կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-21 14:44
Սփյուռք

Զինվորի հացի հարցն է լուծվում, վայ նրան, ով այլ մոտիվացիայով կառաջնորդվի. Փաշինյանը՝ ՊՆ փորձնական ծրագրի մասին

Զինվորի հացի հարցն է լուծվում,  վայ նրան, ով այլ մոտիվացիայով կառաջնորդվի. Փաշինյանը՝ ՊՆ փորձնական ծրագրի մասին

Հայաստանի ՊՆ-ն որոշել է իրականացնել փորձնական ծրագիր՝ ՀՀ զինված ուժերի պարենավորումը մասնավոր գործընկերոջ պատվիրակելով:  Ծրագիրն առնվազն պետք է ներառի`

ա. ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում և այդ աշխատանքների իրականացման ժամանակահատվածում պարենավորման գործընթացի անխափանության ապահովում,

բ. տեխնիկական միջոցների, կահույքի, խոհանոցային սպասքի և այլ անհրաժեշտ գույքային համալրում ու փոխարինում ժամանակակից միջոցներով,

գ. օդափոխության, ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, հակահրդեհային արդիական համակարգերի տեղադրում,

դ. սննդի գծաշարային բաշխում (ըստ հնարավորության), պարենավորման կազմակերպում դաշտային պայմաններում, ինչպես նաև առաջնագծում (ըստ հնարավորության), ճաշատեսակների ընդլայնում և բազմազանության ապահովում,

ե. սանիտարահիգիենիկ միջոցառումներ,

զ. գոյություն ունեցող աշխատատեղերի պահպանում և նորերի ստեղծում, գոյություն ունեցող աշխատատեղերի միջին աշխատավարձերի համեմատ` աշխատավարձերի աճի ապահովում,

է. պայմանագրի կատարման ապահովագրություն` պայմանագրի գնի 10%-ի չափով, վերանորոգման աշխատանքների կատարման ապահովագրություն` վերանորոգման օբյեկտի ամբողջ արժեքով, աշխատակիցների կյանքի և առողջության ապահովագրություն դժբախտ պատահարներից, փոխադրող միջոցի և փոխադրվող բեռի ապահովագրություն,

ը. ԶՈւ կարիքների համար ձևավորվող պահուստների թարմացում և կառավարում (ըստ հնարավորության),

թ. թափանցիկության, հաշվետվողականության և վերահսկողության մեխանիզմներ,

ժ. ծրագրի ընթացքում ձեռք բերված կամ ստեղծված նյութական և ոչ նյութական ակտիվների` ծրագրի ավարտից հետո որպես սեփականություն անցնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Ծրագիրն իրականացվելու է  հատուկ ու բացառիկ իրավունքի առկայության հիմքով, այն է՝  մինչև երեք տարի ժամկետով, ինչպես նաև  առնվազն երեք տարբեր գործընկերների միջոցով՝ յուրաքանչյուրի հետ ոչ ավելի, քան 8000 զինծառայողի համար:

«Մինչ օրս զինված ուժերում պարենավորման գործընթացն իրականացվում էր հենց ԶՈւ-ի միջոցով՝ ապրանքների ձեռքբերումից մինչև  բուն պատրաստում: Այս շղթայի տարբեր օղակներում մենք մշտապես հանդիպում էինք տարբեր խնդիրների և խոչընդոտների, ուստի վերջնարդյունքում մատակարարվող սննդի որակից հաճախակի դժգոհություններ էին լինում»,- կառավարության նիստում ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղարիբյանը՝ նշելով, որ պարենավորման ձևաչափի փոփոխության մտքին հանգել են՝ հաշվի առնելով այսօրվա շղթայում առկա ռիսկերը, որն իրենից բազմաթիվ օղակների միջամտություն է ներկայացնում:

«Իր տեսակի մեջ եզակի հարաբերություն կարող է ստացվել ՀՀ ԶՈւ ամբողջ համակարգում՝ պետություն-մասնավոր հատված գործընկերության տեսանկյունից: Շուրջ 45 օր տարբեր միջոցներով տարածել ենք այս տեղեկությունը՝ հրավիրելով գործընկերների, սակայն արձագանքել է 2 ընկերություն»,- հայտնեց Ղարիբյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս պետք է այդ ընկերությունն ընտրվի, կարողությունները ստուգվեն, երրորդ ընկերությունն ինչպե՞ս պիտի ներգրավվի, քանի որ սա մրցութային գործընթաց է, բայց տեղի է ունենում մրցութային սովորական տրամաբանությունից դուրս, ինչո՞ւ է այդպես՝ ժամանակ խնայելո՞ւ, թե՞ այլ նկատառումներով:

Առաջադրված հարցերին ի պատասխան՝ պաշտպանության փոխնախարարը մանրամասնեց, որ պետություն-մասնավոր գործընկերության մեջ ռիսկերի բաշխման, մանրամասն քննարկման կարիք կա, և երկու կողմերն էլ պետք է քննարկեն իրենց իրավունքներն ու պարտականությունները:

«Դա բանակցային գործընթաց է ենթադրում, և մասնավոր գործընկերը պետք է որոշակի  ապահովություն ունենա իր ներդրումների հետգնման մասով: Գնումների օրենսդրությունն այդ կարգավորումները չի տալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ իրավական դաշտում հնարավորություն ունեն գործընկերոջ հետ բանակցելու՝ մեկ անձից գնման ձևաչափով, որ մրցակցային պայմաններ ապահովելու հիմնական պայմանը հավասար հնարավորությունների տրամադրումն է. «Մեխն այնտեղ է, որ չսահմանափակվի պոտենցիալ մասնակցողի  հնարավորությունը, մենք կարծում ենք՝ ապահովել ենք դա»:

Վարչապետը հակադարձեց՝ պրակտիկորեն չունենք ձեւակերպած այն խնդիրը, որ ուզում ենք լուծել: «Վերջին ամիսներին բախվել ենք այն խնդրին, որ գնումների ընթացակարգով շատ մրցույթներ, ըստ էության, փակուղու են բերել, քանի որ մի քանի ընկերություններ են մասնակցել, հաղթել է մի ընկերություն, այնուհետեւ պարտվող ընկերությունը հաղթողին դատի է տվել, և հակառակը, ինչի պատճառով մատակարարման պրոցեսները դե յուրե կանգնեցվել են, այստեղ այդ ռիսկերն էլ կան»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը նշեց, որ պաշտպանության նախարարության վրա առանձնահատուկ պատասխանատվություն է դրվում այս նախագծով, որ առավել թափանցիկությամբ լինի գործընթացը և չզուգակցվի որևէ կոռուպցիոն սկանդալով:

«Մեր զինվորների համար պետք է ապահովենք պատշաճ սնունդ, սա ձեզ վրա դնում է հատուկ պատասխանատվություն, ուստի պետք է մտածել առանձնահատուկ մեխանիզմներ: Զինվորի հացի հարցն է լուծվում, և վայ նրան, ով այս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի»,- ասաց Փաշինյանը:

Ծրագիրը կառավարության նիստում ընդունվեց: