլ խոսքով, Մեռելոցը բացառում է քննությունը, որովհետեւ բոլորն են Դժոխքում։ Սակայն Մեռելոցը Ճակատագրի օգտին չէ, այսինքն, այն չի հիշեցնում, որ ինչ էլ անես, հայտնվելու ես Դժոխքում։ Դանթեի Դժոխքը երեւակայական է։ Ի դեպ, նույնքան երեւակայական են նրա Քավարանն ու Դրախտը։ Դանթեի երեւակայությունն այս աշխարհից հեռացրեց Դժոխքը, թեպետ հայտնի է, որ Դժոխքը մի տեղ չէ, որտեղ մեղքն անշրջելի է։ Այլ մի տեղ է, որտեղ մեղքը կա։ Դժոխքի մասին պատմել է նաեւ շվեդ միստիկ Էմանուել Սվեդենբորգը։ Նա ասում է, որ ինքը եղել է Դժոխքում եւ Դրախտում։ Նրա նկարագրած Դժոխքը մի քիչ ավելի է հավատ ներշնչում, նա ասում է, որ մենք սկզբից այն կառուցում ենք մեր մտքերում։ Այսինքն, մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ կատարվում է։ Այլ խոսքով, դժոխքն ավելի հողեղեն է, քան՝ Դրախտը։ Առաջինում մարդուն տրվում է հույսը առանց հնարավորության։ Առաջինում մարդը տեսնում է բոլոր մեղքերի ելքը առանց Դռան։ Սակայն Աստծո իմացած Դժոխքում, ըստ ամենայնի, Աստված չկա։ «Յուրաքանչյուր մարդ մանանեխի հատիկ է»,-ակնարկում է Սվեդենբորգը։ Ինքն է հասունացնելու իր Արքայությունը։ Այսինքն, Չարը կա մարդուց անկախ։ Բայց մարդը չարի միակ օջախն է։ Չարն իրեն «վերաորակավորել» է ըստ Աստծո արարած մարդու մարմնի։ Եվ այսօր չարը ոչ մի տեղ իրեն այդքան «հայրենասեր» չի զգում, որքան մարդու մեջ։ Հարցն այն է, թե ինչպես է մարդը դիմադրում դրան։ Կտակարաններից հայտնի է (ոչ Հովհաննեսի Ավետարանից), որ Հիսուսը մեռելներից հարություն առնելուց հետո իջավ Դժոխք։ Այստեղ կանգ առնենք։ Հիսուսը հարություն առավ մեռելներից։ Հետեւաբար, նա նաեւ մեզանից՝ ապրողներից հարություն առավ, որոնց մասին ասում էր՝ թող մեռելները թաղեն...
Սեյրան Հանոյան