կարևոր
3658 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-02 15:30
Քաղաքական

2020-ին Ադրբեջանը որեւէ իրավական հիմք չուներ պատերազմ սկսելու, եթե չլինեին Փաշինյանի գործած սխալները. Օսկանյան

Նույնիսկ 2020-ին Ադրբեջանը որեւէ իրավական հիմք չուներ պատերազմ սկսելու, պատճառ չուներ, եթե չլինեին Փաշինյանի գործած սխալները: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Եթե չլիներ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եթե չլիներ նրա հայտարարությունը, որ սկսում եմ զրոյական կետից, եթե չլիներ իր հայտարարությունը, որ այն, ինչ մինչեւ հիմա արվել է, դա առոչինչ է: Եթե չլիներ Փաշինյանի հայտարարությունը, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար: Այս ամենը Ադրբեջանին բերեց համոզման, որ Հայաստանի նոր ղեկավարի հետ բանակցելն անիմաստ է, դա պետք է մի կողմ դնել եւ նայել հարցի այլ լուծման: Ու երբ նրանք տեսան, որ դրոնների գնումների տարափի տակ Հայաստանը ձեռքերը ծալած նստած է, երբ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում ամբողջությամն դարձել է հօգուտ Ադրբեջանի, երբ դու քո հույսը կորցրել ես բանակցային ճանապարհով լուծման հասնելու, բնականաբար, այդ երկուսի համադրումով կարող են մի եզրահանգման գալ՝ հարցը լուծել ուժի տարբերակով:

Բացի այդ, Ադրբեջանը հստակ տեսնում էր, որ Հայաստանը սխալ քաղաքականություն է վարում Արեւմուտքի հետ, Ռուսաստանի հետ: Այդ ամբողջի մեջ Ադրբեջանը փորձեց գնալ պատերազմի: Այսինքն նույնիսկ 2020-ին որեւէ տրամաբանական հիմք կարող էր չլինել, եթե չլինեին Փաշինյանի արած կոպիտ սխալները»,-ասաց Օսկանյանը: