կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-22 13:45
Առանց Կատեգորիա

Սարոյանն իմ մտքերի եւ հոգու թարգմանիչը եղավ. Լուսին Դինք

Սարոյանն իմ մտքերի եւ հոգու թարգմանիչը եղավ. Լուսին Դինք

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային անվանակարգում ներկայացված էր Լուսին Դինքի /Հրանտ Դինքի զարմուհին/ «Սարոյանլենդ» կարճամետրաժ ֆիլմը: Ֆիլմը կինոփառատոնին արժանացավ երկրորդ` «Արծաթե ծիրան» մրցանակին: Լուսինն իր մրցանակը նվիրեց աշխարհի բոլոր երեխաներին, քանի որ, ինչպես նա նշեց, «Սարոյանն էլ երեխաներ շատ էր սիրում»։

 

«Սարոյանլենդը» Լուսինի առաջին ֆիլմն է։ Այն պատմում է 1964-ին Վիլյամ Սարոյանի` Բիթլիս` իր ծննդավայր, այցելության մասին:

 

- Ինչո՞ւ որոշեցիր հենց Սարոյանին անդրադառնալ:

- Բոլոր հայերը գիտեն Սարոյանին, բայց շատ սահմանափակ. դպրոցում միայն մեկ-երկու պատմվածք էինք անցնում, եւ վերջ: Մանրամասն Սարոյան կարդացինք, երբ թուրքական «Արաս» հրատարակչությունը սկսեց թուրքերեն թարգմանել Սարոյանի գրքերը /Ազիզ Գյոքդեմիրի խմբագրությամբ/: Սարոյան կարդալիս դու սկսում ես երազել ու տեղափոխվել այն աշխարհը, որը ներկայացնում է նա: Սարոյանն իմ մտքերի եւ հոգու թարգմանիչը եղավ: Երբ սկսեցի շատ կարդալ Սարոյան, սկսեցի մտահոգվել, թե ինչո՞ւ մանրամասնությամբ Սարոյանին չգիտենք, ինչո՞ւ ենք մոռացել նրան: Տիգրան Կույումջյանը /Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայագիտության բաժնի նախկին ղեկավար/ ինձ շատ օգնեց եւ ասաց, որ չմտահոգվեմ, քանի որ գալիս է մի ժամանակ, երբ մարդիկ մոռանում են բոլոր ստեղծագործողներին, բայց նրանք այնքան մեծ են, որ նրանց ստեղծագործությունները սկսում են հեղինակի մասին հիշեցնել: Սարոյանը բառերով վերարտադրել է մեր ապրումներն ու մտքերը, ներկայացրել մարդու երկրորդ աշխարհը, մարդկային այդ պատմությունները շատ հուզիչ են:

 

- Քեզ համար Սարոյանի մեջ հայկական ի՞նչ դիմագծեր բացահայտեցիր:

- Ինչպես մեր պապերը, Սարոյանը նույնպես ամբողջ կյանքի ընթացքում գլուխը բարձր քայլել ու դիմակայել է բոլոր դժվարություններին, հպարտությամբ է տարել իր ցավը: Սկզբում զայրացրեց ինձ իր` չափից դուրս մարդասիրությունը, բայց հետո իր ստեղծագործությունների միջոցով փորձեցի լեզու գտնել, հասկանալ իրեն: Սարոյանը գրում է. «Աշխարհը լավ գիտեմ` գեշություն, դժվարություն, ոխ, ատելություն, վախ, վատություն, չարամտություն. այսպես ըլլալով հանդերձ` բոլորն ալ կսիրեմ»: Աշխարհի, իրադարձությւոնների եւ երեւույթների հանդեպ իր տրամադրվածությունը նաեւ ինձ է փոխանցվել:

 

- Ֆիլմում Սարոյանի ձայնը կա, բայց ինքը չկա, ինչո՞ւ:

- Այո, ճիշտ եք, Սարոյանի ձայնը կա, բայց նրա դեմքը չի երեւում: Բոլորը չէ, որ Սարոյանին արտաքնապես ճանաչում են, եւ ես ուզում էի, որ Սարոյանին իր խոսքերով, իր գործով ճանաչեն: Չէի ուզում, որ ինչ-որ դերասան կերտի Սարոյանի դերը, եւ Սարոյանին այդ դերասանի դիմագծերով «հիշեն»:

 

Լուսի'ն, շատերն ասում են, որ Թուրքիայում շատ երիտասարդների հայացքները փոխվել են, բայց գործնականում ոչ մի փոփոխություն չենք տեսնում: Իրականում ի՞նչն է փոխվել, կամ փոխվե՞լ է, արդյոք, նրանց մտածելակերպի մեջ ինչ-որ բան, ասենք` Ցեղասպանության հետ կապված:

- Այո, իրականում շատ բան է փոխվել եւ ոչ միայն Թուրքիայում: Առհասարակ, երիտասարդների շփումը շատ կարեւոր է, նրանք պետք է նստեն եւ խոսեն միմյանց հետ, ինչ-ինչ հարցեր քննարկեն: Ստամբուլում ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ հենց սկզբից` կրթություն ստանալիս դիմացինի հետ շփվելու փաստն է քո առջեւ կանգնում: Ներկայիս երիտասարդությունը բավականին քայլեր է անում երկխոսություն սկսելու համար, ինչը շատ կարեւոր է մեր ապագայի համար: Երբ հայ եւ թուրք երիտասարդները սկսում են շփվել իրար հետ, ընկերանում են:

 

- Այսինքն` շփվում են` առանց պատմական փաստերը հաշվի առնելո՞ւ:

- Ոչ, ինչպե՞ս այդպես կարող է: Չես կարող պատմությունը համարել անցած-գնացած բան, շատ կարեւոր է հաշվի նստել պատմության դեպքերի հետ: Թուրք երիտասարդները փակ մտածողություն չունեն, մենք փորձում ենք բացատրել, թե Ցեղասպանության փաստն ընդունելը մեզ համար որքան կարեւոր է, իսկ թուրքերը լսում են: Մենք էլ լսում ենք նրանց կարծիքը, թե ինչո՞ւ չեն ուզում ընդունել այդ փաստը: Շատ կուզեի, որ սահմանը բացվեր, եւ վստահ եմ, որ այդ պահը մոտ է:

 

- Ֆիլմը նկարահանելիս որեւէ խոչընդոտներ չե՞ն եղել, եւ որպես երիտասարդ հայ ռեժիսոր` Թուրքիայում աճելու տեղ կա՞:

- Ֆիլմը նկարահանելիս ոչ մի խոչընդոտների չեմ հանդիպել, երբ լսում էին, ժպտում էին: Բիթլիսում Սարոյանին բոլորն էին ճանաչում: Կինոասպարեզում ես դեռ առաջին քայլերս եմ անում, եւ դեռ դժվարություններ չեն եղել: Եթե լինեն էլ, ապա դրանք այն դժվարություններն են, որոնք բոլորն են տանում, այսինքն` քո` հայ լինելը, չի ազդում ոչ մի բանի վրա: Իսկ, առհասարակ, դժվարություններից պետք է լավ բան քաղել:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ