|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հայաստանը խոսում է խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը պատերազմ է քարոզում. երեկ ելույթ ունենալով Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում` հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մինչ մենք առաջարկում ենք համաձայնության գալ ուժի չկիրառման մասին, Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից եւ պարծենում իր ռազմական բյուջեի ավելացումով: Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում ամրապնդել զինադադարը եւ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, Ադրբեջանը շաբաթական հարյուրավոր անգամ խախտում է զինադադարը եւ սադրանքներ կազմակերպում շփման գծում: Միջազգային հանրությունը հայտարարում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, իսկ Ադրբեջանն ասում է, որ խաղաղ կարգավորումը չի նշանակում ուժի չկիրառում»,- ասել է Է. Նալբանդյանը` հավելելով, որ, փաստորեն, Ադրբեջանի միակ նպատակը բանակցությունները ձախողելն է եւ պատասխանատվությունը մյուս կողմերի վրա բարդելը:
Ըստ նախարարի`Հայաստանն ընդունել է հունիսին Սանկտ Պետերբուրգում, հոկտեմբերին Աստրախանում եւ դեկտեմբերին Մոսկվայում ներկայացված նորացված առաջարկները` որպես դեպի կարգավորում տանող բանակցությունների հիմք: Դա նշանակում է, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Իսկ Ադրբեջանը շարունակաբար նորանոր փոփոխություններ է առաջարկում մի շարք հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ արդեն փոխըմբռնում էր ձեւավորված:
«Միջազգային հանրությունը սպասում է Ադրբեջանից հստակ պատասխանի՝ նա ընդունո՞ւմ է այսօր սեղանին գտնվող առաջարկները: Այո՞, թե՞ ոչ: Հուսով ենք, որ, ի վերջո, Սոչիում Ադրբեջանի կողմից կցուցաբերվի անհրաժեշտ իրատեսություն եւ քաղաքական կամք, որպեսզի հնարավոր լինի առաջ տանել կարգավորման գործընթացը»,- նշել է նախարարը: