կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-15 13:18
Քաղաքական

Էդ գյուղապետի ընտրություններն ի՞նչ էին, որ պետք է փող բաժանեինք. Գալուստ Սահակյան

Էդ գյուղապետի ընտրություններն ի՞նչ էին, որ պետք է փող բաժանեինք. Գալուստ Սահակյան

Թեեւ տեղեկություններ կան, որ երեկ Պռոշյանի գյուղապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականների կողմից ընտրակաշառք է բաժանվել, ճնշումներ են եղել, բայց ԱԺ ՀՀԿ խմբակության ղեկավար Գալուստ Սահակյանը այդ ընտրությունները բարձր է գնահատում, որովհետեւ որեւէ միջադեպ չի գրանցվել:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե հերքո՞ւմ է ընտրակաշառքի մասին լուրերը, Սահակյանը հակադարձեց. «Բնականաբար, հերքում եմ այն, ինչ պատճառաբանված չէ, հերքման է արժանի, որեւէ փաստ չի արձանագրվել: Կամ էդ գյուղապետարանի ընտրություններն ինչ էին, որ պետք է փող բաժանեինք»:

 

Դիտարկմանը, թե ստացվում է` Պռոշյանում ՀՀԿ-ական գյուղապետ ունենալն այդքան էլ կարեւոր չէր ՀՀԿ-ի համար, մեր զրուցակիցը արձագանքեց, որ իրենց համար միշտ էլ շահեկան է, որ իրենց թեկնածուն հաղթող ճանաչվի:

 

«Բոլոր դեպքերում ցանկացած ընտրության ժամանակ էլ կենտրոնացած ենք լինում: Համենայն դեպս, քաղաքական չդիտարկեցինք այս ընտրությունները, փորձեցինք, որ որեւէ լարվածություն չառաջանա: Դրա համար պետք է ողջունել նաեւ ՀՅԴ-ին, որ քաղաքական վճիռների ճանապարհով չգնաց»,- նշեց Սահակյանը:

 

Հարցին` զուտ բարոյական տեսանկյունից ճի՞շտ էր Արթուր Մուրադյանի առաջադրումը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց. «Այսինքն` ինչ է, էդ գյուղը գյուղապետ չպե՞տք է ունենար»:

 

«Իհարկե, պետք է ունենար, որը կարող էր լինել, օրինակ, դաշնակցական, ով եւ կլիներ Հրաչ Մուրադյանի գործի շարունակողը»,- հակադարձեցինք պարոն Սահակյանին, ինչն այդքան էլ դուր չեկավ նրան: «Ինչի՞, ՀՀԿ-ն աղանդավորական շարժո՞ւմ է: Գյուղի բնակիչ է, իրենց գյուղն է, առաջադրվել է, անցել է, այդ ի՞նչ աղանդավորական շարժումներ եք ստեղծել, ընտրվողը հայ է»,- պատասխանեց նա:

 

Սահակյանը հայտարարեց, որ չի կարելի «նախկին գյուղապետի գործը շարունակելու» գաղափարով առաջնորդվել, «կա մի պարզ ճշմարտություն` գյուղում ընտրություն է եղել եւ հաղթել է ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը»: