Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել զինդատախազության նախաձեռնությամբ կազմակերպվող աշխատանքային խմբին պաշտպանի մասնակցության նախապայմանների մասին: Հիշեցնենք, որ աշխատանքային խմբի ուսումնասիրության առարկա պիտի լինեն զինված ուժերում մահվան ելքով այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո:
Պաշտպանը, որը նույնպես զինդատախազության կողմից հրավիրվել է աշխատանքային խմբին մաս կազմելու, նախապայմանները ձևակերպում է երեք պահանջի տեսքով: Եվ պահանջներից առաջին երկուսի բավարարումը եթե միանգամայն հավանական է («1. աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա դառնան այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշումներ են կայացվել 2001 թվականի հունվարի 1-ից հետո, 2. աշխատանքային խմբի գործունեության ձևաչափը և աշխատակարգը որոշվի հենց խմբի կողմից»), ապա նույնը չի կարելի ասել երրորդ պահանջի մասին, որի` գոնե այս պահին բավարարվելու հավանականությունը բացարձակ զրո է, հետևաբար, տպավորություն է ստեղծվում, թե անիրականանալի պահանջ առաջադրելով՝ ՄԻՊ-ը յուրօրինակ կերպով բոյկոտում է նախաձեռնությունը: Իսկ դա, խոստովանենք, տարօրինակ է: Պաշտպանը պահանջում է, ի լրումն վերոբերյալի՝ «3. հստակեցնել, թե ինչ իրավական հետևանք են ունենալու աշխատանքային խմբի կայացված որոշումները (ձևակերպումը՝ ՄԻՊ աշխատակազմի) և ինչ չափով են հաշվի առնվելու հասարակական կազմակերպությունների փորձագետների կողմից կատարված առաջարկությունները»:
Ակնհայտ է, որ զինդատախազությանը ներկայացվում է մի պահանջ, որի բավարարումն այդ մարմնի կողմից պարզապես անհնար է. վերջինս չունի և չի կարող ունենալ այդպիսի («իրավական հետևանքներ առաջացնող») լիազորություններ՝ առանց համապատասխան օրենսդրական ամրագրումների: Իսկ նման ամրագրումների համար անհրաժեշտ է երկարատև ընթացակարգ, որը հազիվ թե կարող է ավարտվել ենթադրվող լիազորություններով որևէ մարմնի, առավել ևս՝ աշխատանքային ինչ-որ խմբի օժտելու որոշմամբ: Հետևաբար, ենթադրությունը, թե ՄԻ Պաշտպանը դնում է այդ պահանջը՝ զինդատախազության անհեռանկար ձեռնարկմանն իր մասնակցությունը բացառելու համար, դառնում է հավանական: Իսկ ՄԻՊ-ի զգուշավորությունը, կարծում ենք, ուղիղ համեմատական է զինդատախազության նախաձեռնության անտրամաբանականությանը:
Իսկապես, իրավական համապատասխան լծակներ ու հարկավոր լիազորություններ չունեցող աշխատանքային այդ խումբն ի՞նչ խնդիրներ է լուծելու, մնում է անհասկանալի: Դժվար է, անշուշտ, ընդունել, որ խոսքը միայն բարոյական լուծումների մասին է, քանզի մարդկանց առավելապես հուզում է խնդրի իրավական կողմը, իսկ այդպիսի խնդիրներ լուծելու իրավասություն, փաստորեն, հանձնաժողովը չունի: Եվ դրա խոսուն վկայությունը ՄԻՊ-ի պահանջն է, որն էլ, իր հերթին, բավարարվելու հավանականության առումով կատարյալ անհեթեթություն է:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ