կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-17 18:54
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը պատերազմ չսկսելու պայմա՞ն է դնում

Ադրբեջանը պատերազմ չսկսելու պայմա՞ն է դնում

Այսօր կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե, ամենայն հավանականությամբ, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա այս տարվա սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Հիշեցնենք, որ երկու երկրների արտգործնախարարները վերջին անգամ բանակցելու նպատակով հանդիպել են այս տարվա հուլիսի 12-ին Վիեննայում` նախ դեմառդեմ ձևաչափով, ապա նաև ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

 

Մամեդյարովի հայտարարությունը աշնանը կրկին հանդիպելու մասին վկայում է, որ կողմերն ընդհանուր ընկալում ունեն բանակցությունները արտգործնախարարների մակարդակով շարունակելու հարցում, ինչը գործընթացի շարունակականության ապահովման առումով ավելի նախընտրելի է, քան բանակցություններից հրաժարվելը: Սակայն, մյուս կողմից, սրանք դառնում են ինքնանպատակ, հանդիպումներ զուտ հանդիպման համար, ինչը նշանակում է, որ կողմերը փաստացի խաղում են ժամանակ վրա, այսինքն` ժամանակ են ձգում:

 

Դեռ մայիսին Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև Կրակովում կայացած հանդիպումից հետո հայտարարվեց այս հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կայացման հնարավորության մասին: Սակայն կարճ ժամանակ անց ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, հղում կատարելով դիվանագիտական անանուն աղբյուրների, տեղեկացրեց, թե Մինսկի խմբի համանախագահների այդ նախաձեռնությունը տապալվել է, և նախագահների հանդիպումը չի կայանա: Նույն աղբյուրները նաև տեղեկացրել էին, թե այն հնարավոր չի լինի կազմակերպել սեպտեմբեր-հոկտեմբերից ամիսներից շուտ: Սակայն, ըստ ամենայնի, չի կայանալու նաև պլանավորվող այդ հանդիպումը: Հակառակ դեպքում` Մամեդյարովը կխոսեր ոչ թե սեպտեմբեր-հոկտեմբերին արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին, այլ նախագահների:

 

Դժվար է ասել, թե իրականում կողմերից որն է բարձր մակարդակով այդ հանդիպումը վիժեցնողն այս անգամ: Չի բացառվում, որ այն պայմանավորված է նախընտրական այս շրջանում Իլհամ Ալիևի` քարոզչության նպատակով սեփական հանրության աչքում ավելի կարծր ու անզիջում առաջնորդի կերպար ձևավորելու հանգամանքով: Սակայն, մյուս կողմից, նման ձևով բանակցությունների շարունակումը դառնում է անիմաստ նաև Հայաստանի համար:

 

Այսօրվա իր ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ուշագրավ և իմաստային առումով բացահայտող հայտարարություն է հնչեցրել. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն մնալու է բանակցությունների սեղանին, քանի դեռ հայկական զինված ուժերը հանված չեն լինի Ադրբեջանի տարածքներից»: Սա գործնականում նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից ու համանախագահների կողմից որևէ նոր առաջարկությունից, քանի դեռ հայկական զինված ուժերը դուրս չեն բերվել ազատագրված տարածքներից: Այլ կերպ ասած` Բաքուն հայկական ուժերի դուրսբերման խնդիրը կտրում է բանակցությունների ամբողջական փաթեթից, և այն ներկայացնում որպես բանակցությունները շարունակելու նախապայման: Սա լուրջ շրջադարձ է բանակցային գործընթացում, որովհետև Ադրբեջանն առաջարկում է առաջնորդվել մի նոր` «բանակցություններ տարածքների դիմաց» սկզբունքով: Թե այդ տարածքներից հայկական ուժերի դուրսբերումից հետո էլ ինչի՞ շուրջ է բանակցելու Ադրբեջանը, որն արդեն վերահսկողություն է սահմանելու այդ շրջանների վրա, ստրատեգիական առավելություն է ստանալու ԼՂՀ-ի ու հայկական կողմի հանդեպ, կամ ինչո՞ւ է շահագրգռված լինելու բանակցությունները շարունակել, դժվար է ասել: Նման նախապայմանների առաջադրումը բացարձակ անիմաստ է դարձնում որևէ տեսակի բանակցությունների շարունակումն անգամ արտգործնախարարների մակարդակով, որովհետև այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանն այլևս ԼՂ-ի կարգավիճակի շուրջ բանակցել չի ցանկանում ու թե' միջնորդների և թե' Հայաստանի հետ սկսել է խոսել ուղղակի ուժի լեզվով:

 

Թերևս դրանով էր պայմանավորված մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի: Գուցե Ադրբեջանի դիրքորոշման այս կտրուկ կոշտացումը նկատի ունեին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդը, երբ Հյուսիսային Իռլանդիայի Էնիսկիլեն քաղաքում ընդունած համատեղ հայտարարության մեջ հստակ ու նախորդների համեմատ զգալիորեն շեշտված ընդգծում էին. «Այդ դրույթները(մադրիդյան սկզբունքների, որը մյուսների հետ համահավասար է դիտարկում հայկական զինված ուժերի դուրսբերումը-հեղ. ) պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ յուրաքանչյուր փորձ` ուղղված դրանցից մեկին նախապատվությունը տալուն, բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը»:

 

Եթե Ադրբեջանն արդեն բաց տեքստով ու հրապարակայնորեն է արտահայտվում նախապայմաններով խոսելու մասին, ապա արդեն իսկ ժամանակն է, որպեսզի Հայաստանը դնի մադրիդյան սկզբունքների հենքի վրա բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը և բոլոր հնարավոր միջոցներով առաջ քաշի Ադրբեջանի ամբողջական պատասխանատվությունը բանակցությունները տապալելու հարցում և ձգտի այդ ուղղությամբ կարծիք ձևավորել միջազգային հարթակներում: Այսինքն` Հայաստանը քարոզչական պատերազմ պետք է հայտարարի Ադրբեջանին, որպեսզի տանուլ չտա հնարավոր իրական պատերազմը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ