Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները շքեղությամբ միայն Երևանում անցկացնելը ևս ապացույցն է այն բանի, որ ապրում ենք երկու տարբեր Հայաստաններում` մեկը Երևանն է, մյուսը մարզերը, մասնավորապես` Շիրակն ու Գյումրին:
Շիրակի մարզում տոնական տրամադրությունն իսպառ բացակայում է: Մարզային, տեղական իշխանությունների և, առհասարակ, որևէ կառույցի կողմից տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ հիշեցնող քայլ անգամ չի նշմարվում:
Այնուամենայնիվ, մտածելով, որ գուցեև սխալվում ենք կամ մեր տեսողությունն է մեզ դավաճանում, փորձեցինք Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզապետարանի պաշտոնական կայքերից որևէ տեղեկություն պեղել այն մասին, թե Անկախության 20-ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու հանրապետության երկրորդ քաղաքում և Շիրակի մարզում: Ինչպես ասում են պատկերը բավական տխուր էր, եթե չասենք` պարզապես ողբերգական...
Եթե Գյումրու քաղաքապետարանի կայքում Անկախության օրվան նվիրված գոնե մեկ միջոցառման մասին հայտարարություն կար` քաղաքապետարանի ճեմասրահում սեպտեմբերի 20-ի երեկոյան Ստամբուլի հայ ճարտարապետների լուսանկարչական գործերի ցուցահանդեսի մասին, ապա Շիրակի մարզպետարանի կայքում Անկախության 20-ամյակը որևէ կերպ հիշատակված չէր:
Այնուհետև հեռախոսով կապվեցինք և փորձեցինք Շիրակի մարզի համապատասխան պաշտոնյաներից ճշտել, թե Անկախության օրվան նվիրված ինչ միջոցառումներ են իրականացվելու Շիրակում, մասնավորապես` Գյումրիում: Մեզ հայտնեցին, որ սեպտեմբերի 21-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու ընդամենը հանդիսավոր նիստ, իսկ կենտրոնական հրապարակում երեկոյան ժամերին սովորականի նման երաժշտություն է հնչելու:
Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի տոնը, որ պետք է միավորեր մեր հասարակությանը, կրկին բաժանեց:
«Շիրակ կենտրոն» ՀԿ