Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական ապրանքների ներկրման արգելքին մնաց 2 օր։ Կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» 1708-Ն որոշմամբ թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ՀՀ ներմուծման արգելքը գործելու է մինչև ս/թ հուլիսի 1-ը՝ հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 47-րդ հոդվածով սահմանված դրույթը առ այն, որ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։ «ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման նոր նախագծով նախատեսվում է ևս 6 ամսով երկարաձգել նախորդ որոշումը։
Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորումը։
Ի՞նչ ազդեցություն թողեց այդ արգելքը․
Նախևառաջ անհրաժեշտ է նշել, որ 2020 թվականին ՀՀ թուրքական ծագման ապրանքների ներմուծման ծավալը կազմել է 227.4 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 15.0%-ով (2019թ.-ին 266.9 մլն դոլար էր)։ Այսինքն՝ կորոնավիրուսի համավարակով և կամավոր թուրքական ապրանքներից հրաժարմամբ պայմանավորված արդեն 2020-ին նկատվել է Թուրքիայից ներմուծման ծավալների զգալի կրճատում։
2021 թվականի հունվարի 1-ից գործող արգելքի պայմաններում՝ 2021 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ են ներմուծվել թուրքական ծագում ունեցող 22.4 մլն դոլար մաքսային արժեք ունեցող ապրանքատեսակներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 70%-ով (2020 թվականի հունվար-մայիսին՝ 73.1 մլն դոլար)։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում ՀՀ ներմուծվող թուրքական ծագում ունեցող պատրաստի արտադրանքի մոտ 56%-ը կազմում են առավելագույն մաքսային արժեք ունեցող թվով 20 ապրանքատեսակներ, որոնց ներմուծման կառուցվածքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, եթե 2020 թվականի հունվար – մայիս ամիսներին Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների կազմում եղել են ավիավառելիքը, ցիտրուսային մրգերը, բանջարեղենը, մաքրող միջոցները, տրիկոտաժե գործվածքները և արտադրանքը, կենցաղային տեխնիկան և շինանյութերը, ապա 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ Թուրքիայից հիմնականում ներմուծվել են շինանյութեր, տրիկոտաժե և բամբակյա գործվածք, բնական կաշի։
Անհրաժեշտ է արձանագրել, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման որոշակի ծավալների պահպանումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դրանց հիմնական առավելությունը հայ սպառողների և տնտեսվարողների համար գինն է, ինչի շնորհիվ վերոնշյալ ապրանքատեսակները մեր երկրում բավականին մրցունակ են։ Ըստ այդմ՝ կարևոր է այլընտրանքային շուկաների որոնման կամ տեղական արտադրության կազմակերպման հիմնախնդիրների լուծումը։ Այլ երկրներից ներմուծման գործընթացը կազմակերպելու համար թուրքական ծագման ապրանքների ներմուծմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները պետք է որոնեն մատչելի տարբերակներ, հաստատեն նոր բիզնես կապեր, ներմուծման գործընթացներ կազմակերպեն։ Բացի դրանից, թուրքական ծագման ապրանքները Հայաստանում մրցունակ են նաև տրանսպորտային ծախսերի առումով, ինչն աշխարհագրական դիրքի պատճառով հեռու գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների դեպքում բավականին խնդրահարույց է։
Արգելքի պայմաններում իրականության մեջ թուրքական ապրանքների պակաս չի զգացվում առևտրի կենտրոններում, խանութներում․դա բացատրվում է այն հանգամանքով, որ թուրքական վերջնական սպառման ապրանքները (հագուստ, սարքավորումներ և այլն) ներկրվում են այլ երկրների անվան տակ։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունը, ի դեմս ՊԵԿ-ի, չի կարողանում կատարել կառավարության որոշումը։ Գործող իշխանությունները թուրքական ապրանքների արգելքը ամբողջությամբ կատարելու դեպքում հանրային դժգոհության առջև կկանգնեին, քանի որ էժան հագուստի դեֆիցիտի դեպքում ապրանքների գները կբարձրանային և լրացուցիչ սոցիալական դժգոհության առիթ կստեղծվեր։
Ուշագրավ է, որ թուրքական ապրանքների ներկրման շուկայում որոշակի մոնոպոլացում է նկատվում։ Եթե նախկինում հազարավոր մարդիկ կարողանում էին թուրքական ապրանքներ բերել Հայաստան և վերավաճառել, ապա հիմա խոշոր ներկրողներ են ի հայտ եկել, որոնք տարբեր ճանապարհներով կարողանում են շրջանցել ներկրման արգելքը։ Մանրածախ վաճառողները, նրանցից գնելով ապրանքները, վերավաճառում են։
Տեղական արտադրողները, որոնք հույս ունեին, որ թուրքական ապրանքների ներկրումը իրականում արգելվելու է, ծրագրում էին ընդլայնել իրենց արտադրությունները դեֆիցիտը փակելու համար, բայց գործնականում շարունակվում է էժան և կասկածելի որակով թուրքական ապրանքների հոսքը Հայաստանը, ինչը դուրս է թողնում մեր հայրենական արտադրողին շուկայից։ Մեր ընկերությունները չեն կարող հավասարը հավասարի հետ մրցակցել, քանի որ թուրքական ընկերությունների ավելի շատ են արտադրում, էներգակիրները անհամեմատ էժան են, Թուրքիայի կառավարությունը արտադրության և արտահանման աջակցության մեծածավալ ծրագրեր է իրականացնում։
Տեղական արտադրության խթանումը ևս կարող է դիտարկվել որպես խնդրի լուծման տարբերակ։ Սակայն նշված ապրանքներից շատերը, մասնավորապես՝ լվացող միջոցները և այլ քիմիական արտադրանքը, պտուղ-բանջարեղենը, գործվածքները և այլն, կարող են փոխարինվել տեղական արտադրանքով, սակայն հումքի ձեռքբերման կամ արտադրության կազմակերպման վրա կատարված ծախսերը շատ հաճախ ավելի բարձր են, քան թուրքական ապրանքների դեպքում, ինչը բավականին դժվարություններ է առաջացնում արտադրողների համար՝ իրացման առումով, իսկ ցածր գնողունակություն ունեցող քաղաքացիների համար սպառման առումով։ Հետևաբար, անհրաժեշտ է պետական օժանդակություն՝ փոխարինող ապրանքների արտադրությունը Հայաստանում հնարավորինս ցածր ինքնարժեքով կազմակերպելու համար (հումքի ներմուծում, հարկերի վերանայում, նորագույն տեխնոլոգիաներ, ներդրումների իրականացում)։
Արամ Աճեմյան