կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 14:25
Քաղաքական

Պետք չէ համեմատել նախագահներին. Գալուստ Սահակյան

Պետք չէ համեմատել նախագահներին. Գալուստ Սահակյան

 

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա` «Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի» հոդվածը եւ դրանում արտահայտված մտքերը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը սենսացիա չի համարում: Տեր-Պետրոսյանն, ըստ նրա, ընդամենը խոսում է ընդդիմադիր դիրքերից ու հակառակն ասելու միտում չի դրսևորում:

 

«Որևէ քաղաքական պայման ու վիճակ չկա, որպեսզի նման սուր խնդիրներ դրվեն»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական Սահակյանը:

 

Նա համարում է, որ ՀՀ առաջին նախագահի ասածները պետք է դիտարկել իբրև ընդդիմության ներկայացուցչի խոսք, ով ուղղակի տեսակետներ է հայտնել, իսկ հասարակության ուշադրությունը բևեռվում է նրա տեսակետների վրա միայն այն պատճառով, որ նա եղել է ՀՀ առաջին նախագահը: «Նա ընդամենը սեփական գնահատականներն է հնչեցրել` որևէ հիմնավորում չներկայացնելով: Այդպես հանիրավի կարելի է շատ բան ասել, բայց պետք է համեմատականներ անցկացնել. մեր միջազգային վարկը շատ բարձր է, այնինչ առաջին նախագահի օրոք վանվում էր Սփյուռքի հետ կապված խնդիրները: Մենք տեսնում ենք շատ շահեկան իրավիճակներ թե' ԵՄ-ի, թե' ՄՄ-ի հետ, այնպես որ հնուց եկած կարծրատիպ է, թե Հայաստանն անպայման ինչ-որ երկրի պոչից կպած պետք է գնա»,- նշեց Սահակյանը:

 

Հարցին, որ եթե ՀՀ առաջին և երկրորդ նախագահները միաժամանակ պահանջեն գործող նախագահի հրաժարականը, արդյո՞ք դժվար իրավիճակ կստեղծվի քաղաքական դաշտում, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում` այդքան ծիծաղելի իրավիճակ ստեղծվի Հայաստանում, որ ներպետական քաղաքացիական պատերազմներ կստեղծվեն: Յուրաքանչյուր նախագահ Հայաստանի համար ստեղծել է իր արժեքները, և ամեն հաջորդ նախագահ հիմնվել է այդ արժեքների վրա: Լևոն Տեր-Պետրոսյանը, անկախ նրանից, թե ինչ թերություններ է ունեցել, նա եղել է պատերազմող և նաև անկախ երկրի նախագահը և ունեցել է իր լուրջ նպաստը, բայց անձնային դրոշներով հանդես գալը մի տեսակ հասարակ է դարձնում նրանց, այլ ոչ թե վարկանիշ բերում: Ռոբերտ Քոչարյանին էլ եմ գնահատում. նրա օրոք տնտեսությունը լուրջ զարգացում ապրեց, վերացվեցին սեկվեստրով բյուջեները: Հետո եկավ Սերժ Սարգսյանը, և Հայաստանը լուրջ առաջընթաց գրանցեց միջազգային հարթակում: Պետք չէ նախագահներին համեմատության մեջ դնել»: