Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Ես պատգամավոր եմ, ով ծանոթացել է Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթի մի քանի տարբերակի: Բազմիցս զգուշացրել ենք, թե ինչ նախապայմաններով է տեղի ունենում գործընթացը, խոսել ենք նաև այն մասին, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ ունի, պահանջում է, որպեսզի Արցախի հարցը փակենք, Ադրբեջանն ուզում է այստեղ բնակեցնել տասնյակ-հազարավոր ադրբեջանցիների, բայց անգամ հիմա Ալիևն այնպիսի պահանջներ է հրապարակայնացնում, որ մենք, որ ծանոթ էինք այդ փաստաթղթին, մենք անգամ այդ պահանջներից տեղյակ չէինք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով, որ, օրինակ՝ համատեղ դիմելը, որպեսզի ՄԽ-ն լուծարվի, նոր ի հայտ եկած պահանջ է, որը չի արտացոլվել առնվազն որևէ տարբերակում, որն ինքը տեսել է:
«Թե հետո ինչ պահանջ է լինելու, կարող ենք միայն ենթադրել: Երբ այսպիսին է իրավիճակը, տարածք զիջելով՝ գոյաբանական ճգնաժամը չես կարող հաղթահարել: Անընդհատ զիջելով՝ ադրբեջանական պահանջները միայն ավելացնում ես, դա է ցույց տվել վերջին առնվազն 4 տարին: Ի՞նչ է Ադրբեջանն այս փուլում ուզում՝ ամրագրել ուժով և ուժի սպառնալիքով ձեռք բերածը, այսինքն՝ իր վերահսկողությունն Արցախի նկատմամբ, և ոչնչացնել բոլոր իրավական հիմքերը, հարթակները, որոնք կարող են օգնել մեզ հետագայում մեր իրավունքների համար պայքարում:
Ադրբեջանն ամենալավը գիտի այս կոնֆլիկտում, որ երկրում իրավիճակ փոխվելը բերում է գետնի վրա իրավիճակի փոփոխման: Ի՞նչ էր կատարվում 1992-94 թթ. Ադրբեջանում. թուլացած ներքին իշխանություն, անընդհատ իշխանափոխություններ, որի հետևանքն էր նաև ռազմադաշտում իրավիճակի փոփոխությունը: 1994 թվականին Ադրբեջանն այս հակամարտության պարտված, ջախջախված կողմն էր, որը խնդրում էր զինադադար և ուզում էր ավարտել հակամարտությունը, ուղղակի 1994թ. իրենք վերցրին այդ դադարը, երկրում փոխեցին տրամաբանություն: 2024 թվականին՝ 30 տարի հետո, որը պատմության համար ակնթարթ է, 180 աստիճան փոխվել է իրավիճակը՝ ջախջախված կողմը մենք ենք, Ադրբեջանը հաղթող կողմ է, դրա համար Ադրբեջանը գիտի, որ հիմա կարող է ունենալ շատ մեծ վերահսկողություն տարբեր տարածքների նկատմամբ, բայց դա մշտական չէ, քանի երկրում կա ձգտումը վերականգնելու արդարությունը»,- ընդգծեց պատգամավորը:
Նա շեշտեց՝ որևէ մեկն այս փուլում չի ասում, որ պետք է գնանք՝ տարածքներ վերցնենք, խոսում են, որ առնվազն մեր իրավունքներից չպետք է հրաժարվել, չպետք է հրաժարվել արդարության համար պայքարից. «Կարող է, այո, հիմա պարտված կողմ ենք, բայց այս իրականությունը փոփոխման ենթակա է: Ո՞վ է ասել, որ պարտությունը դատավճիռ է: Սա ամենալավը գիտեն Ադրբեջանում: Մենք մինչև այս պահը չունենք փաստաթուղթ, որով Արցախի նկատմամբ ճանաչվել է Ադրբեջանի իրավազորությունը: Ունենք ընդամենը Նիկոլ Փաշինյանի հայտարարություն, բայց Հայաստանի անունից կնքված փաստաթուղթ, որով դա կամրագրվի, դեռևս չունենք: Ուրեմն՝ իրեն պետք է նաև այդ փաստաթուղթը: Իրեն պետք է բոլոր այն հարթակների ոչնչացումը, որով կարող է իր համար խնդիր հանդիսանալ, քանի որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում: Ադրբեջանը միջազգային հարաբերություններում իր հարցերը լուծելու համար կիրառել է ուժի սպառնալիք, ուժ, իսկ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը միջազգային իրավունքի առաջնային նորմերից է: Հետևաբար, ամեն ինչ անում է, որ չունենա հետագա գնահատականներ և դրանցից բխող հետևանքներ: Ադրբեջանի համար մյուս կարևոր պահանջն այն է, որ որևէ ձևով իր հետագա պահանջները չսահմանափակվեն, այսինքն՝ որևէ փաստաթուղթ, որը կֆիքսի մի գիծ, որից առաջ ինքն այլևս չի կարող գնալ, կֆիքսի մի կետ, որը խոսում է նաև Հայաստանի իրավունքների մասին, պետք է բացառվի»:
Նա նկատեց՝ Ադրբեջանին պետք չէ խաղաղություն. «Թող որևէ մեկն իշխող ուժից ասի՝ ի՞նչ է զիջում Ադրբեջանը: ԱԳՆ-ն արդեն օրով է նշում՝ երբ կլինի հարձակումը, ասում է՝ COP-29 համաժողովից հետո մեծ է ադրբեջանական հարձակման վտանգը: Մեզ արդեն օրով և ժամով են պատերազմի մասին ասում, այն իշխանությունը, որը 4 տարի բոլոր զիջումները հիմնավորել է նրանով, որ խաղաղություն է բերում: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունն այն մասին էր, որ պատրաստվում են հարձակվել: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ Հայաստանն իրավունք չունի զորավարժություն անել, զենք գնել, դա դիտարկում են՝ որպես Ադրբեջանի համար սպառնալիք, և պետք է չեզոքացնեն այդ սպառնալիքը. իրո՞ք, այդ որտե՞ղ է գրված, որ որևէ երկիր եթե զորավարժություն է անում, դա կարող է որևէ մեկը հիմք ընդունել հարձակման համար: Իրենք 60-ից ավելի զորավարժություն են արել վերջին ժամանակահատվածում՝ տարբեր երկրների հետ, պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանն ասի՝ քանի որ Ադրբեջանն Իրանի կամ Թուրքիայի հետ զորավարժություններ է անում, ես դա ընկալում եմ որպես սպառնալիք և հարձակվում Ադրբեջանի վրա:
Երրորդ հայտարարությունը Թուրքիայի կողմից էր, որն ուղիղ ասաց, որ այնպես, ինչպես ներխուժել են Արցախ, այդպես էլ կներխուժեն Իսրայել: Այսինքն՝ երբ այսքան ուղիղ քեզ ասում են, թե ինչ նպատակներ ունեն և ինչպիսի սխեմա է գործում, քո գործը միայն դառնում է՝ ընդունել դա ի գիտություն և հասկանալ, որ Ադրբեջանը խաղաղություն չէ, որ ուզում է, Ադրբեջանն ուզում է Հայաստանի ոչնչացում»:
Քրիստինե Վարդանյանը պարզագույն հարց ուղղեց իշխանությանը՝ Տավուշում հող զիջելով՝ մենք Ադրբեջանին կարո՞ղ ենք կանգնեցնել, Տիգրանաշենը տալով՝ կարո՞ղ ենք կանգնեցնել. «Արցախի հանձնումով կանգնե՞ց Ադրբեջանը, եթե այդպես լիներ՝ Արցախով կանգ կառներ: Հակամարտության բուն էությունը, որ պետք է հասկանանք, սա է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում