կարևոր
1732 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-27 11:48
Հասարակություն

Չորս տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի դեմ

Չորս տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի դեմ

Այսօր 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան՝ ժամը 7:10, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը սկսել է օդային և հրթիռային հարձակում Արցախի ուղղությամբ։ Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք: Ակնհատ էր, որ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական օժանդակությամբ,  լայնածավալ պատերազմ էր սկսել։ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հոդվածով Արցախի անվտանգության երաշխավոր հանդիսացող ՀՀ իշխանությունները չեզոք դիրք էին գրավել։ Ակնհայտ էր, որ պատերազմում հայկական կողմի պարտությունը նախապես ծրագրված ու համաձայնեցված էր։ Պլանավորված պատերազմում հայկական կողմը, ոչ պաշտոնական տվյալներով, 5000-ից ավելի զոհ տվեց, տարածքային ու դիրքային կորուստներ կրեց։

Շուշին այլևս հայկական վերահսկողության տակ չէր, ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներ էին հասել: Պատերազմի 44-րդ օրը «հաղթելու ենք» հեշթեգով ապրող հանրությունը տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին: Մոտ 30 տարի հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, հազարավոր զոհեր և վիրավորների, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս և մեծ անորոշություն ու բազմաթիվ հարցեր: 

Արցախյան երկրորդ պատերազմը անասելի ցավոտ որոշմամբ դադարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, դադարեց պատերազմը, բայց՝ չավարտվեց․․․