Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթում չի տեսել ծրագրային մոտեցումներ: «Չի կարելի ժողովրդին հավաքել, բան չասել ու ճանապարհ դնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանը:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում լիովին հասունացել է իշխանափոխության պահը, նա կարծիք հայտնեց, որ մի անգամ այն հասունացել էր 1996-ին, որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը 10 տարի քաղաքական լռություն ապահովեց, ու տարին երկու անգամ ՀԱԿ առաջնորդն ասում է, որ իշխանափոխությունը հասունացել է:
«Եթե հասունացած լիներ, ժողովուրդը ինքը ոտքի կկանգներ, իսկ քաղաքական ուժերը կարող էին ուղղորդել: Բայց մեզ մոտ հակառակն է` էստի համեցեք մոմենտն է աշխատում, թե` ժողովո'ւրդ, եկեք` որոշենք, մի բան անենք: Բայց ժողովուրդը գալիս է միտինգի, լսում իրեն հայտնի բաների մասին ու նորից գնում տուն: Չի կարելի ժողովրդին էդ վիճակի մեջ դնել, ժողովրդի հետևում թաքնվել: Ժողովրդին պետք է հավատով ուղղորդել»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին` համամի՞տ է ՀԱԿ առաջնորդի «հրաշալի քառյակ» բնորոշմանը, որով նա բնորոշել է ոչ իշխանական 4 քաղաքական ուժերի համագործակցությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դե, գիտե՞ք, եթե 7 ուժեր լինեին, կլիներ հրաշալի յոթնյակ: Դա առասպելական ֆիլմ էր սովետի ժամանակ, բավական հաճելի նայվում էր»:
Լևոն Տեր-Պետրոսյանի` «ինչո՞վ է Գագիկ Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց» արտահայտությունը Գալուստ Սահակյանն այսպես բնութագրեց. «Գագիկ Ծառուկյանը մի բան էլ ավել է, բայց մենք չենք որոնում նախագահ: Մեզ պետք է ոչ թե նախագահ-աշխատող, այլ նախագահ, որը տիրապետում է երկրին ու ազգին»:
Հարցին` Հայաստանում իրականություն կդառնա՞ Վրաստանի օրինակը, երբ գործարար հատվածը դարձավ իշխանափոխության հիմնական շարժիչ ուժը, պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հայաստանի խնդիրները համեմատելի չեն ո'չ Ուկրաինայի, ո'չ արաբական երկրների, ո'չ էլ Վրաստանի խնդիրների հետ: