կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-12 21:34
Քաղաքական

Ամբողջ ժողովուրդը նախագահին դեմ լինել չի կարող. Գալուստ Սահակյան

Ամբողջ ժողովուրդը նախագահին դեմ լինել չի կարող. Գալուստ Սահակյան

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների խնդրանքով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ինքն է անձամբ առաջադրել Վահե Հակոբյանի թեկնածությունը:

 

«Որևէ մեկը մեր իրականության մեջ իրավունք չունի որեւէ մեկի թեկնածությունն առաջադրելու: Պարզապես կարող է կարծիք հայտնել եւ ասել, որ այս կամ այն թեկնածուն ավելի լավն է: Վահե Հակոբյանի ընտրությունը կատարվել է Գործադիր մարմնի նիստում` երկրի նախագահի կողմից, եւ բոլորս էլ դրական ենք վերաբերվել այդ ընտրությանը»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ ՀՀԿ-ում որեւէ մեկը նախագահի կարծիքին դեմ չի արտահայտվում, Սահակյանը  պատասխանեց, որ փորձառության, անցած ճանապարհի շնորհիվ Սերժ Սարգսյանը կարողանում է օբյեկտիվ որոշումներ կայացնել: «Դեմ լինելու խնդիրն արդեն ներկուսակցական հարց է, բայց այն, որ Սերժ Սարգսյանը կուսակցությունում լուրջ հեղինակություն է, փաստ է»,- վստահեցրեց նա:

 

Մեր թղթակիցը փորձեց պարզել, թե Սահակյանը հիշո՞ւմ է` վերջին անգամ երբ է դեմ արտահայտվել նախագահին, ինչին ի պատասխան նա ասաց. «Ոչ միայն մենք, այլեւ ամբողջ ժողովուրդը նախագահին դեմ լինել չի կարող, քանի որ նախագահն իր կայացմամբ ապացուցել է, որ տրամադրված է հասարակական-քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ անել»: