կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-14 12:58
Քաղաքական

Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ. Գալուստ Սահակյան

Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ. Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի մասին քննարկումներ չեն եղել, բայց բոլորն արդեն կողմնորոշված են. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը` անդրադառնալով հարցին` անվիճելի՞ է, որ Սերժ Սարգսյանն է վարչապետի թեկնածու: «Կարծում եմ՝ այս պահին հիմնականում բոլորն արդեն կողմնորոշված են, ու չեմ կարծում, որ որևէ մեկին հարցնեք, նույն պատասխանը չի տալու»,- ասաց նա։

Անդրադառնալով «Ելք»-ի այն հայտարարությանը, որ իրենք ևս կառաջարկեն վարչապետի թեկնածու, Գալուստ Սահակյանը նշեց, որ լավ կլինի, եթե ընդդիմադիրները ևս առաջարկեն թեկնածու։ «Բայց դե տեսնում եմ, որ նման ռիսկային քայլերի չեն գնում», - ասաց նա։

Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ «Սերժ Սարգսյանը թեև անվիճելի քաղաքական գործիչ չէ, բայց մասնակցել է երկրի ճակատագրին, ունի քաղաքական հենարան»։ «Որ անընդհատ ասում եք` Կարեն Կարապետյան, ես չեմ կարծում, որ խնդիրն այդ կողմով է գնում։ Իմ ասած խնդիրը կապված է նրա հետ, որ այստեղ ոչ թե քննարկումներ պիտի լինեն, կամ մարդիկ մտածեն՝ ով պիտի լինի, ես ասում եմ, որ կլինի Սերժ Սարգսյանը: Իսկ երբ ասում են՝ եթե չուզենա, ես ասում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ ուզենա»,- նշեց նա՝ հավելելով. «Չի կարող նման երևույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ»։

Միևնույն ժամանակ, Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի մասին քննարկումներ չեն եղել, իր «դիտակետում ևս չկա նման մարդ»։ «Դեռևս ոչ մեկին չեմ տեսնում։ Արժանիներ շատ կան, և շատերը կարող են այդ գործը կատարել, բայց քանի որ քննարկումներ չեն եղել, և իմ տեսադաշտում այդ խնդիրը չի առաջացել, որ ես ինքս առաջարկեմ, դրա համար երբ առաջարկություններ կլինեն, կասեմ նաև իմ տեսակետը»,- ասաց նա։