Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Թուրքիայի հակասական դիրքորոշման պատճառով շարունակվում է բանավեճը նրան պարգևատրել և դատապարտել ցանկացողների միջև։
Wall Street Journal թերթը (WSJ) ապրիլի 7-ին հրապարակել է Ջարեդ Մալսինի և Էլվան Քիվիլչիմի հանգամանալից հոդվածը՝ «Սուպերզբոսանավեր, ծովափնյա բնակարաններ և կանխիկ գումարով լի ճամպրուկներ. ռուսները փողեր են լցնում Թուրքիա» վերնագրով։
Ռուսական բանկերի և բիզնեսների նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետևանքով տասնյակ հազարավոր ռուսներ փախել են Թուրքիա՝ փողով լի ճամպրուկներով, սուպերզբոսանավերով, անձնական ինքնաթիռներով և այլ հարստությամբ։ «Շատերը հեռացել են իրենց հետ տանելով հարյուրավոր կամ հազարավոր դոլարների կանխիկ փող՝ Ռուսաստանի կառավարության կողմից սահմանված գումարների վերահսկողության պատճառով», հաղորդում է WSJ-ը: Ռուսները Թուրքիայում գնում են տներ և այլ գույք՝ օգտվելով այն օրենքից, որը թույլ է տալիս օտարերկրացիներին դառնալ Թուրքիայի քաղաքացի, եթե նրանք առնվազն 250 հազար դոլարի ներդրում կատարեն: Շատ ռուսներ ի վիճակի են շրջանցել արևմտյան պատժամիջոցները՝ իրենց գումարները ռուսական բանկերից փոխանցելով թուրքական բանկեր և իրենց ռուբլիները փոխանակելով թուրքական լիրայով կամ այլ արտարժույթներով։ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, բացառությամբ Թուրքիայի, խիստ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ թույլ չտալով նրա քաղաքացիներին դուրս բերել իրենց գումարները երկրից, արգելափակել ռուսական ավիաընկերությունների թռիչքները դեպի արևմտյան երկրներ և առգրավելով օլիգարխների սուպերզբոսանավերն ու անձնական ինքնաթիռները։ Հրաժարվելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց՝ Թուրքիան փորձում է վերակենդանացնել իր սնանկացած տնտեսությունը՝ հավաքելով խիստ անհրաժեշտ գումարներ:
Երկրից փախչող ռուսներն ի վիճակի են խուսափել արևմտյան պատժամիջոցներից և կապիտալի վերահսկումից, որը Ռուսաստանի կողմից կիրառվել է իր քաղաքացիների նկատմամբ՝ «Թուրքիայում գործող կանխիկ փոխանցումների ռուսական ընկերությունների միջոցով, կրիպտոարժույթներով և պարզապես հազարավոր դոլարներ կանխիկ փոխադրելով օդանավակայաններով», ըստ WSJ-ի: Թուրքական կառավարությունը հնարել է այն ոչ համոզիչ արդարացումը, թե նա թույլ կտա ռուսական միջոցների փոխանցումը Թուրքիա այնքան ժամանակ, քանի դեռ «գումարներն օրինական են»։ Նման ստուգումը, եթե իհարկե երբևէ եղել է, շատ արագ անհետացել է՝ անտեսելով այն պահանջը, որ օտարերկրացիները պետք է կացության թույլտվություն ստանան նախքան բանկային հաշիվ բացելու թույլտվությունը: Ըստ WSJ-ի՝ «Ստամբուլում մեկ պետական բանկի միայն մեկ մասնաճյուղում ռուսները վերջին շաբաթների ընթացքում բացել են ավելի քան 600 հաշիվ»:
WSJ-ը հայտնել է, որ «Թուրքիայի կենտրոնական բանկը մարտի կեսերին ընդամենը երկու օրվա ընթացքում ընդունել է մոտ 3 միլիարդ դոլար… Այդ գումարները, հավանաբար, հիմնականում կազմված են եղել ռուսների ավանդներից, ասում է տնտեսագետ Օմեր Գենչալը՝ «HSBC Թուրքիա» և թուրքական այլ խոշոր բանկերի նախկին պաշտոնյան»։
Ստամբուլի անշարժ գույքի Golden Sign ընկերության գլխավոր տնօրեն Գյուլ Գյուլը WSJ-ին ասել է՝ «Նոր ժամանած ռուսները միանգամից չորս բնակարան են գնում, սովորաբար կանխիկ գումարով, որպեսզի քաղաքացիության համար պահանջվող 250 հազար դոլարի ներդրում կատարեն»: «Ներկայումս մեր վաճառած 10 բնակարաններից վեց-յոթը գնել են ռուսները», ասաց տիկին Գյուլը։ Նրանք հիմնականում գործարարներ են, մեծահարուստներ, մի քանիսն էլ՝ օլիգարխներ»։
Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը վերջին շաբաթներին թուրքական նավահանգիստներ է տեղափոխել իր երկու սուպերզբոսանավերը։ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն անցած շաբաթ Ստամբուլում կայանել է իր 74 մետր երկարությամբ նավը, որը կրում է «Տիեզերք» անվանումը», ըստ WSJ-ի:
Ավելին, WSJ-ը հաղորդում է, որ «Որոնողական «Յանդեքս» ընկերությունը, գովազդային հայտարարությունների Avito կայքը, առևտրային Tinkoff բանկը և համակարգչային ծրագրերի DataArt ընկերությունը միասնաբար ավելի քան 1000 աշխատող են տեղափոխել Թուրքիա: «Յանդեքս»-ի մոտ 900 աշխատակիցներ Թուրքիա են ժամանել պատերազմն սկսվելուց անմիջապես հետո, թեև նրանցից մոտ 300-ը հետո մեկնել են»:
Ռուսաստանում իրենց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Visa-ի և Mastercard-ի որոշումները դրդել են ռուսներին օգտագործել «ռուսական Mir վճարային համակարգը, որն աշխատում է Թուրքիայի որոշ վայրերում: Ստամբուլի մթերային խանութներում սկսել են հայտնվել՝ «Մենք ընդունում ենք Mir-ը» գրությամբ» ցուցանակներ», գրել է WSJ-ը:
«Միջին դասի ռուսները հիմնականում բերել են միաժամանակ մի քանի հազար դոլար՝ կա՛մ կանխիկ, կա՛մ օգտագործելով ռուսական դրամական փոխանցումների ընկերությունները, որոնք շարունակում են գործել Թուրքիայում: Հայտնի ծառայություններից է KoronaPay-ը, որը թույլ է տալիս մարդկանց գումար փոխանցել Ռուսաստանից և այն հանել Թուրքիայում ու մի շարք այլ երկրներում։ Ընկերությունը թույլատրում է ավելի քան 15 000 եվրո արժողությամբ փոխանցումներ, որը համարժեք է 16 400 ԱՄՆ դոլարին, քանի դեռ հաճախորդները հաստատում են իրենց եկամտի աղբյուրը, ասվում է ընկերության կայքում», հայտնում է WSJ-ը: «Տարադրամ փոխանակող Վոլքան Չելիքյուրեքը, Ստամբուլի Լալելի թաղամասում, որտեղ հաճախում են ռուս առևտրականները և միակ տարածքներից մեկն է, որտեղ փոխանակման կետերը գնում և վաճառում են ռուբլիներ», ասաց WSJ-ին․ «Ես միանգամից գնել եմ առավելագույնը 100 000 ռուբլի: Բայց կան մարդիկ, որ գնել են միլիոններ»։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի տնտեսությունը օգուտ է քաղում ռուսական փողերի հոսքից, իսկ նրա՝ Ռուսաստանի երկերեսանի դատապարտումը, դիվիդենտներ է բերում արևմտյան երկրներից։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջերս չեղարկեց Թուրքիա զենքի արտահանման վերաբերյալ իր պարտադրած սահմանափակումները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 7-ին հայտարարեց, որ Թուրքիան շահագրգռված է «Համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ կարևոր պաշտպանական նախագծերում, որոնք ներառում են ռազմական ինքնաթիռներ, ռազմանավեր և ավիակիրներ»։ Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ Թուրքիան Կանադայի հետ քննարկում է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո կասեցված թուրքական «Բայրաքթար» ռազմական անօդաչու թռչող սարքերի տեսախցիկների գնումների վերականգնման հարցը։
Զարմանալի է, որ Բայդենի վարչակազմը, փոխանակ պատժելու Թուրքիային՝ պատժամիջոցները տապալելու սխեմաների համար, ցանկանում է պարգևատրել նրան՝ նշելով, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը բխում է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի լավագույն շահերից: Այնուամենայնիվ, Կոնգրեսը դեմ է վաճառքին։ Կոնգրեսի ավելի քան 50 անդամներ փետրվարին նամակ են ստորագրել՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին մերժել թուրքական խնդրանքը՝ գնելու 40 F-16 ինքնաթիռներ և արդիականացնելու 80 այլ ինքնաթիռներ, որոնք արդեն գտնվում են Թուրքիայում: Կոնգրեսականներն այս վաճառքին հակադրվելու պատճառ նշել են Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնումը և մարդու իրավունքների զանգվածային խախտումները։ Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը «ավելի հավանական է, որ կհանգեցնի Էրդողանի զինվորականների ձեռքով տարածաշրջանում հետագա մահերի և ավերածությունների», գրում են օրենսդիրները:
Մնում է տեսնել, թե որքան ժամանակ Թուրքիան կարող է խաղալ իր խաբուսիկ խաղը ռուս-ուկրաինական պատերազմի հակամարտող երկու կողմերում։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի