Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո, քաղաքագիտական, փորձագիտական ու քաղաքական շրջանակներից վստահեցնում են, որ Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու միտք չունի։ Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ՝ հասկանալու, թե հնարավո՞ր է Ալիևը հուշում էր, որ «խաղաղության պայմանագիր», այնուամենայնիվ, չի կնքվելու։
«Ալիևի երեկվա հայտարարություններում նոր բան չկա․ արդեն քանի տարի է, հատկապես՝ 2020 թվականից հետո, խոսում ենք Նիկոլի տխրահռչակ այդ ցեղասպանության պայմանագրի մասին ու բազմիցս նշել, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը համահավասար է ցեղասպանության։ Ինչպես հայտնի է, ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են «խաղաղութան պայմանագրի» տեքստին և նշել, որ դրա մեջ բավականաչափ վտանգներ կան Հայաստանի ինքնավարության ու պետականության մասով, իհարկե, կա գաղտնիության մաս, բայց, անդրադառնալով Ալիևի վերջին հոխորտանքներին, ակնհայտ է, որ այնտեղ կա և՛ «անկլավների» վերադարձի խնդիր, այդ թվում՝ ադրբեջանցիների վերադարձ իրենց «մայր հայրենիք», իսկ «մայր հայրենիք» ասվածը ենթադրում է Սյունիքը, Գեղարքունիքի մարզը, Երևանը, Արագածոտնը, Լոռին, Տավուշը, Վայոց ձորը, Արմավիրը և բոլոր մարզերը։
Ալիևը նշեց, որ եթե իրենք նկատեն որևէ վտանգ, Հայաստանի կողմից ռազմական տեխնիկա գնելու, սպառազինություն մեծացնելու առումով, ապա իրենք կանխարգելիչ մեթոդների կդիմեն, իսկ կանխարգելիչ մեթոդները ենթադրում է, որ առանց տեղյակ պահելու նախահարձակ են լինելու՝ իրենց պատկերացրած հնարավոր վտանգը վերացնելու պատճառաբանությամբ։ Ուստի Ադրբեջանը յուրաքանչյուր պահի, «խաղաղության պայմանագրից» հետո լինի, թե դրանից առաջ, կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ»,- նշեց Գառնիկ Դավթյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի։
«Ալիևը շեշտեց, որ Ադրբեջանից դեպի Ադրբեջան կապը չպետք է խափանված լինի և դա չպետք է վերահսկվի այլ պետութան կողմից, սա հենց ենթադրում է, որ Հայաստանը դիարկում են որպես Ադրբեջան։ Եթե նկատի ունենար կոնկրետ Նախիջևանը, կնշեր այդ մասին․ գիտենք, որ Նախիջևանը ժամանակին հայաթափվել է և անցել Ադրբեջանին, բայց նա շեշտեց Ադրբեջանից դեպի Ադրբեջան։ Իմ խորին համոզմամբ՝ Ադրբեջանից դեպի Ադրբեջան նշանակում է Հայաստան, այսինքն՝ իրենք դիտարկում են Հայաստանը որպես Ադրբեջանի մաս»,-ասաց փորձագետը։
Մեր զրուցակցից հետարքրվեցինք, թե՝ նման իրավիճակում ի՞նչ կարելի է սպասել հունվարի վերջին սահմանագծման հանձնաժողովների հերթական նիստից, ի պատասխան՝ ասաց․ «Ոչ մի լավ բան Հայաստանի հետ կապված Նիկոլի իշխանության ժամանակ սպասել պետք չէ, Նիկոլը կարողանում է միայն բանտարկել, սպառնալ ու զզվել հայերից, իսկ իրական թշնամիներին ծառայել որպես, քաղաքական առումով, իրենց ստրուկ, հետևաբար, բոլոր նման հանդիպումները հանգեցնելու են պատերազմի։ Ուղիղ բանակցությունները, որպես այդպիսին, շատ լավ հնարավորություն են Ադրբեջանի համար՝ հետագայում մանիպուլացնելու բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք կարող են ինչ-որ չափով լավ կամ վատ լինել Հայաստանի համար։
ԵԱՀԿ Մինսկի խումբը, մոտ 30 տարի աշխատեց ու թույլ չտվեց, որ ադրբեջանական կողմը միակողմանի մեկնաբանի․ հիմա Ադրբեջանին ոչինչ չի խանգարում, որովհետև չկա երրորդ կողմ, երրորդ աչք։ Պատկերավոր ասած՝ Հայաստանն իրեն «սամասուդի» է տվել և դրա գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի միակ ու անկրկնելի ծառան Նիոլ Փաշինյանն է»,- խոսքը եզրափակեց Գառնիկ Դավթյանը։
Հերմինե Զեյնալյան