կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-16 11:05
Առանց Կատեգորիա

Լրատվական աղետ

Լրատվական աղետ
Կա՞ արդյոք երկրագնդում մի երկիր, որտեղ ոչինչ չի կատարվում: Ոչինչ՝ բառի բուն իմաստով, կամ փորձեմ ավելի պարզեցնել հարցս՝ կա՞ արդյոք երկրագնդում մի երկիր, որտեղ օրվա կարևորագույն լուրերը կամ, ինչպես ընդունված է ասել, top news-ը ավտովթարներն են, կամրջից նետված ինքնասպանները կամ ներազգակցական բռնաբարությունները: Մեր կյանքը բուռն է «անշառ» զարգացումներով, դեպքերով և պատահարներով: Ինչպես որոշ շրջանակներում ընդունված է ասել՝ քաղաքացիական հասարակություն ենք ձևավորում: Ուրեմն՝ պարզվում է՝ քաղաքացիական հասարակության ձևավորման գերխնդիրն ամեն ինչի մասին խոսելն է, բարձրաձայնելը և տեղեկացնելը… բայց ընտրողաբար: Եվ դրա համար ջանք չի խնայվում, որպեսզի հասարակությունը րոպե առաջ տեղեկանա, թե պապը ինչպես բռնաբարեց փափկասուն թոռնուհուն, թոռնուհին ինչպես դանակով կտրեց տատի կոկորդը, ինչպես կամրջից իրեն ձորը նետեց 21-րդ դարի մեր Անուշը, կամ ինչպես հանուն Անուշի գոմում կախվեց Սարոն:

 

Կանցնեն ժամանակներ, և «վերլուծաբանները» կպարզեն, որ Անուշը կամրջից իրեն նետեց ձորը ոչ թե Սարոյի սիրո համար, այլ որ պարտքերի տակ կքած՝ չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և գիշերները մեկ այլ կամրջի վրա վաստակել, իսկ Սարոյին կախված էին գտել, որովհետև հավատացել էր աջ ու ձախ սփռվող գովազդներին ու որոշել բախտը փորձել խաղատանը. հարսանյաց հանդեսի պատրվակով վերցրած վարկը մսխել էր, հետո հասկացել, որ կորցրել է ամեն ինչ, նույնիսկ այն գոմը, որտեղ գտավ իր մահկանացուն:

 

Բայց կարևորը պատճառները չեն, այլ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր շուրջը, և որոնց մասին տեղեկանում ենք շատ ավելի արագ, քան, ասենք, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու և կամ «պանծալի» հոգևորականի կողմից իր իսկ հոտի ներկայացուցչին սնանկացնելու մասին:

 

Շատերը դժգոհում են, թե սոցիալական ցանցերը դարձել են բացասական էմոցիաների փոխանցման աղբյուր, բայց արդյո՞ք միայն սոցիալական ցանցերն են պատճառը: Սոցիալական ցանցերն ավելի շատ միջոց են լուրերի տարածման համար: Իսկ գրողները դրանք գրում են թերթերում, կայքերում, հնչեցնում են հեռուստատեսությամբ, ռադիոյով: Մի խոսքով՝ մեզ հայտնի ԶԼՄ-ներով, որոնց աշխատակիցները, «կախված» սոցցանցերից, չեն էլ ուզում դուրս գալ փողոց, սեփական աչքով տեսնել, լսել և լուսաբանել իրադարձությունը:

 

Մի քանի տարի առաջ, երբ ես թերթի խմբագիր էի, լրագրողների հետ զրուցում էինք այս թեմայով, նրանցից մեկը վերը նշված երևույթը որակեց «ասֆալտային լրագրություն»: Դա մի քանի տարի առաջ էր: Այսօր այն «ասֆալտայինից» վերածվել է «աթոռայինի» կամ ավելի ճիշտ՝ «հետույքային լրագրության»: Իրոք, ի՞նչ իմաստ ունի չարչարվել լուր ստեղծելու վրա, երբ սոցցանցերից կարելի է վերցնել ամեն ինչ և որպես իրականություն հրամցնել հանրությանը:

 

Օրերս հայտնի սոցցանցի օգտատերերից մեկը կատակել էր, թե տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ տրանսպորտի ուղեվարձն այսուհետ վճարվելու է մարդու քաշով: Ուրեմն՝ ոմն «լրագրող» այս կատակն այնքան լուրջ էր ընդունել, որ նույնիսկ քաշավճարային աղյուսակ էր պատրաստել և հրապարակել: Դե, բնականաբար, մի քանի հայտնի «առաջատար» կայքեր էլ դա արտաթողարկել էին և, ինչպես ասում են, ամեն ինչ տակն ու վրա արել: Բայց սա էլ չէ էականը, այլ այն, որ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունն էլ իր հերթին էր այն լուրջ ընդունել և հանդես եկել հերքմամբ: Հիմա ասեք՝ իմանանք, թե ինչ էր կատարվել: Իրականում ոչինչ, բայց արի ու տես, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կատարվել է: Մարդիկ աշխատում են, լրահոսը կա, կարդացողներ՝ ևս, երկիրն էլ շնչում է: Երբ սկսում ես զարմանալ կամ ծիծաղել այս իրավիճակի վրա, ասում են՝ քաղաքացիական հասարակություն ենք ձևավորում, ամեն ինչ պետք է լինի թափանցիկ: Բայց երբ հարցնում ես, թե այդ դեպքում ինչո՞ւ եք հեռուստատեսությամբ անտեսում թանկացումները և միայն տեղեկացնում, որ հացը չի թանկացել, հնչած պատասխանը ոչ թե լրագրության ոլորտից է, այլ քիմիական մանրաթելային արտադրության: Արդարանում են՝ ասելով՝ թանկացումների մասին բոլորը գիտեն, իսկ որ հացը չի թանկացել, ասում ենք, որ չթանկացնեն:

 

Չեմ ուզում մանրանալ և սևեռվել մանկամիտ մեկնաբանությունների վրա, բայց այսպես շարունակվելու դեպքում մեզ՝ բոլորիս, սպառնում է ոչ թե քաղաքացիական հասարակության ձևավորում, այլ լրատվական աղետ: Չնայած կարելի է ասել, որ մենք արդեն այդ աղետի մեջ ենք և հետևանքների կրողը:

 

Լրագրողը հասարակության և իշխանության սինթեզն է

 

Նոր հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ լրագրողը հասարակության և իշխանության սինթեզն է: Բայց ներկա իրավիճակում լրագրողը (թող ինձ ների արհեստավարժ լրագրողների այն փոքրամասնությունը, որ շարունակում է զբաղվել իր մասնագիտությամբ) դարձել է իշխանության սինթեզը, կամ, որ ավելի ճիշտ է, իշխանությունն է սինթեզում լրագրողի աշխատանքը: Առաջացած կազուսը հղի է հենց վերը նշված աղետով, որին պայմանականորեն կարող ենք անվանել «լրատվական աղետ»:

 

Ցանկացած աղետ հանգեցնում է հոգեբանական անկման: Իսկ լրատվական աղետը ավելի հզոր կործանարար զենք է, որից հետո հասարակության հոգեվիճակի վերականգնման համար մարդկային մի ամբողջ կյանքն էլ բավարար չէ: Այն սերունդը, որի համար լրատվությամբ զբաղվելը միայն մի նպատակ է հետապնդում՝ հաճոյանալ պատվիրատուներին «մի փոր հացի» դիմաց և մրոտել ողջ շրջապատը հանուն դրա, ի վերջո, բումերանգի կանոններով հանգեցնելու է սեփական անձի ստորացման, նույն ինքը՝ լրագրողը, որքան էլ թքած ունենա հասարակության կարծիքի վրա, շարունակելու է մնալ հասարակության անդամ և, շուտ թե ուշ, իր մաշկի վրա է զգալու իր իսկ գրչի արդյունքը:

 

Սա՝ ապագայում: Իսկ հիմա լրատվական դաշտում խառնաշփոթ է: Խառնաշփոթի հեղինակները հաշվարկել են՝ որքան վատ, այնքան լավ, և մանիպուլյացիայի այնպիսի դոզավորում են տվել, որ ակամա իրենք են հայտնվել մանիպուլյատիվ հնարքների «բերմուդյան եռանկյունում»:

 

Ահա ամենապարզ օրինակը՝ ահագնացող արտագաղթի թեման: Բոլորը, ձայները մեկ արած, գուժում են, որ երկիրը դատարկվում է, որ հեռացողների հերթերը սահմանակետերում գաղթականների թափոր են հիշեցնում: Ամեն օր, ամեն ժամ կարդում ենք այս մասին, որով լրագրողը, անկախ իր կամքից, արդարացնում է արտագաղթողին՝ ասելով. «Մնան՝ ի՞նչ անեն, ապրելը դարձել է անհնար»: Դեռևս ոչ մի լրագրող չի փորձել մեկնել սահմանից այն կողմ և լուսաբանել, թե գնացողներն այնտեղ ինչ են անում, ինչպես են ապրում: Չէ՞ որ բոլոր գնացողներին չէ, որ բախտ է վիճակվում Արա Աբրահամյան կամ Սամվել Կարապետյան դառնալ:

 

Աղջիկս, որ ուսանում է արտասահմանում և այժմ արձակուրդն անցկացնում է Հայաստանում, արտագաղթող ընտանիքների հետ տարբեր շփումներից հետո որոշել է վավերագրական ֆիլմաշար սկսել «Հեռացողների մայրերի հաջորդ օրը»: Դուք տեսե՞լ եք նրանց աչքերը: Մեկ անգամ այդ աչքերը տեսնողը երբեք չի մոռանա: Վստահ եմ՝ եթե դրսում զուգարան մաքրող կամ փողոց ավլող հայը տեսնի իր հեռանալուց հետո ծնողների հոգեվիճակը, կսկսի մտածել: Եթե ոչ բոլորը, գոնե զգալի հատվածը կհասկանա, որ հայրենիքում ապրելը ամենաապահովն է, նույնիսկ եթե իշխանավորներն իրենց վարքագծով քեզ դարձնում են անապահով: Այո՛, կսկսեն մտածել, քանի որ հեռանալիս չեն մտածել, առաջնորդվել են էմոցիաներով, լրատվական դաշտի բամբասանքներով, պապի կողմից թոռնուհու բռնաբարության կամ Անուշի ինքնասպանության լուրերի ազդեցության տակ, թե իբր էս երկիրը կործանվում է, և օր առաջ հեռանալ է պետք: Հեռանալ՝ հանուն գենոֆոնդի պահպանման, թեկուզ ուրիշ երկրում ուրիշի տակաշորը լվանալու պայմանով: Կմտածեն, եթե մտածելու հնարավորություն տրվի, իսկ երբ այդ հնարավորությունն ունենան, երկիրն էլ երկրի կնմանվի, ինչից ահավոր վախենում են իշխանավորները և նրանց պահանջները սպասարկող որոշ լրագրողներ, որոնք իրենց ջանասիրությամբ նպաստում են արտագաղթի է՛լ ավելի տարածմանը: Եթե իշխանությունը «չի տեսնում» արտագաղթն ու այն ծնող պատճառները, դա պետք է տեսնեն լրագրողները: Պետք է անդադար բարձրաձայնվի պատճառների մասին, այնքան, որ հողն այրվի ապաշնորհ պաշտոնյայի ոտքերի տակ: Իսկ եթե այդ մասին լռում են և լուսաբանմամբ արդարացնում հեռացողներին, դա դառնում է գովազդ: Իսկ գովազդի ազդեցությունից գիտեք, թե ինչ եղավ Սարոյի հետ:

 

Հարություն Հարությունյան,

«Օրակարգ»